Սեւանա լճից հավելյալ ջրառ ենթադրող օրենքի նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։ «Կողմ» էր քվեարկել 65, «դեմ»՝ 18 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկեց կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում է Սեւանից հավելյալ ջրառ։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ