Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում այլեւս իրավիճակ է փոխվել, եւ նման ոճով ու տոնով խոսել պատգամավորների հետ չի ստացվելու»․ Ղազինյան

Օգոստոս 17,2021 18:50

«Մեծամիտ, ամբարտավան ելույթ էր՝ բարձր տոնով։ Նա գործադիրի առաջին ներկայացուցիչն է, որ նորընտիր ԱԺ-ում ելույթ է ունենում։ Բովանդակային, թվերով հաշվարկված հարցեր հնչեցին, մինչդեռ նա ոլորտին չէր տիրապետում, պատասխաններ չտվեց»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Նրա խոսքով՝ հատկապես նման կարեւոր ոլորտները պետք է մասնագետներին վստահվեն․ «Կարեն Սարգսյանը գործադիրի իր գործընկերներին պետք է տեղեկացնի, որ ԱԺ-ում այլեւս իրավիճակ է փոխվել, եւ նման ոճով ու տոնով խոսել պատգամավորների հետ չի ստացվելու»։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքից Թադեւոս Ավետիսյանը, դիմելով ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին, նրան մեղադրել էր վատ կառավարման եւ իշխանությանն արդարացնելու համար ու ասել էր՝ «հիմա Հադրութն ու Շուշին հայկական չեն․ եթե մի օր Սեւանը չեղավ, ումի՞ց ենք ջուր վերցնելու»։

Կարեն Սարգսյանն էլ ընդդիմադիր պատգամավորներին վրդովված տոնով նախատել էր․ «Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ՝ Սեւան ծախո՞ղ»։  «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ իր հերթին նշեց․ «Ցավում եմ, որ ԱԺ ամբիոնից գործադիրի պաշտոնյան իրեն թույլ տվեց նման վարքագիծ։ Կոնկրետ մասնագիտացում պահանջող պաշտոնին նշանակված է այլ կարգավիճակ ունեցող անձ։ Ենթադրենք, որ ջրային ռեսուրսը վստահվել է մարզական լրագրողի մասնագիտացում ունեցող անձի։ Դրանից ջրային կառավարումն ի՞նչ վիճակում կլինի։ Հարցերին պատասխաններ չեն հնչում։ Չգիտես ինչու, Կարեն Սարգսյանը որոշեց նաեւ քաղաքական ելույթ ունենալ»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում է Սեւանից հավելյալ ջրառ։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։

Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031