ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին 2021թ. հունիսի 7-ին հարկադրել է ՀՀ ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը՝ 2021թ. հունիսի 8-ին, Գորիս համայնքում դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքին, ապահովել 80 անձի մասնակցություն:
Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի բնակիչների հետ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում հայտնել է համայնքի պատրաստակամությունը սոցիալապես անապահով անձանց կարիքները հոգալու հարցում՝ նշելով, որ ցանկացողները կարող են դիմումներ ներկայացնել համայնքի ղեկավարին:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի և դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի օգտին հնարավորինս առավելագույն քվե ապահովելու և քարոզարշավի ընթացքում նույն դաշինքի ժողովներին, հանրահավաքներին անձանց թվաքանակի առավելագույն մասնակցություն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը, համաձայնություն են ձեռք բերել համայնքապետարանի «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամների հետ՝ իրենց վստահված համայնքի բյուջեի միջոցները Գորիս համայնքի իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելով դրամական աջակցություն տրամադրելով վատնելու շուրջ: Գորիս համայնքի ղեկավարը և տեղակալը, բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիսին, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի 115 բնակիչներից ընդունել են տարբեր պատճառաբանություններով և գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը և հանձնաժողովի անդամները ներկայացված 115 դիմումները չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:
Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, 2021թ. հունիսի 9-ին կայացրել է հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած՝ Գորիս համայնքի նշված 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի՝ համայնքի բյուջեից ելքագրված 6.130.000 ՀՀ դրամից 3.630.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 61 բնակչի, որոնք, ըստ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի, չեն հանդիսացել դրամական աջակցություն ցուցաբերելու շահառուներ, այսինքն՝ գտնվել են սոցիալապես ոչ անապահով վիճակում կամ ունեցել են հարկային պարտավորություններ համայնքի բյուջեի նկատմամբ, որոնք ակնհայտ բացառող հանգամանքներ են եղել նշված անձանց դրամական աջակցություն տրամադրելուն:
Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալել: Այդ նպատակով վարչական շրջանի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալի հանձնարարությամբ և գիտությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամով վարձակալել է համայնքի բնակչին պատկանող տարածքը:
Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը վարչական շրջանի ղեկավարից պահանջել է վարձավճարը, համայնքի ղեկավարի տեղակալը նշված գումարի վճարումը կատարելու համար, առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Տեղակալի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակչից 2021թ. հուլիսի 2-ին ընդունել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո տեղակալը, հանդես գալով համայնքի ղեկավարի անունից, 2021թ. հուլիսի 2-ին որոշում է կայացրել և բնակչին տրամադրել 100.000 ՀՀ դրամ:
2021թ. օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին