Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել

Օգոստոս 17,2021 17:41

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսաղուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վերջինիս թիմի անդամները համագործակցել են Բաքվի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայից ու Ադրբեջանից ստացել են 48 միլիոն ԱՄՆ դոլար և նշված գումարով 2018թ.-ին ՀՀ-ում հեղափոխություն իրականացրել: Այդպիսով Գ. Իսաղուլյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ ըստ էության մեղադրել է առանձնապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ՝ կատարելով սուտ մատնություն:

Բացի այդ, նույն ասուլիսի ժամանակ Գ. Իսաղուլյանը հայտնել է, թե իբր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ: Այսինքն` գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, Գ. Իսաղուլյանը հարցազրույցի ընթացքում հայտնել է ևս մեկ չկատարված հանցագործության մասին` այդպիսով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ:

Այնուհետև Գ. Իսաղուլյանը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին  «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ, դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝ այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Բացի այդ, Գ. Իսաղուլյանը հրապարակային՝ հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Youtube» ինտերնետային կայքէջում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված տեսանյութում դիտավորությամբ հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր՝ նշելով, որ ՀՀ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնողը պետք է ստանա ազգային հերոսի կոչում և 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար: Գ. Իսաղուլյանը միաժամանակ հավաստիացրել է, որ Նիկոլ Փաշինյանին վնասելը հակաօրինական գործողություն չէ՝ այդ կերպ հրապարակայնորեն արդարացնելով նաև նման բռնությունը:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երեք դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրանիկ Վերանյան says:

    Նորից ոչ ադեկվատ մոտեցում: Կներեք:
    Կարծում եմ սույն պարոնին մեղադրանք չէ որ պիտի առաջադրվի:
    Այս դեպքը կարիք ունի լուրջ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ (թեպետ ակնհայտ է, որ իր խնդիրները հիմնականում կապված են հոգեկան շեղումների, ինչպես նաև ուղեղի գորշ նյութի՝ ավելի ճիշտ այդ նյութի իսպառ բացակայության հետ) !!! Մարդասեր եղեք! Չի կարելի հիվանդ մարդուն իրավական գործընթացներում ընդգրկել, իսկ այ քաղաքական գործընթացներում՝ խնդրեմ: Կամ բուժեք, կամ տարեք ԱԺ: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031