«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն (լուսանկարում) այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ միջնորդություն է ներկայացրել դատարանին եւ ինչու։
Հիեցնենք, որ փաստաբանն այսօր միջնորդություն ներկայացրեց եւ պահանջեց դատարանից դիմել ՍԴ՝ Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ օրենսդրական բացի մասին հստակ պարզաբանում ստանալու համար։
«Այս պահին դատաքննության փուլն է, ամբաստանյալներից մեկը՝ Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավոր է, ինչը նշանակում է, որ Սահմանադրությամբ օժտված է համապատասխան անձեռնմխելիությամբ։ Միջդատական վարույթում կա կառուցակարգ եւ ընթացակարգ՝ անձեռնմխելիությունը հաղթահարելու, այսինքն՝ գլխավոր դատախազը միջդատական վարույթում, եթե կա խնդիր պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու, դիմում է ԱԺ եւ համապատասխան թույլտվություն է ստանում քրեական հետապնդում հարուցելու եւ անձին ազատությունից զրկելու համար։ Դատական քննության փուլում մենք ասում ենք, որ առկա է օրենսդրական բաց այն տեսանկյունից, որ չկա այն սուբյեկտը, որը պետք է դիմի անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար»,-պարզաբանեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ օրենսդրական բացի առկայության պայմաններում այդ հարցը կարող է լուծել ՍԴ-ն, որը պետք է պատասխանի հետեւյալ հարցերին՝ արդյո՞ք քրեական դատավարության օրենսգրքի 31, 35 հոդվածները համապատասխանում են Սահմանադրության 96 հոդվածին․ «Մեր խնդիրն է՝ դատական քննության փուլում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման պայմաններում հասկանալ՝ արդյոք չկա՞ խնդիր քրեական հետապնդումն իրականացնելու կապակցությամբ, որովհետեւ քրեական հետապնդում չպետք է հասկանանք նեղ իմաստով՝ միայն գործի հարուցուվ, պետք է հասկանանք լայն իմաստով՝ որպես դրա իրականացում։ Հետեւաբար, այդ խնդիրը ոչ միայն մենք ենք տեսնում, այդ խնդիրը տեսնում է նաեւ դատարանը եւ այդ հանգամանքն արձանագրել է հունիսի 29-ի նիստում»։
Կարդացեք նաև
Էրիկ Ալեքսանյանի մեկնաբանմամբ՝ եթե ՍԴ-ն գտնի, որ կա խնդիր, ապա օրենսդիր մարմինը օրենսգրքում պետք է փոփոխություն կատարի, այդ դեպքում օրենքը հետադարձ ուժ է ունենում եւ տարածվելու է այս գործի վրա։
Փաստաբանի խոսքով՝ անկախ նրանից՝ «Հայաստան» դաշինքը դիմե՞լ է ՍԴ, թե՞ նոր պետք է դիմի, եթե դատարանը տեսնում է սահմանադրականության հետ կապված խնդիր, ապա ունի սահմանադրական պարտականություն՝ դիմելու ՍԴ՝ առկա կասկածները փարատելու համար, պարզելու՝ այդ նորմերը կիրառելու խնդիր կա՞, թե՞ ոչ։ «Եթե դատարանը չդիմի ՍԴ, ապա չեմ կարող ասել՝ պաշտպանության կողմը ինչ կձեռնարկի, բայց մի բան հստակ է՝ եթե դատարանը չդիմի ՍԴ, կնշանակի, որ դատարանն այլեւս չի տեսնում այն խնդիրը, որը տեսել է նախկինում, այստեղ լինելու է դատարանի օբյեկտիվության եւ անաչառության վերաբերյալ հարցը»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱԱՆ