Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրապահանջարկը մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր է․ ցորենի աշնանացանի ծավալը կավելանա»․ ՋԿ նախագահ

Օգոստոս 17,2021 18:12

«Բնապահպաններն ահազանգում են, որ ջրառի գերազանցումը նշանակում է խախտել Սեւանի հաշվեկշիռը։ Դուք նման հաշվարկ արե՞լ եք։ Բացի այդ, երբ ասում եք, որ ջրառը լինելու է մինչև 245 մլն մ³, ավելի կոնկրետ որքա՞ն։ Ի վերջո, որքա՞ն հավելյալ ջուր եք վերցնելու»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին հարցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Մեր կանխատեսումներով՝ ջրապահանջարկը մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր է։ Իսկ բնապահպանների ահազանգի առնչությամբ պետք է դիտարկել, որ հունիսին շոգ պայմաններ էին, եւ տասն օրում ջրի մակարդակի 5 սանտիմետր նվազում է եղել, մինչդեռ ջրառը եղել է 0,5 սանտիմետր։ Մեր հաշվարկներով՝ աշնանացան ցորենի ծավալները կմեծանան»։

Թովմասյանն արձանագրեց՝ հասկանալի է, որ գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր է պետք, բայց վերահսկողությունն էլ է կարեւոր․ «Ձեր պաշտոնը զբաղեցնող նախորդ անձը հայտարարում էր, որ տարվա ընթացքում 70% ջրի կորուստ կա»։ Կարեն Սարգսյանը նշեց․ «Չգիտեմ, թե ում մասին է խոսքը, չեմ կարող մեկնաբանել։ Իմ աշխատած ժամանակահատվածում ոռոգելի հեկտարներն ավելացել են»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ  ընդունեց կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում է Սեւանից հավելյալ ջրառ։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031