Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավոր Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության հարցով պետք է դիմել ՍԴ․ պաշտպան

Օգոստոս 17,2021 16:45

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց եւ պահանջեց դատարանից դիմել ՍԴ՝ Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ օրենսդրական բացի մասին հստակ պարզաբանում ստանալու համար։

Փաստաբանը հիշեցրեց՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն խորհրդարանի թույլտվությամբ, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը երաշխավորված է ինչպես գործառութային, այնպես էլ՝ անձնական անձեռնմխելիությամբ․«Բայց կարգավորում առկա չէ՝ հին կամ նոր քրեական հետապնդման վերաբերյալ։ Օգտագործվում է հետապնդում եզրույթը, ոչ թե նոր կամ հին հետապնդում»։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ փաստաբանը նախորդ նիստերին նշել էր «Հայաստան» խմբակցության՝ ՍԴ դիմելու մտադրության մասին, ուստի դատարանը կսպասի ՍԴ որոշմանը եւ այսօր չի քննարկի այդ հարցը։

Պաշտպանական կողմը նշեց՝ նման նախաձեռնություն կա, բայց հստակ որոշում չկա՝ կդիմե՞ն ՍԴ, թե՝ ոչ։ Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատավորին, ասաց․«Արդյո՞ք ճիշտ հասկացա, որ դուք պատրաստ էիք ուսումնասիրել հարցը, բայց եթե դատարանը դրա մեջ խնդիր է տեսնում, դա չպետք է կապվի դաշինքի՝ ՍԴ դիմելու հետ։ Եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա ես պատրաստ եմ միջնորդություն ներկայացնել»։

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հիշեցրեց՝ դատարանը պետք է դիմի ՍԴ, եթե կասկածներ ունի նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ․«Այսօրվա դատական նիստում տպավորություն է, թե դատարանի կողմից կան որոշակի վերապահումներ կապված անձեռնմխելիության հաղթահարման հետ, հետեւաբար, դատարանը պետք է դիմի ՍԴ եւ կասեցնի գործի վարույթը»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկեց միջնորդությանը, նա նշեց, որ քրեական հետապնդման հարուցումը բացահայտված է Քրեական դատավարության օրենսգրքով, քրեական հետապնդման տակ գտնվող անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն չկա․ «Այսինքն, երբ անձի հանդեպ արդեն իրականացվում է քրեական հետապնդում, ԱԺ դիմելու եւ անձեռնմխելիության հարցի քննարկման կարիք չկա։ Այս միջնորդությունը վերաբերում է սահմանադրական նորմի մեկնաբանմանը, որն արդեն իսկ իրականացվում է, ուստի ՍԴ դիմելու հիմքեր չկան»։

Արմեն Գեւորգյանն էլ առաջարկեց՝ եթե դատարանում կան կասկածներ, իսկ արդեն երկու ամիս է այդ կասկածները քննարկվում են, եւ կասկածները փարատող միակ մարմինը կարող է լինել Սահմանադրական դատարանը։

Այս միջնորդության քննությունը դատարանը հետաձգեց, քանի որ, ինչպես դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց՝ դատարանին պարզ չէ, թե ՍԴ-ում ներկայումս ինչ հարց է քննարկվում․«Նախորդ դատական նիստում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ ՍԴ դիմում է ներկայացրել այն հարցի վերաբերյալ, որը ներկայումս առաջ է քաշվում միջնորդությունում, այսօրվա դատական նիստում նշվեց, որ դա վրիպակ է, Ռոբերտ Քոչարյանն այլ տեղեկությունն է ներկայացրել»։

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին։

Արմեն Գեւորգյանը դատարանին խնդրեց դատական նիստը չնշանակել ԱԺ նիստի նույն օրը, հատկապես որ դատարանն անցած անգամ իր բացակայությունը հարգելի չէր համարել։ Պարոն Գեւորգյանն ասաց, որ հնարավոր է, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում քննարկվի կառավարության ծրագիրը։ Սակայն դատավորն ասաց՝ Արմեն Գեւորգյանը կարող է մի քանի ժամով բացակայել ԱԺ նիստից, եւ եթե պարոն Գեւորգյանը ԱԺ-ում ելույթ է նախատեսում, ապա դատավորն առաջարկեց այն հետաձգել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031