Ադրբեջանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «օկուպացված տարածքներում» ոսկու հանքերը շահագործած միջազգային ընկերությունների դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ:
«Մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերություններ, որոնք հայցեր են նախապատրաստում: Օտարերկրացիներն անօրինական կերպով շահագործել են Սոյուդլուի (Քարվաճառ-խմբ.) և Վեժնալիի (Կովսական-խմբ.) և մեր մի շարք այլ հանքավայրեր: Այդ ընկերություններն իմացել են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, բայց արհամարհել են այդ փաստը և հիմա պատասխան կտան»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ եթե այդ ընկերությունները ցանկանում են խուսափել պատասխանատվությունից, ապա պետք է փոխհատուցեն Ադրբեջանին հասցրած վնասը:
Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի սահմանին կատարվում են պետական սահմանի ամրացման ակտիվ աշխատանքներ, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, տեղակայվում են զորամասեր: Մինչև ձմռան սկիզբ նախատեսվում է ավարտել Հայաստանի սահման տանող ավտոճանապարհների շինարարության 80%-ը: Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 700կմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ