Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ՝ Սեւան ծախո՞ղ»․ Կարեն Սարգսյանը վրդովված նախատեց ընդդիմադիր պատգամավորներին

Օգոստոս 17,2021 15:18

Սեւանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջրառ ենթադրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքից Թադեւոս Ավետիսյանը, դիմելով ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին, նրան մեղադրել էր վատ կառավարման եւ իշխանությանն արդարացնելու համար ու ասել էր՝ «հիմա Հադրութն ու Շուշին հայկական չեն․ եթե մի օր Սեւանը չեղավ, ումի՞ց ենք ջուր վերցնելու»։

Իր ելույթում Կարեն Սարգսյանը վրդովված պատասխանեց․ «Սեպտեմբերի 28-ից եղել եմ ռազմի դաշտում։ Նոյեմբերի տասներեքին նոր հետ եմ եկել։ Այն ժամանակ, երբ դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետեւ երկու ճանապարհներն էլ ռմբակոծվում էին, իմ անձնական մեքենայով վիրավորների ու զոհվածների էի հանում Քարվաճառից։ Էս ի՞նչ հանձնելու մասին եք խոսում․․․հիմա էլ՝ Սեւանը հանձնելու․․․»։ Տեղից «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ինչ-որ բան ասաց, որը լսելի չէր, ինչին ի պատասխան Կարեն Սարգսյանը նշեց․ «Ինքն իրավունք չունի առանց ինձ ճանաչելու նման բաներ ասել»։

 

Դահլիճում աղմուկ բարձրացավ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել։ «Ես որեւէ մեկի չեմ վիրավորում, ինձ են վիրավորել»,-զայրացած ասաց Կարեն Սարգսյանը եւ շարունակեց,-«չմոռանաք, որ առաջին պատերազմում կորցրել եմ հորեղբոր տղա, իսկ այն դիվերսանտները, որոնց հանձնեցինք, որ մեր գերիները հետ գան տուն, եղբորս՝ մայոր Աբրահամյանին սպանողներն էին։ Բայց մենք համաձայն ենք եղել, որ մեր գերիները տուն գան։ Այս պատերազմում էլ հորեղբորս թոռն է զոհվել․․․այդ ինչի՞ մասիք եք խոսում, սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ Սեւան ծախո՞ղ»։

Կարեն Սարգսյանը նաեւ դիմեց «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին, որն այսօր մանպուլյացիայի մասին էր հայտարարել, ու մեղադրեց, որ իրական մանիպուլյատորը հենց ինքն է․ «Նկարած թվեր եք ունեցել, որ ջուր վերցնեք, իսկ ես իրական թվերն ունեմ»։

Ապա «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը ԱԺ նախագահությանը հորդորեց Կարեն Սարգսյանին տեղեկացնել, թե ինչպես է պետք խոսել պատգամավորների հետ․ «Որեւէ մեկը կասկածի տակ չի դրել զոհվածների փաստը, փառք ու պատիվ նրանց, բայց նման հռետորաբանությունն ԱԺ դահլիճում անընդունելի է»։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ բոլորին էլ կոչ է անում կոռեկտ լինելու։

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանն էլ նկատեց՝ Կարեն Սարգսյանը պետական պաշտոնյա է, ոչ թե քաղաքական գործիչ, մինչդեռ նա քաղաքական ելույթ ունեցավ, իսկ մասնագիտական հարցերին չպատասխանեց։ Դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, Կարեն Սարգսյանը տեղից բղավում էր։ Ռուբինյանն արձանագրեց՝ որոշ պետական պաշտոնյաներ նաեւ քաղաքական գործիչներ են, եւ անձն ինքն է որոշում, թե ինչ ելույթ ունենա։ «Հայաստան» դաշինքից Արմենուհի Կյուրեղյանն էլ հայտարարեց՝ Կարեն Սարգսյանը չուներ մասնագիտական հարցերի պատասխանները, այդ պատճառով բորբոքված ելությով ամբիոնի մոտ թատրոն սարքեց, որ խուսափի պատասխաններ հնչեցնելուց։ Արծվիկ Մինասյանն էլ Կարեն Սարգսյանին ասաց․ «Դուք դեռ շատ հեռու էիք եւ եսիմ որտեղ էիք, երբ ես տիրապետում էի այս ամենին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031