Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Օգոստոս 17,2021 14:49
tatev

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2018-2020 թթ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի հաշվեկշռում առկա էքսկավատորը, ժամը 15-ից՝ 20 հազար դրամով, 100 օր տրամադրել է այլ պետությունում գրանցված մի կազմակերպության, իսկ ստացած 14 միլիոն 400 հազար դրամը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե ու յուրացրել է, ինչպես և վատնել է էքսկավատորի աշխատանքի համար հատկացված և համայնքապետարանին պատկանող 6400 լիտր դիզվառելիքը։ Պարզվել է նաև, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020 թվականի ամռանը նշված տեխնիկան շահագործել է իր անասնագոմի կառուցման ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել ու ծախսվել 400 լիտր դիզվառելիք, ինչպես և համայնքապետարանի բյուջե չի վճարվել էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված 500 հազար դրամը։

Պարզվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Տաթև համայնքի Հալիձոր, Շինուհայր ու Տաթև բնակավայրերում գործող, համայնքապետարանում որպես բնակելի տներ ու տնամերձ հողամասեր հաշվառված երեք տասնյակից ավելի հյուրանոցների, այդ թվում՝ իր հյուրանոցի, որպես անշարժ գույքերի գործառնական նշանակությունը փոխելու և համապատասխան հարկերն ու տուրքերը գանձելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2011-ից 2015 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին»  ՀՀ օրենքի դրույթները և կեղծ աճուրդների միջոցով իր ընտանիքի անդամների ու մտերիմների անվամբ օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տասնյակ հողամաս։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031