Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը` ՌԴ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ՌԴ-ում գիտության և տեխնոլոգիայի տարվա և Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակի կապակցությամբ անցկացնում է ռուսաց լեզվի մրցույթ, որը նախատեսված է 18-35 տարեկան ուսանողների, երիտասարդ գիտնականների և մասնագետների համար՝ այդ թվում Հայաստանից:
Օգոստոսի 17 -ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Բիշքեկ-Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր -Սուլթան տեսակամուրջին, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում միջազգային հումանիտար հետազոտությունների և երիտասարդական նախաձեռնությունների աջակցման մրցույթին, Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան նշեց, որ մրցույթի նպատակն է աջակցել նրանց, ովքեր իրենց գիտական, հետազոտական, դասախոսական աշխատանքում նախընտրում են ռուսաց լեզուն, ռուս բանասիրությունը եւ ռուս գրականությունը:
«Մեզ համար, որ ԱՊՀ-ում բազային հաստատություն է համարվում՝ ռուսաց լեզվի դասավանդման առումով, սա առաջնահերթություն է, որովհետեւ հասկանում ենք, որ իբրեւ բուհ, իբրեւ ռուսաց լեզվի դասավանման կենտրոն, ռուսախոս համայնքի պահպանության, ռուսերեն դասավանդող կադրերի պատրաստման խնդիր է լուծվում: Այստեղից էլ մրցույթն անցկացնելու գաղափարը, դրամաշնորհները մեր կենտրոնի հիմնադիր Վիտալի Գրիգորեւիչ Կոստոմարովի անունով են, որը քաջ հայտնի է ռուսախոս աշխարհին: Քանի որ մրցույթն առաջին անգամ է անցկացվում, հարմար գտանք ոչ թե մեկ նոմինացիա սահմանել՝ գիտական նախագիծ եւ հետազոտություն, այլեւ մեկ նոմինացիա էլ ավելացնել՝ լուսավորչական աշխատանքների գծով»,-ասաց Մարգարիտա Ռուսեցկայան: Նա տեղեկացեց, որ արդեն 100 հայտ են ստացել, որոնց կեսը ՌԴ-ից է, սակայն ԱՊՀ մյուս երկրներից էլ են բազմաթիվ հայտեր ստացվել:
Հեռուստակամուրջի մասնակիցները, ի թիվս այլնի, ներկայացրին, թե ինչպես է մրցույթը նպաստում միջազգային երիտասարդական քաղաքականության զարգացմանը, ինչո՞ւ պետք է պահպանվի ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությունը:
Բելառուսի ԳԱԱ Յանկա Կուպալայի անվան գրականագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Համագործակցության աստղեր» ԱՊՀ միջպետական մրցանակի դափնեկիր Իվան Սավերչենկոն կարեւորեց մրցույթի անցկացումը եւ ասաց, որ իրենց երիտասարդությանն անպայման կուղղորդեն դեպի այս մրցույթը:
ՀՀ-ից միջնակարգ դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Լիլյա Բալասանյանը նշեց, որ Մոսկվայի տունը Երեւանում ամեն ինչ արել է ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին, ռուսաց լեզու դասավանդողներին մրցույթի մասին իրազեկելու համար:
«Հայաստանի համար ռուսաց լեզուն մայրենի չէ, բայց նաեւ օտար չէ: Ռուսաց լեզուն դասավանդվում է բոլոր բուհերում, դպրոցների 2-12-րդ դասարաններում, այն մեզ համար պահանջված լեզու է»,-ասաց նա: Նաեւ առաջարկեց հաջորդ անգամ մրցույթն աշնանն իրականացնել, որպեսզի ավելի շատ մասնակիցներ ներգրավվեն: Տիկին Բալասանյանն ընդգծեց, որ բուհերն ու դպրոցները կարիք ունեն նման մրցույթների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ