Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հրաժարվո՞ւմ է Շուշիից եւ Հադրութից. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 17,2021 14:09

Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամ է, որի պատճառը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն է, որում ընդհանուր կետերով սահմանված է ընդհանուր իրավիճակը, իսկ անհրաժեշտ մեխանիզմներ ապահովված չեն. այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում հայկական կողմը երկու զոհ ունի, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս իրավիճակի երկրորդ պատճառն էլ այն է, որ հետպատերազմյան իրավիճակում, Հայաստանի սահմաններին անվտանգության ապահովման անհրաժեշտ եւ պատշաճ միջոցառումներ հայկական կողմը չի ձեռնարկել:

«Սա նաեւ խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացը, որը սկիզբ է առել նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, չի գնում այն ուղղությամբ, որը նախանշված է եղել հետպատերազմյան ժամանակահատվածում: Ադրբեջանն այս ընթացքում հանդես է եկել նոր առաջարկություններով, որոնք պարտադրանք են թվում եւ նոր կորուստներ են ենթադրում, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը գնում է սահմանային լարվածության հրահրման: Մենք այսօր պետք է նաեւ արձանագրենք, որ, բացի հայկական հենակետերի տարբեր ուղղություններով հրահրումներից, մենք այսօր ունենք նոր մակարդակ. Ադրբեջանը կրակ է բացում բնակավայրերի ուղղությամբ, ինչն ավելի է խորացնում ճգնաժամը»:

Իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել էր ՌԴ-ին`«պարտության հետ հաշտված» Հայաստանին զենք մատակարարելու համար, իսկ պաշտոնական Երեւանը չի արձագանքել այս հայտարարությանը: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի սպառազինումը չի վտանգում հարեւանների անվտանգությանը եւ հարց հնչեցրեց`արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Շուշիից եւ Հադրութից: Բանախոսն արձանագրում է, որ բանակցային գործընթացի նման իրավիճակն էլ`նոյեմբերի 9-ից հետո անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չձեռնարկելն է հայկական կողմից: Նա ակնհայտ է համարում մեկ բան, որը սպառնալիք է`բանակցությունները մեկ փաթեթով չեն ընթանում: Խոսքը Արցախի կարգավիճակի մասին է, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, ճանապարհների ապաշրջափակման: ՀՀ-ի եւ Արցախի ամուր դիրքավորվելու միակ գործոնն, ըստ Տիգրան Աբրահամյանի, բանակի եւ զինված ուժերի արդիականացումն է եւ անվտանգային միջոցառումների ապահովումը`անկախ նրանից թե ինչ ուղղությամբ զարգացոմները կգնան:

Մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031