Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոռոգման ջուրը որպես ընտրակաշառք օգտագործվեց»․ ընդդիմադիրները կասկածներ ունեն

Օգոստոս 17,2021 13:12

«Խնդրից շատ լավ տեղյակ եմ։ Երբ բանը հասնում է այս վիճակին, կանգնում ենք Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու հարցի առաջ։ Իսկ ինչո՞ւ ենք հասնում ենք այդ վիճակին։ Ընդ որում, խնդիրն ամեն անգամ պատճառաբանվում է տեղումների բացակայությամբ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այս տարի աշխարհացունց հայտարարություններ էր անում աննախադեպության մասին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը  կլինի վերջին 60 տարում։

Արծվիկ Մինասյանը հարցադրում արեց՝ ո՞րն է պատճառը, որ մեծ հնարավորությունների դեպքում նորից կանգնել ենք Սեւանից հավելյալ ջրառ անելու խնդրի առաջ․ «Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրությունները։ Հունիսի դրությամբ ունեցել ենք 31 միլիոնից բացթողում ավելի, քան նախորդ տարի էր։ Սա ի՞նչ է՝ հանրային, պետական միջոցների փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթացի համար։ Եվ հետո, երբ ասում եք, թե հետագայում բացառելու եք Սեւանից ջրի բացթողումը, ուրեմն Սեւանը ճահիճ կդարձնեք։ Հուսամ՝ լեզվի սայթաքում էր, այլապես հնարավոր չէ Սեւանից առհասարակ ջուր բաց չթողնել: Երեւի լրացուցիչ ջրի բացթողում նկատի ունեիք»։

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանն էլ կարծիք հայտնեց, որ այս ընտրություններում ոռոգման ջուրն օգտագործվել է որպես ընտրակաշառք։ Մամիջանյանը նաեւ նշեց՝ մամուլում առկա են տեղեկություններ ոռոգման համակարգի մասնավորեցման մասին․ «Այն կազմակերպությունը, որին հանկարծ կտրվի նման հնարավորություն, կունենա կիսաֆեոդալական կարգեր՝ գյուղատնտեսների համար։ Ջրային կոմիտեի նախագահին հորդորում եմ փարատել կասկածները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031