Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկա՞ր եք պաշտոնավարելու»․ Գեղամ Մանուկյանը՝ ջրային կոմիտեի նախագահին

Օգոստոս 17,2021 13:01

«Որպեսզի պարզ դառնա, թե կառավարության վերաբերմունքն ինչպիսին է ջրային ոլորտի հանդեպ, նշեմ, որ ջրային կոմիտեի նախագահ նշանակվել է 2018թ․-ի հուլիսին, ազատվել՝ 2019թ. փետրվարին։ Մյուսը նշանակվել է 2019թ․ մարտին, 2020թ․ փետրվարին՝ ազատվել։ Դուք այդ պաշտոնը զբաղեցնում եք 2020թ․ փետրվարից։ Այնքանով եք առնչվում այդ պաշտոնին, որ 2019թ․-ին առաջին անգամ ՋՕԸ-ի փոխտնօրեն եք աշխատել մի քանի ամիս։ Ձեզ որ մնար՝ մարզի ՋՕԸ-ի փոխտնօրենին կնշանակեի՞ք ջրային կոմիտեի նախագահ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նախագահ Կարեն Սարգսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Այո, կնշանակեի։ Հիմա մի քանի ցուցանիշ կասեմ իմ աշխատած ժամանակահատվածի մասին, որ նման հեգնանքով չմոտենաք մեր նշանակումներին։ Նախորդ տարի կազմակերպել ենք այնպիսի աշխատանք, որ ունեցել ենք 40 միլիոն խորանարդ մետր ջրի կորուստների նվազում։ Ոռոգման համար նախատեսվելիք 13 միլիարդ դրամից 2,7 միլիարդ դրամի խնայողություն ենք ունեցել»։ Մանուկյանը նաեւ հետարքրքվեց՝ երկա՞ր եք պաշտոնավարելու, որովհետեւ տեղեկություններ կան, որ մարզպետ եք նշանակվելու։ Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Ոնց կորոշի մեր ղեկավարը»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է  դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031