Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի կյանքից զրկելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ-ը հիմնավորումները կուղարկի միջազգային կառույցներին

Օգոստոս 17,2021 12:30
zinvor

Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար:

Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1.ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2.2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).

3.պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.

4.զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5.գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.

6.հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի  և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:

Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին:

Արման ԹԱԹՈՅԱՆ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031