Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային կոմիտեի նախագահին հիշեցրին Փաշինյանի խոսքերը՝ «դադարեք Սեւանին որպես ջրի տարա» վերաբերվել

Օգոստոս 17,2021 12:26

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անում. օրակարգում է կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն  նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը  կլինի վերջին 60 տարում։

«Սեւան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետեւանքով առաջացել է տարեկան պլանավորվածի հանդեպ 97, 53 միլիոն մետր խորանարդի ջրի դեֆիցիտ, որը լրացվել է Սեւանից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների եւ մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին»,-հայտարարեց ՀՀ կառավարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը ստացել է ԳԱԱ-ի փորձագիտական դրական եզրակացությունը։

«Քաղաքացիական պայմանագրից» Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ այս նախագծի արդյունքում ենթադրվո՞ւմ է, որ 31 000 հեկտար հողատարածք մշակող քաղաքացիներն այլեւս ոռոգման ջրի խնդիր չեն ունենա։ «Այո, կարողանալու ենք ջրամատակարարում իրականացնել։ Այդ ոռոգելի տարածքները ջրի խնդիր չեն ունենա»,-պատասխանեց Կարեն Սարգսյանը։

«Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը Կարեն Սարգսյանին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հետեւյալ խոսքերը՝ «դադարեք Սեւանա լճին վերաբերվել որպես ջրի տարա»։ Սարգսյանն արձագանքեց․ «Սեւանից բոլոր կառավարությունների ժամանակ հնարավորություն է եղել հավելյալ ջրառ իրականացնելու գյուղատնտեսության համար։ 2008-14թթ․ 303 միլիոն խորանարդ մետրով է ջրառ իրականացվել։ Քանի դեռ գյուղատնտեսության համար ստեղծված չեն դեֆիցիտը լրացնելու հնարավորություններ, դիմելու ենք Սեւանի օգնությանը։ Բայց կառավարությունը գյուղատնտեսության փրկության ծրագիր ունի՝ ջրամբարաշինությունը, որի արդյունքում կմոռանանք Սեւանից ոռոգման ջուր վերցնելու մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031