Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով։
Նիստի մեկնարկին «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Մենք առաջարկում ենք փակ կամ բաց քննարկում կազմակերպել պատասխանատու անձանց մասնակցությամբ՝ հաշվի առնելով այն, որ սահմանային իրավիճակի մասին իրարամերժ տեղեկություններ են գալիս։ Իմանանք, ժողովրդի մտահոգությունը փարատենք»։
«Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թեւանյանն էլ հավելեց․ «Օրակարգային հարցը կարեւոր է, բայց անվտանգային հարցեր էլ կան։ Ալիեւը կոշտացրել է իր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի, սահմանագծման եւ սահմանազատման հարցերում։ Նա ՀՀ-ից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ներառում է նաեւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Նա այնքան է հեռուն գնացել, որ Մոսկվայից պահանջում է զենք չմատակարարել ՀՀ-ին։ Տարակուսելի է, որ ՀՀ-ն չի արձագանքում նման հայտարարություններին։ Սա անթույլատրելի իրավիճակ է»։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց․ «Այս օրերին Աֆղանստանի դեպքերն աշխարհի կենտրոնում են, մինչդեռ ՀՀ-ից պաշտոնական արձագանք չկա։ Հարցական է նաեւ հայ խաղաղապահների՝ Աֆղանստանում գտնվելու հարցը»։ «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հայ խաղաղապահներն Աֆղանստանից ՀՀ են վերադարձել դեռեւս մարտին։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի առաջարկի առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կքննարկեն․ «Դեռ պետք է քննարկում ունենանք նաեւ մեր խմբակցությունում եւ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ