Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասում ձևավորվում է թուրք-ադրբեջանա-իսրայլական նոր առանցք. ինչ է ընկած ադրբեջանա-իսրայելական մերձեցման հետևում

Օգոստոս 16,2021 23:20

Օգոստոսի 2-ին Ադրբեջանն Իսրայելում բացեց առևտրի և զբոսաշրջության խթանման գրասենյակ, ինչը բազմաթիվ հետազոտողներ ընկալեցին որպես դեսպանատան նախերգանք: Այս իրադարձությունը մատնանշում է Ադրբեջան-Իսրայել գործակցության կոնսոլիդացիա՝ Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության համար պոտենցիալ հեռահար հետևանքներով: Այս մասին գրում է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբի քաղաքական խորհրդատու Էլդար Մամեդովը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ բացման արարողությունը տեղի ունեցավ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովի՝ Իսրայել իրականացրած այցի ընթացքում: Իր իսրայելցի գործընկերոջ հետ հանդիպմանը Ջաբարովն իր երկիրը ներկայացրել է որպես գրավիչ բիզնես ուղղություն իսրայելական ընկերությունների համար և նրանց հրավիրել է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ադրբեջանը մատակարարում է Իսրայելի կողմից գնվող նավթի մինչև 40%-ը: Նախքան կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ավելի քան 50 հազար իսրայելցի զբոսաշրջիկներ այցելում էին Ադրբեջան, ինչը նախորդ տարիների համեմատությամբ զգալի աճ էր:

Այնուամենայնիվ, որքան էլ տուրիզմը և առևտուրը մեծ հեռանկարներ ունենան այս երկու երկրների համար, նրանց հարաբերություններում միշտ կարևոր դերակատարություն են ունեցել աշխարհաքաղաքական հանգամանքները, կարծում է հոդվածագիրը:

Իսրայելի համար Ադրբեջանն առանցքային գործոն է իր «ծայրամասային ռազմավարության» վերջին տարբերակում, որը միտված է տարածաշրջանում իր թշնամիների, մասնավորապես Իրանի հավասարակշռմանը՝ այսպես կոչված չափավոր մուսուլմանական վարչակարգերի հետ կապեր հաստատելով: Որպես Իրանի հարևան, որը կիսում է Իսլամական Հանրապետության նկատմամբ անվստահությունը, Ադրբեջանը համապատասխանում է այդ կոնցեպտին:

Ադրբեջանի համար Իսրայելը ժամանակակից սպառազինության աղբյուր է, որն անցյալ տարի օգնեց հաղթել Հայաստանի դեմ պատերազմում, ինչպես նաև լոբբիստական ակտիվ Վաշինգտոնի ազդեցիկ շրջանակներում, որին հակառակ պարագայում դժվար կլիներ հասնել: Իսրայելը նաև իրեն հասանելի է դարձրել Բաքվի ռեժիմի համար՝ որպես ադրբեջանցի այլախոհներին նկատմամբ հսկողության տեխնոլոգիաների արժեքավոր աղբյուր:

Չնայած Ջաբարովը և ադրբեջանցի մյուս պաշտոնյաները իրենց հանրային ելույթներում սահմանափակվեցին խոսելով տուրիզմի և առևտրի մասին, իսրայելցի պաշտոնյաները շատ ավելի անզուսպ էին՝ ընդգծելով Բաքվի քայլերի ռազմավարական հարթությունը: Բաքվում Իսրայելի դեսպանը պարծենում էր, թե «Ադրբեջանի դրոշն այժմ ծածանվում է Իսրայելում»: Եվ երբ հայտարարվեց զբոսաշրջության գրասենյակի բացման որոշման մասին, Իսրայելի այն ժամանակվա ԱԳ նախարար Գաբի Աշկենազին երևույթը դասեց նույն շարքում, ինչ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերը»՝ վերջերս Իսրայելի հարաբերությունների կարգավորումը Սուդանի, Մարոկոյի Սուդանի, ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ:

Ադրբեջանը «Աբրահամյան երկրների» ցանկին ավելացնելը, սակայն, մոլորեցնող է, շարունակում է հոդվածագիրը: 1991թ. Խորհրդային Միությունից հետո անկախ պետություն դառնալուց ի վեր Բաքուն սերտ հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Երկու տարի անց Իսրայելն իր դեսպանատունը բացեց Բաքվում, մինչդեռ Բաքուն ձեռնպահ մնաց փոխադարձությունից` վախենալով օտարվել մուսուլմանական աշխարհից, որի աջակցությունը նրան անհրաժեշտ էր Հայաստանի հետ իր հակամարտությունում: «Այժմ, երբ ազատագրել է իր գրավված հողերը, այնուամենայնիվ, Բաքուն կարող է ավելի քիչ մտահոգություններ ունենալ Երուսաղեմի հետ պաշտոնական հարաբերությունների խորացման հարցում»,- գրում է Մամեդովը:

Մեկ այլ գործոն, որ բացատրում է Բաքվի ընտրած որոշման ժամանակը, նրա հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի նախնական քայլերն են թուլացնել լարվածությունն Իսրայելի հետ: Անկարան կարող է Երուսաղեմի հետ կապերի բարելավումը դիտել որպես Բայդենի վարչակազմի բարեհաճությունը շահելու միջոց, որի հետ դժվար ժամանակներ է ապրում: Բացի այդ, քանի քաղաքական իսլամի դիրքերը Թուրքիայում նահանջում են, իսկ կոնսերվատիվ ազգայնականությունը գնալով դառնում է գերիշխող, Իսրայելին դիմակայելը կորցնում է իր գաղափարական գրավչությունը:  Դա բացատրում է, թե ինչու է Թուրքիայի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնել շտկել հարաբերությունները Գազայի վերջին ճգնաժամից հետո այդքան շուտ: Անկարան գուցե չափազանց ոգևորված չէ Երուսաղեմի հետ Բաքվի սերտ հարաբերություններից, սակայն Կովկասի համատեքստում դա համատեղելի է ընկալվում Թուրքիայի ուժային նախագծի հետ:

Այս տեղաշարժերի ընթացքում Ադրբեջանը դիվանագիտական ​​հնարավորություն է զգում, շարունակում է Մամեդովը: Բաքուն ռազմավարական շահ ունի թուրք-իսրայելական մերձեցման հարցում և ակտիվորեն ձգտում է միջնորդել դրան հասնելու համար: Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ դաշինքը դիտարկում է որպես միջոց Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու և, հնարավոր է, ստանալու երկու երկրների աջակցությունը՝ բռնակցելու Երևանն Իրանին կապող միակ աշխարհաքաղաքական օղակը, այսպես կոչված, Զանգազուրի միջանցքը: (Նման քայլը ոչ միայն Հայաստանին ավելի կախված կդարձներ իր երկու թշնամական հարևաններից, այլև Անկարային ուղղակի ցամաքային կապ կհաղորդեր Բաքվի և այնտեղից՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ): Զարմանալի չէ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ շաբաթ Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելը, ինչպես նաև Բաքվի իշխանամետ լրատվամիջոցների կողմից դրա նկատմամբ բավականին նյարդային արձագանքը: (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրեց չմասնակցել միջոցառմանը), կարծում է հոդվածագիրը:

Ավելի մեծ պատկերն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո սրել է իր հռետորաբանությունը իր տարածքային ամբողջականության պաշտպանությունից դեպի իրրեդենտիստական պահանջներ հայկական տարածքի առանձին մասերի, այդ թվում ` մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Այդ պնդումները հիմնված են նույն ենթադրությունների վրա, որոնք արվում էին Իրանի հյուսիսային նահանգների դեմ, որ ցանկացած տարածք, որտեղ գտնվում են թուրք- ադրբեջանցիներ, կամ եղել են պատմության մի կետում, հիմնականում որակվում է որպես «նախնիների ադրբեջանական հող և, հետևաբար, ենթակա են բռնակցման»: Պաշտոնական մակարդակով Բաքուն, սկսած նախագահ Ալիևից, ներկայում հավակնում է միայն Հայաստանի հողերին: Այնուամենայնիվ, հակաիրանական իրրեդենտիզմը՝ հիմնված «հարավային Ադրբեջան» հասկացության շուրջ, խորապես արմատավորված է ադրբեջանական քաղաքական մշակույթի մեջ: Ազատություն ստանալուց հետո Ալիևը հազիվ թե կարողանա զսպել իրրեդենտիզմի ջիններին:

Հենց այստեղ խաղի մեջ է մտնում Իսրայելը: Թեև նա երկար ժամանակ «ստվերային պատերազմում» էր Իրանի հետ, Իսրայելի պաշտոնյաների վերջին հայտարարությունները մատնանշում են արմատականացված կեցվածք: Անցած շաբաթվա ընթացքում ՄԱԿ -ում Իսրայելի դեսպանը հրապարակավ հայտարարեց, որ Իսրայելը ձգտում է Իրանում պետական հեղաշրջման և ռեժիմի փոփոխության, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը սպառնաց ռազմական գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ: Ավելին, իսրայելական Բեգին-Սադաթի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է մի հոդված, որը բացահայտորեն պահանջում էր ռազմական աջակցություն ցուցաբերել ոչ պարսկական էթնիկ փոքրամասնությունների այն խմբերին, որոնք, իբր, կողմ են Իրանից անջատմանը:

Նախքան այդ հոդվածի հրապարակումը, Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը, որը զգալի ազդեցություն ուներ Թրամփի վարչակազմում, ներկայացրել էր մի հոդված՝ կոչ անելով Վաշինգտոնին որդեգրել քաղաքականություն ՝ խրախուսելու պարսիկների և Թեհրանի դեմ փոքրամասնությունների համախմբմանը: Հոդվածի հեղինակ Բրենդա Շաֆերը երկար ժամանակ աշխատել է ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերությունում և այժմ դասավանդում է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Այս կապը կասկածների տեղիք է տալիս, որ Բաքվում ցանկանում են խթանել Իրանի քայքայումը:

Այս համատեքստում Իսրայելում Ադրբեջանի գրասենյակի բացումը Թեհրանը դիտում է որպես գնալով ուժգնացող սպառնալիք, քան զուտ երկկողմ առևտրի և զբոսաշրջության խթանում, ինչպես պնդում է Բաքուն: Փոխարենը, դա ավելի շուտ կարելի է ընկալել որպես Իսլամական Հանրապետության դեմ ուղղված փաստացի ադրբեջանա-իսրայելա-թուրքական առանցքի ամրապնդման հաջորդ քայլ: Թե ինչպես կարձագանքի Թեհրանը՝ դեռ պարզ չէ, սակայն այս վերջին զարգացումները վատ են ազդում տարածաշրջանային կայունության վրա, եզրափակում է Մամեդովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031