Aravot.am-ի տեղեկություններով իշխող ուժի ներկայացուցիչ, յոթերորդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշանակվելու է դեսպան`Գերմանիայում: Մեզ չհաջողվեց այս առիթով զրուցել պարոն Ենգիբարյանի հետ: Մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Նախորդ ԱԺ պատգամավոր ՔՊ-ական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ, ԱԺ-ն օրենք փոխեց եւ պատգամավորների գրպանի ծախսերի համար նախատեսված ամսական 50 հազարը հնգապատկվեց՝ 250 հազար: Գումարած հսկայական աշխատավարձն ու պարգեւավճարները: Հայաստանի բնակչության գերակշիռ մասի աշխատավարձը ամսական 250 հազար է կամ դրանից քիչ: Իշխանական սույն գործիչը, սակայն չկա այս ԱԺ-ում: Թավիշը երախտամոռ չէ. թիմի համար պետության հաշվին լավամարդ դարձած Վիկտոր Ենգիբարյանն առանց շնորհակալության չի մնա:
Բաց աղբյուրներում հրապարակված է Վիկտոր Ենգիբարյանի առնվազն երկու՝ իրար չհամապատասխանող կենսագրական: Մի տեղ նշված է, որ նա ժամանակին Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից է եղել, այլ աղբյուրում՝ նշված չէ, մի աղբյուրում նշված է, որ նա հայ ակադեմիականների միության գործադիր խորհրդի անդամ է եղել, այլ աղբյուրում նշված չէ: Դեսպանի պաշտոնին հավակնող Վիկտոր Ենգիբարյանը դիվանագիտական կրթություն չունի, ըստ կենսագրականների՝ ամեն ինչ է, բացի դիվանագետից՝ սոցիոլոգ, ականապատ դաշտերի քարտեզագրող, միջազգային կորպորացիաների կառավարիչ, հանրային կառավարիչ: Վերջին որակավորումը Վիկտոր Ենգիբարյանը ստացել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցն ավարտելուց հետո: Դպրոցը երկու ուղղություն ունի՝ իրավունք եւ դիվանագիտություն: Վիկտորն ավարտել է առաջինը:
Բայց Լիլիթ Մակունց էլ դիվանագիտական կրթություն, փորձ ու աստիճան չուներ ու ՀՀ նախագահի աթոռին նստող, նախկին դեսպան Արմեն Սարգսյանը նրան միանգամից արտակարգ ու լիազոր դեսպանի աստիճան շնորհեց՝ մոռանալով, որ դեսպան աստիճան ստանալուց առաջ դեռ երկար ճանապարհ կա՝ կցորդ, երկրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, խորհրդական, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Բայց Լիլիթ Մակունցը միանգամից դեսպան դարձավ, ինչպես Արգիշտի Քյարամյանը միանգամից գնդապետ դարձավ: Վիկտոր Ենգիբարյանն էլ է միանգամից դեսպան դառնալու: Սա դեռ ողջ ողբերգությունը չէ:
Կարդացեք նաև
Ըստ կենսագրականի, Վիկտոր Ենգիբարյանը սովորել է գերմանական Բոխումի, Հագենի համալսարաններում, աշխատել գերմանական միջազգային համագործակցության ընկերությունում: Հայաստանի թավշյա ղեկավարները, փաստորեն, կարծում են, որ Գերմանիայում, որտեղ թուրքական լոբբին բավական ուժեղ է եւ նաեւ այդ իմաստով, դիվանագիտական մեծ անելիք կա, Վիկտոր Ենգիբարյանի հմտությունները միանգամայն բավարար են:
Նելլի Գրիգորյան