Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է արտահերթ ընտրությունների դիտորդության զեկույց

Օգոստոս 16,2021 18:02
helsinkyan

Նախաբան

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը կրեց տարածքային և մարդկային կորուստներ։ Այս ամենը Հայաստանում առաջացրեց ներքաղաքական սուր ճգնաժամ։ Պատերազմի ավարտից հետո Հայաստանում ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժում» անվանումով ընդդիմադիր դաշինք, որը պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, անցումային, ժամանակավոր կառավարության ձևավորում և շուրջ մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացում։ Բողոքի ակցիաներն ընթանում էին հանրահավաքներով, երթերով, պիկետներով։ Սակայն Ն․ Փաշինյանը տեղի չտվեց ընդդիմության պահանջներին և, սեպարատ բանակցություններ վարելով խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժերի հետ, ինքը նախաձեռնեց արտահերթ ընտրությունների կազմակերպումը։

2021 թ․ ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը ներկայացրեց հրաժարական, որի նպատակը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն էր։ Ընտրությունները տեղի ունեցան 2021 թ․ հունիսի 20-ը, որին մասնակցեցին 25 կուսակցություններ և դաշինքներ։ «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցությունը թեև նախապես գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար, սակայն հետագայում չմասնակցեց։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ, իրականացրել է նախընտրական և հետընտրական շրջանում տեղի ունեցած հավաքների մշտադիտարկում, ինչպես նաև ընտրությունների դիտորդություն քվեարկության օրը։ Սույն զեկույցը ներկայացնում է այդ մշտադիտարկման և դիտորդության արդյունքները։

Այս զեկույցում տեղ գտած տեսակետները, այնուամենայնիվ, կարող են չհամընկնել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի տեսակետների հետ:

Հավաքների մշտադիտարկում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի և հետընտրական շրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված հավաքների մշտադիտարկում։

Նախատեսված հավաքների վերաբերյալ տեղեկությունները ստացվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումներից։ Նախընտրական շրջանում, ներառյալ՝ քարոզարշավի ընթացքում, որը մեկնարկեց հունիսի 7-ին և շարունակվեց մինչև հունիսի 18-ը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների կողմից Երևանում դիտարկվել է 15, իսկ մարզերում՝ 23 հավաք։ Հետընտրական շրջանում դիտարկվել է միայն քաղաքական ուժերի կողմից անցկացված մեկ հավաք, որը հունիսի 21-ին կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Ն․ Փաշինյանը։

Դիտարկված բոլոր հավաքները կազմակերպվել են ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի կողմից։ Հունիսի 10-ին ՀՀ Կառավարության նստավայրի առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների անցկացրած հավաքը ներառվել է «Հայաստան» դաշինքի կազմակերպած հավաքների թվում, քանի որ ՀՅԴ-ն հանդիսանում է նշված դաշինքի անդամ։

Գրեթե բոլոր դիտարկված հավաքների վայրերում եղել է շտապ բժշկական օգնության առնվազն մեկ անձնակազմ։

Հավաքների կազմակերպիչները

Երևանում դիտարկված հավաքների մեծ մասը կազմակերպել է «Հայաստան» դաշինքը (6 հավաք)։ 4 հավաք կազմակերպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ներառյալ՝ ընտրությունների հաջորդ օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքը։ Դիտարկվել են նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած 3, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցությունների և «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի կազմակերպած մեկական հավաքներ։

Հավաքների քանակը ըստ անցկացման ձևերի

Դիտարկված հավաքներից 10-ն անցկացվել են որոշակի վայրում, 4-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ։ 2 հավաք անցկացվել է միայն երթի տեսքով՝ հունիսի 13-ին և 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Ն․ Փաշինյանի կողմից գլխավորած երթերը Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Հավաքների անցկացման վայրերը

Առավել մեծ թվով հավաքներ անցկացվել են Կենտրոն վարչական շրջանում՝ Ազատության հրապարակում (4 հավաք), Հանրապետության հրապարակում և ՀՀ Կառավարության նստավայրի առջև (4 հավաք), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներում (մեկական հավաքներ)։ Եվս 6 հավաք է դիտարկվել Երևանի այլ վարչական շրջաններում։

Մասնակիցների թիվը

Առավել մեծ թվով մասնակիցներ են դիտարկվել «Հայաստան» դաշինքի կողմից հունիսի 18-ին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հունիսի 17-ին կազմակերպված հավաքների ընթացքում՝ համապատասխանաբար, մոտ 30․000-ից և 20․000-ից ավելի մասնակից։ Այլ քաղաքական ուժերի պարագայում մեծ թվով մասնակիցներ են ներկա եղել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունների հավաքներին։

Ոստիկանների թիվը հավաքների ընթացքում

Առավել մեծ թվով ոստիկանության ծառայողներ են դիտարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքների ընթացքում։ Հունիսի 17-ին անցկացված հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքում եղել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մոտ 700 ծառայող։ Ոստիկանության ծառայողներ չեն եղել միայն հունիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի անցկացրած հավաքի ընթացքում։

Հավաքների ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկանները, որոշ բացառություններով, մշտապես կրել են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ։ Ոստիկանական մահակներից բացի, այլ սպառազինություն չի դիտարկվել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած հավաքները մարզերում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն իրականացրել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ մարզերում անցկացված հավաքների շրջիկ դիտորդություն, որի ընթացքում դիտարկվել է 23 հավաք։ Նշված հավաքները անցկացվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

Հավաքները հիմնականում անցկացվել են տվյալ համայնքի կենտրոնական հրապարակներում՝ համայնքապետարանների հարևանությամբ, ինչպես նաև նշված համայնքի մշակույթի տան մոտ։ Նշված գրեթե բոլոր հավաքների ընթացքում դիտարկվել է միկրոավտոբուսներով մասնակիցների տեղափոխում մեկ վայրից մյուսը։

Հավաքների մասնակիցները թիվը գյուղական համայնքներում եղել է միջինը մոտ 180, իսկ քաղաքներում՝ մոտ 1300 հոգի։ Հավաքների վայրում մշտապես եղել է շտապ բժշկական օգնության մեկ անձնակազմ։

Գյուղական համայնքներում անցկացվող հավաքների ընթացքում եղել են մոտ 40, իսկ քաղաքներում՝ մոտ 60 ոստիկանության ծառայողներ։ Որոշ հավաքների, օրինակ՝ հունիսի 10-ին Վանաձորում և հունիսի 11-ին Դիլիջանում անցկացված հավաքի դեպքում հարակից տարածքում են եղել դիպուկահարներ։

Հավաքի մասնակիցների բերման ենթարկման դեպքեր

Հավաքի մասնակիցների բերման ենթարկման դեպք է դիտարկվել հունիսի 10-ին ՀՀ Կառավարության նստավայրի առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած հավաքի ընթացքում։ Մասնակիցները բողոքել են ՀՀ կառավարության և վարչապետի քաղաքականության դեմ։ Հավաքի ընթացքում վերջիններս կառավարության նստավայրի առջև լցրել են քաղցրավենիք, ելակ և անդրավարտիք՝ հղում անելով ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից զինծառայողների սննդակարգում ելակը ներառելու և ՀՀ զինված ուժերի վերաբերյալ նախկինում հնչեցված հայտարարություններին։

Նշված գործողությունից անմիջապես հետո հավաքի մասնակիցներին են մոտեցել ոստիկանության ծառայողները՝ պնդելով, որ մասնակիցներն աղտոտում են տարածքը։ Այնուհետև ոստիկանության զորքերի ծառայողները բերման են ենթարկել հավաքի մասնակիցներին։

Քվեարկության դիտորդություն

2021 թ․ հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները մշտական դիտորդություն են իրականացրել 6 ընտրատեղամասում՝ կեսօրից հետո։ Նշվածից բացի, շրջիկ դիտորդություն է իրականացվել շուրջ 10 ընտրատեղամասում։ Դիտորդության արդյունքում արձանագրվել են հետևյալ թերությունները և խախտումները։

Տեղամասային կենտրոն թիվ 5/01

Փաստացի դիտարկման ժամանակահատվածը – 20․06․2021 թ. ժամը 16։00-ից մինչև 21․06․2021 թ. ժամը 01։30-ը

  • Քվեախցիկների մոտ կար 2 դուռ, որոնց վրա փակցված էր մեծ թուղթ՝ մակագրված ստորագրությամբ։
  • Ընտրատեղամասի հարակից բակային տարածքում կայանված էր ավտոմեքենա, որի պատուհանին փակցված էր «Ազատական» կուսակցության պաստառը։
  • Մի տարեց կին, հանձնաժողովի անդամներից քվեաթերթիկների տրցակը ստանալով, մինչև քվեախուց մտնելը, բոլորի ներկայությամբ վերադասավորել է թերթիկները մեկը մյուսի տակ և անհրաժեշտ քվեաթերթիկը գտնելուց հետո նոր մտել քվեախուց։
  • Արձանագրվել է 2 քաղաքացու միաժամանակյա մուտք միևնույն քվեախցիկ (նրանք ներկայացել են որպես ամուսիններ)։ Հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո խնդիրը լուծվել է։
  • Մի կին քվեախցիկից դուրս էր եկել առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու։ Հանձնաժողովի անդամի դիտողությունից հետո վերադարձել է դեպի քվեախցիկ և, մասամբ գտնվելով քվեախցիկից դուրս, քվեաթերթիկը դրել ծրարի մեջ և մոտեցել քվեատուփին։
  • Մի քաղաքացի նախընտրած քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ՝ մասամբ գտնվելով քվեախցիկից դուրս։ Քվեաթերթիկի համարը տեսանելի է եղել։
  • Մի քաղաքացի նախընտրած քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ՝ մասամբ գտնվելով քվեախցիկից դուրս։
  • Արձանագրվել է ուղղորդված քվեարկության մի քանի դեպք, երբ տարբեր կուսակցությունների/դաշինքների վստահված անձինք տևական ժամանակ քվեարկության սենյակից բացակայել են, այնուհետև տեղամաս են վերադարձել մի քանի անձանց հետ, տեղամասում սպասել մինչև վերջիններիս քվեարկությունը։
  • Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը քվեատուփին է մոտեցել՝ ծրարի մի անկյունը կրկնակի ծալված, որը կարող էր այդ ծրարն անհատականացնելու հնարավորություն տալ։
  • Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը, դեռ չքվեարկած, դուրս է եկել քվեախցիկից և հայտարարել, թե սխալմամբ պատռել է կոնկրետ համարի քվեաթերթիկը, խնդրել իրեն տրամադրել նորը։ Հանձնաժողովի նախագահը խնդրել է քաղաքացուն բոլոր քվեաթերթիկները նետել աղբարկղը և մոտենալ հանձնաժողովի անդամին՝ քվեաթերթիկների նոր տրցակ ստանալու։
  • Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակում արձանագրվել է 1 դեպք, երբ ընտրողի անվան դիմաց ստորագրությունը եղել է, սակայն կնիքը բացակայել է:
  • Արձանագրվել է 4 դեպք, երբ ծրարում եղել է 1-ից ավելի քվեաթերթիկ։ Վավեր է համարվել այն քվեաթերթիկը, որին սոսնձված էր դրոշմանիշ։
  • Ձայների հաշվարկի նախապատրաստման, ձայների հաշվարկի ընթացքում և ձայների հաշվարկից հետո հարևան ընտրատեղամասերից վստահված անձինք, երբեմն նաև հանձնաժողովի անդամներ որոշ ժամանակով գալիս էին տվյալ ընտրատեղամաս, հետո հեռանում։ Նույնկերպ այդ ընտրատեղամասից ժամանակ առ ժամանակ վստահված անձինք հեռանում էին քվեարկության սենյակից։ Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն խնդրեց, որ սենյակից հեռանան տվյալ քվեարկության ձայների հաշվարկին չգրանցված մարդիկ, իսկ ովքեր գրանցված են և ելումուտ են անում, ամեն անգամ գրանցվեն, սակայն դա որևէ կերպ չազդեց։ Անկանոն ելումուտը շարունակվում էր։
  • Կոնկրետ կուսակցության օգտին քվեարկած թերթիկներից 4-ը անկյունից մի փոքր ծալք ունեին, որը հնարավոր է՝ արված էր նույնականացման համար։

Տեղամասային կենտրոն թիվ 5/02

Փաստացի դիտարկման ժամանակահատվածը – 20.06.2021 թ. ժամը 14:00-ից մինչև 21.06.2021 թ. ժամը 00:55-ը

  • Տեղամասային կենտրոնին մոտեցող մեքենաների հետնամասում փակցված էին նախընտրելի կուսակցության պաստառներ:
  • Արձանագրվել է երկու մեծահասակ քաղաքացու միաժամանակյա մուտք միևնույն քվեախցիկ:
  • Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձին օգնել է դուստրը, որին հանձնաժողովի անդամները չեն գրանցել։
  • Տարեց քաղաքացին բացահայտ բաց քվեարկել է 3 համարի օգտին:
  • Ոստիկանը հանձնաժողովի նախագահից ճշտումներ էր անում, թե քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը տվյալ ժամի դրությամբ:
  • Հանձնաժողովի նախագահը պարբերաբար մոտենում էր քվեախցիկներին պարկով, որպեսզի դատարկի ավելորդ քվեաթերթիկները, և այդ ընթացքում նայում էր կողքի քվեախցիկում գտնվող ընտրողին և կարող էր տեսնել, թե ինչպես է նա քվեարկում: Դիտորդի նկատառումից հետո նախագահը սկզբում ասաց, որ նման բան չկա, բայց հետագայում այլևս խցիկում ընտրողի ներկայության պարագայում չմտավ խցիկների հետևի հատվածը:

Տեղամասային կենտրոն թիվ 8/23

Փաստացի դիտարկման ժամանակահատվածը – 20.06.2021 թ. ժամը 14:00-ից մինչև 23:15-ը

  • Քվեաթերթիկները դասավորված էին երկու սեղանի վրա: Առաջինում 15 համարի քվեաթերթիկը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), իսկ երկրորդում 5 համարի քվեաթերթիկը («Ազատություն» կուսակցություն) դրված են եղել ընդհանուր քվեաթերթիկների հակառակ ուղղությամբ՝ շրջված: Դիտորդի երեք անգամ դիմելուց հետո նոր ուղղել են:
  • Սեղանին, որտեղ դրված էր գրանցամատյանը, առկա էին խառնված քվեաթերթիկներ: Քարտուղարը դասակարգում էր: Դիտորդի հարցին ի պատասխան քարտուղարն ասել է, որ նախագահը խնդրել է կարգավորել: Ասելուց հետո, որ դա խախտում է՝ սեղանից հավաքել են քվեաթերթիկները:
  • Մի քանի դեպքում ընտրողներն ասել են, որ տրված փաթեթում քվեաթերթիկների քանակն ամբողջական չէ: Նրանց տրվել է քվեաթերթիկների նոր փաթեթ:

Տեղամասային կենտրոն թիվ 9/19

Փաստացի դիտարկման ժամանակահատվածը – 20.06.2021 թ. ժամը 19:00-ից մինչև 21.06.2021 թ. ժամը 01:20-ը

  • Հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացին չի կարողացել մասնակցել քվեարկությանը, քանի որ անվասայլակով մոտենալ քվեատուփերին անհնար էր (անձը մուտք չի գործել տեղամաս, փոխարենը հանձնաժողովի անդամներին են մոտեցել իր հարազատները, ճշտել անվասայլակով մուտք գործելու հնարավորությունը)։
  • Կենտրոնում ներկա անձանց վկայականները ոչ միշտ էին տեսանելի։

Տեղամասային կենտրոն թիվ 9/21

Փաստացի դիտարկման ժամանակահատվածը – 20.06.2021 ժամը 19:00-ից մինչև 21.06.2021 ժամը 02:10-ը

  • Անվասայլակով քվեատուփին անհնար էր մոտենալ, քանի որ քվեատուփերը դրված էին աստիճաններից վեր։
  • Կենտրոնում ներկա անձանց վկայականները ոչ միշտ էին տեսանելի։ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի վստահված անձը տևական ժամանակ վկայականը կրում էր շրջված և վերնաշապիկի արանքում դրած։
  • Ամփոփման փուլը սկսվել է ժամը 21։00-ի սահմաններում։ Ժամը 20։00-ի սահմաններում տեղամաս է եկել «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդ Դանիել Իոաննիսյանը, որը դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին՝ կապված քվեատուփի կապարակնիքների հետ։ Դ․ Իոաննիսյանը պնդել է, որ հանձնաժողովի նախագահը չի կնքել քվեատուփը և պահանջել է կնքել։ ՏԸՀ նախագահը չի համաձայնել՝ պնդելով, թե կնքված է։ Դ․ Իոաննիսյանը անձամբ ձեռքով բացել է կապարակնիքներից մեկը, ապա ինքնուրույն կնքել քվեատուփերից մեկը և ցույց տվել ՏԸՀ նախագահին՝ որպես պատշաճ կնքված քվեատուփ: Նախագահը պոկել է կապարակնիքը՝ հավանաբար ցանկանալով ցույց տալ, որ այն լավ ամրացված չէ (սակայն իրականում ամրացված էր)։ Վիճաբանությունն ավելի է սրվել։ «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի թեկնածու Ռոբերտ Ղազանչյանի առաջարկով ՏԸՀ նախագահը հրավիրել է քվեարկություն՝ Դ․ Իոաննիսյանին տեղամասային կենտրոնից հեռացնելու նպատակով։ Այնուհետև պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներից երկուսը դուրս են բերել Դ․ Իոաննիսյանին (ոստիկաններից մեկի տարբերանշանի համարը՝ 01185, մյուսը տարբերանշան չէր կրում)։
  • Վիճաբանության ընթացքում խոչընդոտվել է ձայների ամփոփման փուլին տեղամասային կենտրոնում ներկա լինելու իրավունք ունեցող մի քանի անձանց իրավունքը, ներառյալ՝ «Հայաստան» դաշինքի թեկնածու Գայանե Ավետիսյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանի և օպերատորի, newspress կայքի խմբագիր Արիանա Հովսեփյանի։ Վերջիններս գտնվում էին տեղամասային կենտրոնի դռան առջև, սակայն որևէ մեկը դուռը չէր բացում։
  • Իրավիճակը վերջնական շտկվել է թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լևոն Ասատրյանի և հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանի միջամտությամբ, որոնք Դ․ Իոաննիսյանին տեղամասային կենտրոնից դուրս բերելուց կարճ ժամանակ անց այցելել են թիվ 9/21 տեղամասային կենտրոն։ Մոտավորապես ժամը 21։00-ին հանձնաժողովը սկսել է ձայների հաշվարկի փուլը։

Շրջիկ դիտորդություն

Տեղամասային կենտրոն թիվ 1/16

  • 15:20-ին մոտ հանձնաժողովի անդամներից մի քանիսը հեռացել էին ընդմիջման։ Այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կատարում էր հանձնաժողովի անդամի գործառույթներ՝ ընտրողներին ուղեկցում էր սեղանների մոտ, ինչպես նաև պատասխանում էր նրանց հարցերին:

 Տեղամասային կենտրոն թիվ 5/03

  • Ընտրությանը մնացել էր 10 րոպե, և այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը բարձրաձայն հայտարարեց, որ շուտով 43 ընտրող է գալու:

Տեղամասային կենտրոն թիվ 9/21

  • Տեղամասում «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից միաժամանակ եղել է 2 դիտորդ։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ այդ հարցով դիմել է ԿԸՀ, որտեղից թույլատրել են միաժամանակ երկու դիտորդի ներկայությունը ընտրատեղամասում:

Տեղամասային կենտրոն թիվ 9/48

  • Տեղամասում քվեախցիկները տեղադրված էին աստիճանավանդակի մոտ, քվեախցիկները հետևի հատվածում տեղադրել էին գրատախտակներ, սակայն դրանք ամբողջությամբ չէին ապահովում քվեարկության գաղտնիությունը։

Տեղամասային կենտրոն թիվ 9/50

  • Քվեաթերթիկները շարված էին առանձին սեղանի վրա, և նախապես պատրաստվում էին փաթեթները:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031