Օգոստոսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
Գիորգի Սագանելիձեն ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է մեր երկրի հետ փոխշահավետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարեւորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:
Դեսպանը եւս կարեւորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը:
Ազգային ժողով