Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատարայի ջրամբարի կառուցմամբ կլուծվի Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու և ոռոգման ջրի խնդիրը

Օգոստոս 16,2021 15:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ  իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու  անընդունելի:

Վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նշվել է, որ  արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաև ջրատարներով և հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։

Որպես ժամանակավոր լուծում՝ երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման  ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ,  անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։

Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաև Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել  մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման  համակարգը, ինչպես նաև կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու և ոռոգման ջրի հարցը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031