Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Անդրեասյան․ «Այս տեսքով օրենքն ընդունելու դեպքում հետընթաց է լինելու դեպի ծրարով աշխատավարձերը»

Օգոստոս 16,2021 14:05
shenq

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն, ըստ որի, Երեւանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար պետբյուջեի տոկոսագումարների գծով եկամտային հարկի հետվերադարձն աստիճանաբար կհանվի։ Օրենսդրական այս փոփոխությամբ նախատեսվում է, որ, եթե ԱԺ-ն ընդունի օրենքը, ապա եկամտային հարկի վերադարձը կդադարեցվի վերադարձնել սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ Արտակ Անդրեասյանի կարծիքով՝ օրենսդրական այս նախաձեռնությունը խնդրահարույց է, օրենքը գործում է 2015 թվականից, եւ այն դրական ազդեցություն է գործել թե՛ կառուցապատման ոլորտի վրա, եւ թե՛ շինարարությանը հարակից ու դրան առնչվող ոլորտների վրա։

Արտակ Անդրեասյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ կառուցապատման ոլորտին առնչվում է 25-30 ոլորտ, եւ օրենքը մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունեցել․ «Օրինակ՝ աշխատավարձերը ստվերից դուրս են եկել, անբարեխիղճ կառուցապատողները երբեմն իրականությունից շեղվող արժեքներով էին հայտարարագրում բնակարանների վաճառքից գոյացած հասույթները։ Այս օրենքը նպաստեց, որ գործարքի իրական արժեքը հայտարարագրվի։ Իսկ այս տեսքով օրենքն ընդունելու դեպքում հետընթաց է լինելու, օրինակ, դեպի ծրարով աշխատավարձերը»։

Պարոն Անդրեասյանի համար կասկածելի են նախագծի հիմնավորումները, թե եկամտային հարկի վերադարձը մեծ բեռ է բյուջեի վրա։
Նա ներկայացրեց ասոցիացիայի հաշվարկները, որոնք ապացուցում են՝ ոչ միայն բեռ չէ, այլեւ պետական բյուջեն լրացուցիչ եկամուտ է ստանում ցանկացած նոր շենքից:

«Միջին հաշվարկներով՝ Երեւանում միջին գոտիներում մեկ 12 հարկանի շենքի բնակարանների իրացումից պետական բյուջե է վճարվում է 7.2 միլիոն դոլար հարկ։ Սա բանկերի եւ կառուցապատողների հարկերն են, այս գումարը գեներացվում է երեք տարվա ընթացքում, այսքան է տեւում կառուցապատումը, եւ պետության կողմից վերադարձվող եկամտային հարկը 5.2 միլիոն դոլար է, բայց՝ 12 տարվա ընթացքում։ Այսինքն, դեռ մի բան էլ պետությանը ավել գումար է մնում։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Փաստորեն, այս երեք տարում 7.2 միլիոն դոլարը կհավաքեն, հետո 5.2 միլիոնը չեն տա։ Եթե ծրագիրը փոխվում է, ու տեղն այլ բան է ներդրվում, այդ դեպքում ինձ համար նպատակները պարզ են, եթե այդ գումարն ուղղվելու է սոցիալական բնակարանաշինությանը, բայց եթե սոցիալական ծրագրերր չեն անելու, վթարային շենքերի կամ անպիտան դարձած շենքերի բնակիչներին չեն տեղափոխելու պետական միջոցներով կառուցած նոր բնակարաններ, ապա ուղղակի բյուջեի լրացուցիչ եկամուտների հարց է»,-ասաց պարոն Անդրեասյանը։

Նա նշեց, որ անցած տարվա տվյալներով՝ օրենքից օգտվող շահառուների թիվը կազմել է 17 հազար, այս տարեվերջին ակնկալվում էր մինչեւ 20 հազար։

Նրա կարծիքով՝ եթե օրենքն ընդունվի, Երեւանում մատչելի բնակարան ձեռք բերելը դառնալու է անհնարին կամ շատ դժվար, Երեւանում շինարարության տեմպերը նվազելու են, գները՝ բարձրանալու։

Պարոն Անդրեասյանը նկատեց՝ ի վերջո մայրաքաղաքում վթարային շենքերի խնդիր կա, բնակֆոնդը հին է, մաշվում է․ «Այն ծավալի շինարարություն, որը կթարմացներ բնակֆոնդը, չի կատարվել, անհրաժեշտից ավելի քան երեք անգամ պակաս բնակարան է կառուցվել։ Եթե կառուցապատումը նվազի, ապա այս խնդիրներն ինչպե՞ս են լուծելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031