Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքների չկատարումը բերում է ձեր գործունեության իմաստազրկման. ինչպես ասում են՝ «մեռնեմ օրենքին». բաց նամակ-դիմում

Օգոստոս 16,2021 13:09

Բաց նամակ-դիմում ԱԺ ընդդիմությանը

Իրավական նիհիլիզմը, որն արտահայտվում է իրավունքի, օրենքների և նորմատիվ կարգի նկատմամբ բացասական, անհարգալից վերաբերմունքով, ժամանակակից հասարակության ամենասուր խնդիրներից է: Իրավական նիհիլիզմի վտանգը առաջին հերթին կայանում է նրանում, որ այն անհավատության տեղիք է տալիս իրավունքի բարձր նպատակի և հենց անհրաժեշտության նկատմամբ: Օրենքների չկատարումը բերում է ձեր գործունեության իմաստազրկման և հանրության մեջ իրավական նիհիլիզմը հաղթահարելու առաջին պատասխանատուն դուք եք։ Օրենքը պետք է դարձնել պարտադիր բոլորի համար, առանց բացառության, ներառյալ՝ իշխանությունների ներկայացուցիչների համար, քանի որ նրանք հաճախ խախտում են իրենց ընդունած օրենքները:

Ձեր կոլեգա, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը 2020-ին խախտելով բոլոր «կանոնները» պաշտպանեց դոկտորական  և ստացավ «բաղձալի» աստիճանը։

Եթե նույնիսկ ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունից և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» սահմանված կանոններից պետք է խուսափեն հենց իրենք՝ օրենսդիրները, ումի՞ց կարող ենք պահանջել օրենքների կատարում։ Խախտումներն այնքան ակնհայտ են, որ կարելի է ստուգել 30 րոպեում և ոչ մի կապ չունեն գիտական արժեքի կամ նման դժվար ստուգվող որևէ գործընթացի հետ։

Կանոնակարգով հաստատված են դոկտորի աստիճան ստանալու համար անհրաժեշտ տպագրված աշխատանքների թիվը՝ տվյալ մասնագիտության համար 20 և ԲՈԿ-ը հաստատել է ամսագրերի ցուցակ, որտեղ տպագրված աշխատանքները ընդունվում են պաշտպանության համար։ Ձեր կոլեգայի ներկայացրած հոդվածներից 8-ը ընդգրկված չեն ԲՈԿ ցուցակում և դոկտորական թեզի մեջ ընդգրկված հոդվածների թիվը չի բավարարում աստիճանաշնորհման կանոնակարգին։

Այս պարզագույն ճշմարտությունը, ինչը կարող է հասկանալ և ստուգել կամայական տառաճանաչ մարդ, չհասկացան ոչ պաշտպանության խորհուրդը, ոչ գործադիրը հանձինս ԿԳՍՄ և նրա ենթակայության տակ գտվող ԲՈԿ-ի։ Իմ բոլոր դիմումներն ու հարցապնդումները մնացին անպատասխան։ Տարօրինակ պատասխան տվեց «իշխանության դատական ճյուղը» հանձինս դատախազության՝ իմ դիմումին պարզապես պատասխանեցին «ձեր դիմումի գործընթացն ավարտված է»։

Դիմում եմ ձեզ, որպես պետական իշխանության երեք հարաբերականորեն անկախ ճյուղերից մեկի` օրենսդիրի։

Կամ հանձնարարեք ԲՈԿ-ին, այն է` գործադիրի պատասխանատու մարմնին, պարզաբանել Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած թեզի դոկտորական աստիճանին համապատասխանելու և բավարարելու հարցը՝ պահանջը տարրական է և կարիք չկա գիտական ուսումնասիրության։

Կամ էլ դադարեցրեք օրենքներ բազմացնող «քսերոքսի» աշխատանքը, եթե օրենսդիրն էլ չի կատարելու իր ստեղծած օրենքները։ Եվ եթե դրանից հետո ցանկություն ունենաք Հովհաննես Հովհաննիսյանին տեսնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ կամքը ձերն է։ Ինչպես ասում են՝ «մեռնեմ օրենքին»։

 ՀՀ քաղաքացի Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031