Այսօր ժամը 05:44-ին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում։ Գյումրեցիների ֆեյսբուքյան էջերը հեղեղված են երկրաշարժի մասին իրենց զգացողությունների նկարագրությամբ։ Շատերը, որոնք ականատեսն էին եղել 1988 թվականի դաժան երկրաշարժի, վերապրել են այդ ծանր պահերը՝ ինչ-որ տեղ խուճապի մատնվելով։
«Լավ ուժեղ էր ու քնահարամ արեց»,-գրել է օգտատերերից մեկը։ Մեկ այլ օգտատեր էլ պատմել է, թե ինչպես լուսադեմին արթնացել է ուժեղ գլխապտույտից, սուրճ եփել ու տեսել, որ նոր եփած, թարմ բուրող սուրճը թափվել է սեղանին, իսկ աթոռը, որին նստած է եղել ինքը, ճոճվել է։
«Նայեցի ջահին. այսպես ակնհայտ, հորիզոնական երբեք չէր ճոճվել։ Ուրեմն ուժգին էր ցնցումը, քանզի նախորդ ցնցումների ժամանակ առաստաղի ջահը մեր մոնոլիտ շենքում (Գյումրի,Անի կամ 58 թաղամաս),սկի չէր տեղաշարժվում»,- գրել է օգտատերը։
Օգտատերերից մյուսները վկայել են, որ ցնցումը շատ ուժեղ էր։
Կարդացեք նաև
Նշենք, որ երեկ 23․42-ին գրանցված երկրաշարժը նույնպես զգալի է եղել Գյումրիում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այն ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4-5 բալ:
Իսկ ժամը 05:44-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում 3-4 բալ ուժգնությամբ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ