Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:
Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։
2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար եղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:
Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։
Կարդացեք նաև
Նշենք, որ նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ