Լրահոս
Օրվա լրահոսը

Գազարով տորթ վեգանների եւ պահք պահողների համար՝ առանց կաթնամթերքի եւ ձվի (տեսանյութ)

Օգոստոս 16,2021 05:04

Եթե դուք չեք ուտում կաթնամթերք եւ ձու՝ գաղափարական կամ առողջական պատճառներով, դա դեռ չի նշանակում, որ չպիտի ուտեք համեղ տորթեր: Իսկ այս տորթն այնքան համեղ է, որ կհավանեն բոլորը, անկախ նրանից՝ վեգան են, պահքի մեջ են, կաթնա-ձվային հակացուցումներ ունեն, թե ոչ:

Ձուն փոխարինում ենք չիայի սերմերով՝ մեկ ձվի փոխարեն 1 ճաշի գդալ չիայի սերմի եւ 3 ճաշի գդալ ջրի խառնուրդ հաշվարկով, կամ բանանով՝ մեկ ձուն՝ կես բանան հաշվարկով: Իսկ սերուցքային պանրի փոխարեն վերցնում ենք նախապես մի քանի ժամ թրջած քեշյուի (հնդկական ընկույզ) տրորած զանգվածով:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Ալյուր- 2-2,5 բաժակ

Շաքարավազ-1 բաժակ

Եղեգնաշաքար (շագանակագույն շաքարավազ)- կես բաժակ (կարող եք փոխարինել 2-3 ճաշի գդալ թխկու օշարակով (Maple syrup, кленовый сироп))

Սոդա-1 թեյի գդալ

Աղ-1 թեյի գդալ

Աղացած դարչին-1 թեյի գդալ

Կտրատած չրեր- 1 բաժակ

Կտրատած ընկուզեղեն-1 բաժակ

Մշկընկույզ (мускатный орех)- մեկ պտղունց

Քերած թարմ գազար- 2 բաժակ

Չիայի սերմեր- 2 ճաշի գդալ

Ջուր-6 ճաշի գդալ

Բուսական յուղ-1 բաժակ

Խնձորի կամ սպիտակ գինու քացախ- 1-2 ճաշի գդալ

Նարնջի հյութ- կես բաժակ (անհրաժեշտության դեպքում)

Կրեմի համար

Քեշյու (հնդկական ընկույզ)- 2 բաժակ

Կիտրոնի հյութ-2 ճաշի գդալ

Կոկոսի կաթ-1 բաժակ

Շաքարի փոշի-1 բաժակ

Վանիլի էքստրակտ- 1 ճաշի գդալ (կամ վանիլի շաքար՝ կես տուփ կամ վանիլին բյուրեղիկներով՝ մեկ պտղունց)

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար սկզբում թասի մեջ ենք լցնում բոլոր չոր մթերքները՝ ալյուրը, շաքարավազը, սոդան, աղը, մանր կտրատած չրերն ու ընկույզները, մանր անցքերով քերիչով անցկացրած մշկընկույզը, դարչինի փոշին, լավ լվացած, կեղեւհան արած եւ խոշոր անցքերով քերիչով անցկացրած գազարը: Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք առանձին ամանի մեջ իրար խառնած չիայի սերմերն ու ջուրը, որոնք փոխարինելու են ձվին, կամ ավելացնում ենք մեկ բանան:

Որից հետո պետք է ավելացնենք հեղուկ մթերքները՝ բուսական յուղն ու քացախը:

Խառնում ենք խմորը, եթե տեսնեք, որ պինդ է, չոր է, չի ձեւավորվում խմորային զանգված, կարող եք մի քանի ճաշի գդալ նարնջի կամ խնձորի հյութ ավելացնել:

Պետք է դառնա միատարր, բայց ոչ թույլ խմորային զանգված: Լցնում ենք ջեռոցի թավայի մեջ եւ դնում նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 30-40 րոպեով:

Հանում ենք, մեջտեղից կիսում, թողնում սառչի:

Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը:

Նախապես մի քանի ժամ առաջ եռացրած ջրով թրջած քեշյուն ջրքամում ենք, լցնում բլենդերի մեջ, ավելացնում կոկոսի կաթը: Ցանկալի է վերցնել մետաղյա տարայով կոկոսի կաթ, որը քամված չի, կրեմային զանգված է: Ավելացնում ենք նաեւ կիտրոնի հյութը: Հարում ենք բլենդերով, ավելացնում շաքարի փոշին եւ վանիլի մզվածքը: Կրկին հարում ենք, դառնում է միատարր կրեմանման զանգված:

Երբ խմորը սառչի, վրան քսում ենք կրեմը, դնում մյուս կտոր խմորը, լավ սեղմում, ապա վրայից նորից կրեմապատում: Կարող եք զարդարել ընկույզով:

Դրեք սառնարան մեկ-երկու ժամով, ապա մատուցեք:

Անչափ հարուստ համով եւ շատ ախորժելի տորթ է:

Բարի ախորժակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031