Արագածոտն մարզի Ուջան գյուղում 2019 թվականից ի վեր կինոդպրոց է գործում, որը հիմնադրվել է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի կողմից։
Ուջանցի երեխաները սովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել, որոնք այնուհետ կցուցադրվեն «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը՝ օգոստոսի 29-ին։ Հիշեցնենք, որ փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 22-29-ը Ուջան գյուղում և այժմ՝ փառատոնին ընդառաջ, երեխաներն ակտիվ նկարահանումների փուլում են։
«Ֆիլմադարան» ՀԿ-ի անդամների համոզմամբ՝ ներկայումս Հայաստանում կինոոլորտը և ընդհանրապես մշակույթը խորը ճգնաժամ են ապրում, և սա վերաբերում է ոչ միայն արտադրվող ֆիլմերի որակին ու բուհական կրթության անարդյունավետությանը, այլև ամենակարևորը՝ հանդիսականի ճաշակին ու ընկալունակությանը։ Երիտասարդ տարիքից մարդու մշակութային զարգացվածության աստիճանի բարձրացումը երկրի ապագա գոյատևման և բարգավաճման կարևորագույն նախադրյալն է, քանի որ հենց մշակույթը, արվեստն ու գիտությունն են ունակ հակակշիռ լինել սպառողական մտածողության կարծրատիպերին, որոնք ինքնին հանգեցնում են մտքի քարացմանը բոլոր ոլորտներում։
Ուջանի կինոդպրոցի, «Ծիրանի ծառ» կինոփառատոնի և «Ֆիլմադարան»-ի այլ ծրագրերի գերխնդիրն է զինել հանրությանն այս կարևորագույն խնդրի լուծման համար անհրաժեշտ ամենաարդյունավետ միջոցով՝ ազատ ստեղծագործական մտքով օժտված քաղաքացիներով։ Անգամ եթե աշակերտներից և ոչ մեկն ապագայում չորոշի կինոյով զբաղվել, ստեղծագործական գործընթացի մասնակից ու կերտող լինելու անմիջական փորձառությունը բացառիկ դրական ազդեցություն կունենա նրանց հետագա աշխատանքի ու կենսակերպի վրա՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեն։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ