Լրահոս
Օրվա լրահոսը

Վերափոխման տոնը Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում

Օգոստոս 15,2021 23:21

Բրազիլիայի հայաշատ Սան Պաուլո քաղաքի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում նշվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Պատարագիչն էր բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Բերբերյանը, ով գրեթե 8 տարի խոնարհաբար և մեծ պատասխանատվությամբ հովվում է հայաշատ բրազիլահայոց թեմը:

Սրբազան Հայր մի փոքր կպատմեք, թե ավանդությունը ինչ է պատմում Աստվածամոր վերափոխման մասին:

Տոնի խորհուրդը Աստվածամոր երկինք փոխադրվելու հիշատակությունն է: Եկեղեցու սրբազան ավանդության հաղորդմամբ սուրբ Մարիամ Աստվածածինը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո ապրում է 12 տարի: Երուսաղեմում գտնվելու այդ 12 տարիների ընթացքում Հովհաննես Ավետարանիչը իր բարի խնամքի տակ է առնում նրան և սրբությամբ հոգ տանում իր Տիրոջ մորը: «Մայր Սրբության և առագաստ երանության, հասել է Քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից դեպի Միածին Որդին Քո».- Սուրբ Կույսին այս լուրը հաղորդեց Գաբրիել Հրեշտակապետը, ով տարիներ առաջ նրան ավետել էր Փրկչով հղանալու մասին: Աստվածածինը տուն գալով հավաքեց առաքյալներին, ազգականներին և հաղորդեց տեղի ունեցածը: Այս խոսքերի վրա բոլորը տխրեցին, բայց Աստվածամոր հորդորով նրան լացի ու արտասուքի փոխարեն պետք է ճանապարհ դնեին սաղմոսներով, փառաբանություններով և Տիրոջը ուղղված գովերգներով: Աստվածամայրը խնդրում է, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում, իսկ Հովհաննեսին աղաչում, որ սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի վերջին անգամ հաղորդ լինի իր Որդու Մարմնին և Արյանը: Պատարագի ժամանակ որոտ ու դղրդյուն է լսվում, բոլորը հասկանում են, որ եկավ Աստվածամոր՝ երկրից դեպի երկինք փոխադրվելու պահը: Այդ պահից հետո առաքյալները Սուրբ Կույսի մարմինը վերցնում և օրհներգություններով տանում են  այն վայրը, որտեղ հենց ինքը Տիրամայրն էր խնդրել: Սրբազան ավանդությունը նաև պատմում է, որ Կույսի Մարմինը գերեզման դնելուց երեք օր հետո Քրիստոս Իր խոսքի համաձայն գալիս վերցնում է Իր մոր մարմինը և երկինք փոխադրում: Տոնի օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում և մեր եկեղեցիների բոլոր ավագ խորանները հենց Աստվածամոր անունով են օծված: Սուրբ Պատարագից հետո կատարում են խաղողօրհնություն կարգը և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին: Խաղողօրհնության կարգը կատարվում է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խոսքի «Ես եմ ճշմարիտ որթատունկը» Հովհ. 15.1: Խաղողը կարևոր պտուղներից մեկն է, նրանից ենք պատրաստում գինին, որը պատարագի ժամանակ բոլորիս աղոթքներով փոխակերպվում և դառնում Քրիստոսի արյունը: Խաղողի միջոցով օրհնում ենք նաև տարվա մյուս բոլոր բարիքները:

Ինչ դեր ունեցավ Մարիամ Աստվածածինը Քրիստոնեության կյանքում:

Մարիամ Աստվածածինը եղավ այն միակ անձը ում Ամենատես Աստծված ընտրեց, որպեսզի լինի այն անձը, ով պետք է լույս աշխարհ բերեր մարդկության Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: «Ուրախացիր ով շնորհընկալ Տերը Քեզ հետ է, մի վախեցիր Մարիամ, որովհետև դու Աստծուց շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես»: Իսկապես Մարիամը զարմանք է ապրում այս պահին, նա այս խոսքերը լսելիս չհակառակվեց՝ խոնարհաբար ընկալելով իրեն ուղղված ավետիսը ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Մարիամ Աստվածածինը առաջին սուրբն է Քրիստոնեական մեր ընդհանրական եկեղեցու: Նրա օրինակը և նրա կերպարը օրինակելի է կյանքի յուրաքանչյուր պահի: Նրա դերը Հայ ժողովուրդը շատ է կարևորում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով ունենք մայրության և մայրությանը բերկրանքին սպասող կանանց  օրհնության օր, որը ապրիլի 7-ին է նշվում, այդ օրը հենց Աստվածածնի ավետման տոնն է: Նրա կերպարը Քրիստոնեության մեջ իր ուրույն դերն ու նշանակությունն ունի, նա մանկուց իր ծնողների՝ Հովակիմի և Աննայի կողմից դաստիարակվել և կրթվել էր աստվածային օրենքներով, և նրա այս վառ կերպարը չվրիպվեց Աստծու կողմից և նա ընտրվեց Մայրը ամբողջ աշխարհի:

Ինչպիսի  ոգևորություն նկատեցիք բրազիլահայերի կյանքում այսօր պատարագի ժամանակ:

Վերափոխման տոնը մեր հավատացյալները փորձում են անցկացնել յուրովի, նրանք մասնակից են դառնում նաև նախապատրաստական աշխատանքներին: Շատ ընտանիքներ հեռաձայնում են և ցանկություն հայտնում խաղող նվիրաբերել եկեղեցուն, որպեսզի օրհնելուց հետո բաժանվի ժողովրդին: Պատարագից մեկ օր առաջ գեղեցիկ ավանդույթ ենք   ձևավորել, մի քանի հավատացյալների հետ եկեղեցու խորանը սպասավորող տղաները զարդարում են խորանը՝ օրը ավելի տրամադրող անցկացնելու համար: Բրազիլահայերը նախ և առաջ սիրում են իրենց հայ լինելը և Մայր Հայաստանից իրենց կարոտը փորձում են առնել հենց եկեղեցի հաճախելով և մասնակից դառնալով բազմաթիվ ծրագրերի: Ամենայն համեստությամբ պետք է նշեմ, որ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մեծ հարգանք է վայելում նաև տեղացիների մոտ, բազմաթիվ օտարներ են ներկա լինում մեր արարողություններին, շատ են եղել, որ հարցրել եմ, թե ինչու տեղական եկեղեցի չեք այցելում, նրանք պատասխանել են, որ այստեղ իրենց ավելի խաղաղ են զգում:

 Ինչ կմաղթեք բոլորիս տոնի կապակցությամբ

«Մայր Սուրբ բարեխոսեա վասն անձանց մերոց», Մայր Սուրբ բարեխոսիր մեր անձերի համար: Թող Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը  «Բեթղեհեմյան աստղի» պես միշտ ուղեկից լինի մեր Հայրենիքին՝ Հայաստան և Արցախ աշխարհին: Այսօր մենք շատ մտահոգված ենք այն ամենով ինչը կատարվում է մեր երկրի ներսում, հայոց սահմանները խաղաղ չեն, պատերազմի ավարտից հետո եթե չեմ սխալվում մոտավոր 70 զոհ ունենք, պետք է ավելի օգտաշատ քայլեր անենք, որպեսզի այդքան սպասված խաղաղությունը վերականգնենք: Աղոթքս է, որ յուրաքանչյուր հայ միավորվի մեկ գաղափարի շուրջ՝ ունենալու ավելի ուժեղ և ավելի զարգացած Հայրենիք:

Զրույցը՝ Մարիամ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031