«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը 2020-2021 թվականներին հետազոտել է կորոնավիրուսի ազդեցությունը 16-24 տարեկան հայ երիտասարդների հոգեկան առողջության վրա։ Ու քանի որ հետազոտման ընթացքում սկսվել են ռազմական գործողություններ Արցախում, պատերազմի ազդեցությունը ևս ուսումնասիրման թեման է դարձել։
Երեկ Գյումրիում ներկայացվեցին համապետական հետազոտության արդյունքները, որից ակնհայտ է դառնում, որ վեջին մեկ տարվա ընթացքում հայ երիտասարդներից շատերի մոտ նկատելի է ընկճվածության, հուսալքության զգացում, դեպրեսիայի նախանշաններ, ապագայի նկատմամբ անորոշություն։ Իսկ գրեթե 8 տոկոսի մոտ անհետացել է երազելու ցանկությունը։
Ըստ «Գյումրու երիտասարդական նախաձեռնություններ կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի, այն յուրաքանչյուր զարգացած ու խաղաղ պայմաններում գտնվող երկրի համար որպես խնդիր է դիտարկվում, քանի որ երիտասարդը հասարակության այն շերտն է, որը փորձում է փոփոխություններ բերել իր երազելով։
Կարդացեք նաև
«Մենք էլ մեր գործունեությամբ մշտապես ասում ենք՝ եթե ուզում ենք մեր աշխարհում, մեր համայնքում, մեր քաղաքում դրական փոփոխություններ բերել, պետք է տեղի երիտասարդին երազելու հնարավորություն ընձեռվի։ Իսկ սա մեզ համար լուրջ ազդակ էր, և նաև ահազանգ էր պետական կառույցների համար, որ երիտասարդներն անվտանգությունից ելնելով՝ այլևս պլաններ չեն նախաձեռնում այստեղ։ Ընտանիք կազմելու պլանավորումը, որն առանց այն էլ դժվար է, քովիդով ու պատերազմով պայմանավորված՝ երկրորդական պլան է մղվել։ Երիտասարդների մի մասն անվտանգ չի զգում այստեղ և դա ուղիղ ազդում է երիտասարդի կյանքի, ընտանիքի կազմման ու ձևավորման վրա»,-ասաց Արթուր Նաջարյանը։
Ըստ նրա, երիտասարդների հետ աշխատելու բոլոր հայտնի մեթոդներն ու գործիքակազմը սպառվել է, պիտի մտածել նոր մեթոդների մասին, որոնք կօգնեն երիտասարդների հետ առօրյա աշխատանք իրականացնելու համար։
«Մի կարևոր, լուսավոր բան կա հետազոտության արդյունքում, հարցվողների մեծ մասն իրենց ապագան տեսնում են Հայաստանում, ինչքան էլ որ ապահով չզգան այստեղ։ Պարադոքս կա, մի դեպքում իրենց զարգացումը չեն տեսնում հայրենիքում, ապահով չեն զգում այստեղ, բայց մյուս կողմից՝ չեն ուզում երկիրը լքել։ Սա և՛ հուզումնալից է, և՛ շատ կարևոր, իսկ սա խոսում է այն մասին, որ նման մոտեցում ունեցող երիտասարդների համար պետք է առարկայական նեղ աշխատանք իրականացվի։ Մոտեցումները պետք է փոխվեն, համալսարաններում պետք է ունենանք հոգեբանական ծառայություններ, որից որ յուրաքանչյուր ուսանող կարող է օգտվել, դա շատ կարևոր է»,- ասաց Արթուր Նաջարյանը։
Հետազոտությունը ուղեցույց է, փաստաթուղթ է պետական կառույցների համար, այնտեղ կան առաջարկություններ, որոնք պիտանի կարող են լինել ՏԻՄ-երին, մարզային իշխանություններին, որպեսզի նրանք քաղաքականություն փոխեն, թույլ չտան, որ ունենանք առողջական ու հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդներ։
Ըստ մեր զրուցակցի, երիտասարդներից շատերը ինքնամփոփ են, մասնագիտություն ընտրելու ցանկություն չունեն, Հայաստանում իրենց ապագան կառուցելու ցանկություն ևս, և այս ամենը պիտի կանխել։ Այլապես, նման հոգեվիճակը յուրաքանչյուր պետության համար կարող է արհավիրք լինել։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, ինչպես սպասելի էր՝ թե՛ համավարակը, և թե՛ ռազմական գործողությունները հետևանքներ թողել են հայ երիտասարդների հոգեկան առողջության վրա․ հարցվածների մոտ 7 տոկոսը նշել են, որ իրենք մոտակա ժամանակ պլաններ չունեն։
«Սա կարծում ենք ամենամտահոգիչ ցուցանիշներից է»,-ասաց Ծովինար Հարությունյանը։
Նա օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել էր Սյունիք՝ մարդկանց խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու համար։ Խոսելով իր այցից՝ Ծովինար Հարությունյանը նշեց՝ հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդներն իրենց ապագան պիտի տեսնեն իրենց երկրում, և եթե այդ կայունությունն, ապահովությունը չկա, նրանք չեն կարողանա պլանավորել իրենց հետագա անելիքները։
«Այս իմաստով մենք բոլորս աշխատանքներն այնպես պետք է կազմակերպենք, որ մարտահրավերներն հաշվի առնելով՝ կարողանանք այդ միջավայրը, մթնոլորտը փոխել, որովհետև միանգամից հնարավոր չէ այդ բոլոր խնդիրներին լուծում տալ։ Բայց մեր ուղերձն է այսօր աշխատանքներով, քայլերով գոնե երիտասարդների շրջանում ներշնչենք, որ ապագա կա, իրենք գնահատված են, պետությունն իրենց խնդիրները գիտի, իրենց համար ծրագրեր են անում, մտածում են երիտասարդների մասին և կարևորում են իրենց ներուժը»,- ասաց Ծովինար Հարությունյանը։
«Գյումրու Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Գայանե Առաքելյանն էլ, որն ամենօրյա շփման մեջ է մոտ 600 երիտասարդների հետ, նշեց, որ պատերազմը ստվերեց երիտասարդների մոտ առկա քովիդյան սթրեսը։
Երիտասարդների տան սաները ծանր հոգեվիճակի մեջ են հայտնվել իրենց ընկերներից մեկի՝ նոր բանակ գնացած 18-ամյա Գառնիկի զոհվելու գույժը լսելով։
«Մենք պատերազմը սկսեցինք լրիվ այլ ձևով զգալ մեր մաշկի վրա», -ասաց Գայանե Առաքելյանը։
Գյումրու երիտասարդների տունը հյուրընկալել էր նաև Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքների երեխաների։ Նրանց հետ հատուկ աշխատանք է տարվել՝ ինտեգրվելու, ժամանցը կազմակերպելու ու սթրեսը մոռացության տալու համար։ Առօրյա շփումն հասակակիցների հետ ու այցերը թանգարաններ, մշակութային օջախներ բավական արդյունավետ միջոց են եղել հոգեկան սթրեսի դեմ պայքարելու։
Ըստ Գայանե Առաքելյանի, իրենք պայքարում են պրոֆեսիոնալ ամենօրյա աշխատանքով, տարբեր միջոցառումներով, զրույցների միջոցով, այլապես անկարելի է հաղթահարել սթրեսը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ