Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցեց Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես ասաց․
«Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե,
Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կարդացեք նաև
Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի պատվիրակությանը Հայաստանում:
Ուրախ եմ նաև Հայաստանի կառավարության անունից հղել մեր ջերմ շնորհավորանքները Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում Հնդկաստանի հասարակության նշանակալի նվաճումներին, որոնք դրական ներգործությունն են ունենում համընդգրկուն առաջընթացի վրա։
Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Գոհունակությամբ պետք է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային համագործակցության:
Վերջին տարիներին մեր երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ շփումներ և մշակութային միջոցառումներ: Արդյունավետ է նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում:
Ցավոք, 2020թ. հունվարից կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան թույլ չտվեցին մեզ կյանքի կոչել մեր նախանշած ծրագրերը և փոխադարձ այցելությունները: Սակայն, ակնհայտ է, որ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք՝ երկկողմ քաղաքական, անվտանգային, ռազմական, տնտեսական, գործարար, մշակութային ու կրթական համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ։
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում: Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում: Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները:
Տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:
Հեռանկարային է նաև երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական, պաշտպանական, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի և այլ ոլորտներում:
Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում:
Հայաստանը շնորհակալ է Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Մենք արժևորում ենք Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի իրագործումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և այլ ոլորտներում:
Մեր երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա, առաջին հերթին, մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև նվիրվածությունը՝ հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանմանը:
Ինչպես ասել է հնդիկ մեծ մտածող և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդին, ում արձանը տեղադրվել է Երևանում՝ որպես մեր երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը, «հարաբերությունները հիմնված են չորս հետևյալ սկզբունքների վրա` հարգանք, ըմբռնում, ընդունում և երախտագիտություն»: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններում այս բոլոր սկզբունքներն առկա են:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր, հետադարձ հայացք գցելով հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ: Մենք հաստատակամ ենք զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու այդ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների»:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ