Արկադի Հովհաննիսյանը Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներից է:
88-ի երկրաշարժից հետո նրա ընտանիքը եւս մնաց առանց սեփական տանիքի: 33 տարի անց ի թիվս այլ ընտանիքների, Արկադիի 5 հոգուց բաղկացած ընտանիքը նույնպես վերջապես բնակարան կունենա. «Պետք է ապրեն մարդիկ, որ հասկանան տնակների ապրելակերպը, շատ դժվարությունով է: Իսկ երբ արդեն նոր բնակարան են տալիս, քո գլխին տանիք ես ունենում, դա մեծ ուրախություն է»:
Ծրագիրը կյանքի է կոչվել «Առք» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի ու Լոռու մարզպետարանի հետ համատեղ: Արդյունքում Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի 16 ընտանիքներ կապահովվեն քարաշեն բնակարաններով:
Կարդացեք նաև
Բնակարանների հիմնարկեքը տեղի ունեցավ Վանաձորի Տարոն 4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա: Իսկ ՀՀ կառավարությունն ու Լոռու մարզպետարանը կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում. «Կոմունիկացիաները պետք է մենք ապահովենք՝ գազաֆիկացնենք, էլէկտրաէներգիա, ճանապարհաշինություն եւ այլն: Կառավարությունն է ներդրում իրականացնելու, մոտ 50 մլն դրամ»,- ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Ծրագրի համար շահառու են ընտրվել են հիմնականում բազմազավակ եւ վճարունակ ընտանիքներ. «Հատկացված հողատարածքը թույլ է տալիս 21 տուն կառուցել: Այս պահին շինարարի հետ պայմանագիր ունենք, 1 բնակարանի արժեքը 12 ու կես միլիոն դրամ է: Շինարարական ամբողջ ծախսերն է մեր վրա: Ընդ որում՝ ծախսերի 50 տոկոսը նվեր է լինելու բնակիչներին, իսկ մնացած 50 տոկոսը անհատույց փոխառության կարգով 10 տարվա ընթացքում հետ կտան»,- ասում է «Առք» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը:
Մինչեւ տարեվերջ բնակարանամուտ կտոնեն 2 ընտանիքներ, մյուսների համար բնակարանների կառուցումը կավարտվի ծրագրով նախատեսված 5 տարի ժամկետում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ