Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը

Օգոստոս 15,2021 19:30

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշեց. «Երկու հազար տարի առաջ Աստվածամայրը մեզ չլքեց և չգնաց, այլ ապրում է մեր մեջ, ապրում է բոլոր մայրերի մեջ, և մենք անցյալով չենք խոսում Աստվածամոր մասին, որովհետև նա այսօր մեզ հետ է»:

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով առաջին դարում տեղի ունեցած իրադարձություններին, խոսեց Սուրբ Աստվածածնի կերպարի և փրկագործության պատմության մեջ նրա ունեցած դերակատարության մասին, ինչպես նաև Վերափոխման տոնի խորհրդին՝ պատգամելով ներկաներին ապրել Վերափոխման խորհրդի իրականության մեջ՝ խնդրելով Սուրբ Կույսի բարեխոսությունը։

Եզնիկ Սրբազանը, հատուկ անդրադարձ կատարեց որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով  Աստվածամոր տառապանքների հետ․ «Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ,  և  որոնց համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։

Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ովքեր որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, ովքեր իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, ովքեր իրենց հայրերին կորցրեցին։ Թող Աստվածամայրը ձեր որդիների հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ Ամեն»։

Վերջում Պատարագիչ Սրբազանը, աղոթք վերառաքելով առ Աստված, ևս մեկ անգամ հաստատեց,  որ Աստվածամայրը կենդանի է, Նա մեզ հետ է։ Քրիստոս այս պահին գալիս է Աստվածամորը փոխադրելու։ Վաղը նույնպես Աստվածամայրը մեզ հետ է լինելու, բոլորիս սրտերում։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031