Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է անեն այն, ինչ ասում է «պապան». Լեւոն Հայրյանը՝ Ադրբեջանի հետ «բարձր մակարդակի» բանակցությունների մասին

Օգոստոս 15,2021 13:45

«Հանուն  Հադրութի» կազմակերպությունը օգոստոսի 15-ին հավաք է կազմակերպել Եռաբլուրի մոտ: Aravot.am-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրյանը որոշ դիտարկումներ արեց, ապա խոսեց օրվա խորհրդի մասին:

«Ես նախ կխոսեմ ոչ թե այսօրվա, այլ դրան հաջորդած օրերի խորհրդի մասին, թե ինչպես մսխեցինք մեր հաղթանակը՝ մեր ազգային մենթալիտետի ծուլության ու անաշխատունակության պատճառով»,-ասաց պարոն Հայրյանը:

«Երբ մենք 1988-ին սկսեցին մեր ազգային-ազատագրական շարժումը, շատ դժվարությունների մեջ ընկանք, մեր թշնամիները սկսեցին մեր դեմոկրատական շարժմանը բիրտ ուժով պատասխանել, եւ աստիճանաբար պարզ դարձավ, որ պիտի պատերազմի փուլ անցնենք: Ես հիշում են նաեւ ժամանակներ, երբ մեզանից մեկ-երկու հոգի ասում էին պիտի պատերազմի պատրաստվենք, ընկերներ ունեինք՝ ասում էին էս սոցիալիստական 70 տարվա երկրում՝ ի՞նչ պատերազմ, բայց պատերազմը եկավ, մենք էլ մենակ էինք: Պարզվեց, որ հայ ազգը մենակ է եւ պետք է ինքնակազմակերպվի եւ իրեն պաշտպանի;

Քանի որ ազգային-ազատագրական շարժման ժամանակ առաջացած զգացումները, օրինակ` հպարտությունը կար,  առաջնորդները կային, մեզ հաջողվեց ստեղծել ազգային-ազատագրական բանակ եւ պաշտպանվել: Այդ բանակի ստեղծման եւ պաշտպանվելու օրինակներից մեկը 1992 թ. օգոստոսի 15-ի օրն էր, երբ չկար որեւէ մեկը՝ ռուս, ֆրանսիացի, անգլիացի, որ մեզ օգնի, գիտեինք, որ մենակ ենք, պետք է ապավինենք մեր ուժերին, եւ այդպես էլ արեցինք եւ հասանք հաղթանակի:

Այս խոսքերը մոտավորապես այս ձեւակերպմամբ, ասել է Արամ Մանուկյանը 1918թ. Սարդարապատի ճակատամարտից առաջ: Կոչով դիմել է ժողովրդին: Այդ կոչը պետք է բոլոր դպրոցականները առաջին դասարանից անգիր անեն այբուբենի հետ միասին եւ փոխանցեն իրենց հաջորդներին: Մենք պետք է միշտ իմանանք, որ մենակ ենք եւ  պետք է ապավինենք միայն մեր ուժերին: Պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, երբ մենք ապավինենք միայն  մեր ուժերին եւ հաջողության չհասնենք»,-ասում է «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահը:

«Մնացած մեր բոլոր հերոսական օրերի խորհուրդը, ինչպես արդեն նշեցի, մենք մսխեցինք, որովհետեւ հետո առաջացան կեղծ հերոսներ, կեղծ կերպարներ, որոշ արտասահմանյան հատուկ ծառայությունների ազդեցության տակ մեր դաշտային հրամանատարների մի  մեծ մասը սկսեց ոսկե ցլիկին՝ փողին տուրք տալ, ազգային- ազատագրական հայկական տիպով բանակը սկսեցին աստիճանաբար ռուսական «ստիլի» բանակ դարձնել: Ռուսները զինվորների մասին ասում են`  մայրերը դեռ կծնեն ու զինվորին տանում են թնդանոթի բերան, սպանում, դա համարում հաղթանակ: Մենք այդքան զինվոր չունենք, բայց մեր վերջին պատերազմը ցավոք սրտի, այդ սցենարով գնաց, զինվորներին մտցրին թնդանոթի բերան, կոտորեցին, տղաները պրծան, պատերազմն էլ ավարտվեց մեր պարտությամբ: Իսկ 90-ականներին, մեր հրամանատարներն այդպես չէին վարվում: Նրանք հաշվարկում էին, թե որ կետը կպահեն, քանի որ զինվորի կյանքը թանկ էր…Եվ այդ հրամանատարները չէին նշանակվել վերեւից»,-ասում է մեր զրուցակիցը:

Ափսոսում է, որ հետո  այդ հրամանատարները փոխվել են, Լեւոնը, օրինակ, դարձել է Լեւոն Կարապետովիչ, Սարգիսը՝ Սարգիս Ջումշուդովիչ եւ այլն, ռուսականացում է գնացել, ինչը վնասել է մեզ:

Մեր դիտարկմանը, որ ռուսական կողմը հայտարարել է,թե պատրաստ է աջակցել հայկական բանակի արդիականացմանը,Նիկոլ Փաշինյանն էլ՝ Ադրբեջանի հետ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու մասին, Լեւոն Հայրյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես նորից սկսում եմ սարսափել… Քանի դեռ Նիկոլը, Ալիեւը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսներն իրենց «պապային» համարում են Պուտինին, նրանք բարձր մակարդակի բանակցություններ չեն կարող վարել, պիտի անեն այն, ինչ ասում է «պապան»: Այդպիսի «պապաներին» պաշտող ղեկավարությունը չի կարող ոչ մի բանի հասնել:

Հայ ազգը պետք ձերբազատվի նման բաներից: Ես որեւէ սկզբունքային տարբերություն չեմ տեսնում Կարեն Դեմիրճյանի՝ որպես կոմկուսի քարտուղար, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք բոլորն էլ ռուսական դաշտի, ռուսական մտածողության մարդիկ են եւ անում են այն, ինչ ասում են Ռուսաստանից:

1918 թ ռուսներն այստեղից գնացին, մենք Հայաստան ստեղծեցինք, 1920 թ հետ եկան, Հայաստանը կորցրինք, Արցախն ու Նախիջեւանը տվեցին Ադրբեջանին: 1988-ին ռուսները այստեղից գնացին, մենք նորից Հայաստանը վերանկախացրինք, Արցախն ազատագրեցինք, 2020 թ ռուսները նորից հետ եկան ու Արցախը տվեցին Ադրբեջանին: Այսինքն, բարձր մակարդակի բանակցություններ կոչվածը իմիտացիա է, բարձր մակարդակի բանակցություն վարողը պետք է ազգային մտածողություն ունենա, ինչը չենք տեսել մեր ղեկավարներից ոչ մեկի մեջ»:

Ինչ վերաբերվում է Եռաբլուրում հավաքվելուն, այդ մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Ենթադրենք, հադրութցին դուք եք, էլ որտեղ պետք է հավաքվեիք: Մեկն ապրում է Նորք Մարաշում, մյուսը Զեյթունում, երրորդը մեկ այլ տեղ… Ավելի լավ է Եռաբլուրում հավաքվենք, քան Հանրապետության հրապարակում։ Այստեղ գոնե մեր հերոսներն են…»։

Ասաց նաեւ, որ օրվա խորհրդի թեմայով մի քանի միջոցառում կա՝ ներառյալ նաեւ Ստեփանակերտում, սակայն գլխավոր միջոցառումը  Եռաբլուրինն է. «Այսօրվա խորհուրդն  այն է, որ հայ ազգը չպետք է պարտությունը համարի դատավճիռ, այլ պետք է համախմբվի, վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, որի սահմանը անցնում է ոչ թե Սյունիքով, այլ Հորիդազով: Իսկ մեր վերջնական նպատակը, որպեսզի հայրերը կարողանան ապրել այս աշխարհում, պետք է լինի Սեւրի դաշնագրով եւ Վիլսոնի գծած սահմաններով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ aparaj.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031