Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան բացեց դռները հայ երիտասարդների առաջ․ վերսկսվել են Եվրամիության երկու կարևոր ծրագրերը

Օգոստոս 14,2021 23:20

Երկու տարվա կորոնավիրուսյան դադարից հետո վերսկսվել են հայ երիտասարդների, ուսանողների ու կամավորների համար կարևոր նշանակություն ունեցող երկու միջազգային ծրագրերը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Էրազմուս +»-ը  և «Եվրոպական համերաշխության կորպուս»-ը։

«Էրազմուս + երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերը Հայաստանում համակարգում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, տեղեկատվական կենտրոնները Գյումրիում են տեղակայված։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները երիտասարդների միջազգային օրը տեղեկատվական հանդիպում էին կազմակերպել՝ ազդարարելով ծրագրերի վերսկսումը։

Նրանք տեղեկացրեցին, որ «Էրազմուս + երիտասարդություն»-ը, որը  տարիներ շարունակ իրագործվել է մեր երկրում, վերսկսվել է ու երկարացվել է 7 տարով, այն կիրագործվի 2021 թվականից մինչև 2027 թվականը։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Եվրամիության անդամ պետությունները, տեսնելով ծրագրի կարևոր, շոշափելի արդյունքները երիտասարդների մասնագիտական կայացման, զարգացման, աշխարհի մասին պատկերացումներ ունենալու, ակտիվ քաղաքացիներ ձևավորելու հարցում, «Էրազմուս + երիտասարդություն» ծրագրի բյուջեն երեք անգամ ավելացրել են։

Հայաստանից մեծ թվով երիտասարդներ են հնարավորություն ունենալու մասնակցելու այս ծրագրին։ Այն հիմնականում կրթության վերապատրաստումների ոլորտում է, ավելի շատ  ներգրավված են մշակութային և սոցիալական ծրագրերը։ Ծրագրերի հիմնական նպատակը երիտասարդների անհատական և մասնագիտական զարգացում ապահովելն է, հնարավորություն տալն է ճանապարհորդելու, աշխարհը բացահայտելու և ամենակարևորը, ինչպես իրենք են ասում՝միջմշակութային և միջազգային համագործակցություններ ձևավորելու»։

Մեր զրուցակիցը նշում է ՝ այն Հայաստանի ամենահաջողված ծրագրերից է, որի մասնակիցների շնորհիվ մեր երկիրը սկսում է «դեսպաններ» պատրաստել։ Մեր երիտասարդները, գնալով տարբեր երկրներ, խոսում են Հայաստանից, ավանդույթներից, ներկայացնում մշակույթը։

«Վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանի վառ ներկայացուցիչներ են արտերկրում եղել,  կարծում եմ, որ վերջին 15-20 տարվա ընթացքում այս ծրագրին մասնակցած երիտասարդները շատ ավելի են աշխարհին Հայաստանը ճանաչելի դարձրել, քան երևի թե մեր միջազգային դիվանագիտությունն է դա ապահովել»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Կորոնավիրուսի պատճառով ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, մեծ թվով ծրագրեր չիրականացվեցին, իսկ այժմ Հայաստանում կա հաստատված մեծ թվով ծրագրեր։

«Մասնակիցների թիվը Հայաստանում եռապատկվելու, է այսինքն՝ տարեկան շուրջ 1500 երիտասարդներ կարող են մասնակցել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա, ծրագրերին կարող են մասնակցել ոչ միայն 18-30 տարեկան երիտասարդներն, այլ երիտասարդների հետ աշխատանք տանող կառույցների ներկայացուցիչները՝ բուհերի դասախոսներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք կարևորում են երիտասարդական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։

Հայաստանին հասանելի մյուս ծրագիրը՝ «Եվրոպական համաշխարհային կորպուս»-ը, 18-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնագիտական և աշխատանքային հմտություններ ձեռք բերել։ Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ, ծրագրերը կարող են լինել ինչպես կարճաժամակետ, այնպես էլ՝ երկարաժամկետ․ երկու շաբաթից մինչև  մեկ տարի տևողությամբ։

«Սա աշխատանքային հնարավորություն է տալիս գնալ Եվրոպա՝ հստակ մասնագիտությամբ, որին  իրենք տիրապետում են, խորացնել գիտելիքները։ Եթե ասենք անձը մասնագիտությամբ լրագրող է, բայց հետաքրքրված է ֆոտոլրագրությամբ կամ սոցիալական աշխատանքով, կարող է փորձել, մեկ տարի աշխատանքային պրակտիկա  ձեռք բերել այլ երկրում։ Ամբողջ ընթացքում բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը, իսկ տվյալ անձն այնտեղ ձեռք է բերում աշխատանքային հմտություններ, մասնագիտական աճ, էլ չեմ ասում կապեր, օտար լեզվի ուսուցում է տեղի ունենում։

Ի ուրախություն մեզ՝ հայ երիտասարդներն ակտիվորեն հետաքրքրվում են այս ծրագրով և տեսնում ենք, որ մարզերից են սկսել երիտասարդներ դիմել։ Ու չնայած «Էրազմուս + երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը Գյումրիում է տեղակայված, բայց Շիրակի մարզից ծրագրերով հետաքրքրվողներն ավելի քիչ են, քան Հայաստանի այլ մարզերից։ Մեր ուսումնասիրմամբ՝ դիմողների 60-70 տոկոսը Շիրակի մարզից չեն», -ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նշեց, որ ծրագրերից հիմնականում տեղեկացված են ակտիվ երիտասարդները, ուսանողների մեծ մասը ծրագրերի մասին սխալ պատկերացում ունեն,  ծրագրի բարձրագույն կրթության մասին են տեղյակ, որն իրագործում են համալսարանները, իսկ համալսարանները քիչ թվով՝ տարեկան 3-4 ուսանողների կարող են ուղարկել Եվրոպա, մինչդեռ «Էրազմուս + երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրենք տարեկան  500-700 պատանու կարող են ուղարկել։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ  ներկայացուցիչ Մարիամ Ղարագյոզյանն էլ տեղեկացրեց, որ երկու տարվա դադարից հետո  իրենք վերջապես կարողացել են Գյումրիում հյուրընկալել Էստոնիայից մեկ կամավորականի, որը տաս ամիս աշխատելու է իրենց կազմակերպությունում։ Նշենք, որ Քովիդի տարածումից անմիջապես հետո ամենաշատ թվով միջազգային կամավորականներ ունեցող այս կառույցը հայրենիք էր ճանապարհել բոլոր կամավորականներին։

ԵՆԿ շուտով կհյուրընկալի կամավորականի նաև Ֆրանսիայից։

Մարիամ Ղարագյոզյանի տեղեկացմամբ, այս պահին ընթանում են թե» հյուրընկալման, և թե՛ Եվրոպա ուղարկման ծրագրեր։

«Նախկինում փակ էին սահմանները, այժմ վերաբացվել են, և հայ երիտասարդները ևս կարող են որպես կամավորականներ մեկնել արտերկիր»,-ասաց Մարիամ Ղարագյոզյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031