Հնդկական երկու ֆիլմերում՝ «Ալի Բաբան և 40 ավազակները», «Մուստաֆա», ստանձնած դերերը հանրահռչակ դերասան Մհեր Մկրտչյանին անմահացրել են հնդիկ հանդիսատեսի հիշողության մեջ։
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր հանդիսատեսի դատին ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը, որը «Հայ-հնդկական բարեկամություն» հ/կ-ի, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»-ի համատեղ ջանքերի ծնունդ է։
ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդը լրագրողների հետ հանդիպմանը նշեց․ «Ֆրունզիկի կերպարն ինձ համար միշտ հանդիսացել է մշակույթի, երկու երկրների բարեկամության դեսպանի կերպար։ Երբ իմ ընկեր Դավիթ Բեժիտաշվիլին եկավ ֆիլմ ստեղծելու առաջարկով, ուրախությունս շատ մեծ էր։ Ֆրունզիկի կերպարի հրաշքը վեր է ազգային պատկանելիությունից։ Այդ կերպարը միավորել է երեք երկրների, որպեսզի գործակցենք։ Համոզված եմ, որ այս ֆիլմը երկար կյանք 1 ունենալու, որովհետեւ այն բացառիկ է իր կադրերով, պատմություններով եւ այն վերաբերմունքով, որը Ֆրունզիկն ուներ հնդիկ ազգի հանդեպ»։
Կարդացեք նաև
Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլին էլ իր հերթին ասաց․ «Մանկուց սիրել եմ Ֆրունզիկին։ Ամեն անգամ Հայաստան գալիս միշտ ծաղիկներ եմ խոնարհել։ Նրա մասին շատ փաստավավերագրական ֆիլմեր դիտելուց հետո որոշեցի, որ ինքս էլ մի բան անեմ եւ Ֆրունզիկին ցույց տամ այլ տեսանկյունից։ Նոր սերունդը չգիտեր, որ նա երկու հնդկական ֆիլմերում է նկարահանվել։ Որոշեցինք լրացնել բացը։ Չուզեցանք կրկնվել եւ խոսել նրա ընտանիքի, անձնական ողբերգության մասին»։
Հավելենք, որ ֆիլմում ընդգրկված որոշակի փաստերն ու դրվագները երբեւէ չեն հանրայնացվել․ այն նվիրված է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հ/կ-ի հիմնադրման 10 ամյակներին: Ֆիլմն առաջիկայում էկրաններ կբարձրանա նաեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ Հնդկաստանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ