Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիգրանտի «Ճախրը» Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակում

Օգոստոս 14,2021 20:29

Ի՞նչ է հայելին․․․ հղկված մակերևույթով անշունչ մի իր, որը ցոլացնում է դիմացը գտնվող առարկայի պատկերը, անդրադարձում տեսանելին։

Հայելիները երբեմն դառնում են նաև խոսուն վկա ինքդ քո հետ ամբողջ զրույցը հուշագրելիս։ Նրանք ունեն տարողունակ  ու անչափելի հիշողություն, մինչ այն պահը, երբ չեն վերածվել սրածայր ու արյունաբեր կտորտանքի։ Սակայն հայելիները կարող են նաև աղճատել ամենն ու ամեն ինչը, եթե չես ուզում ամեն բան սկսել նորովի ու նոր կետից։

Հեղինակը հայելին դարձնելով սիմվոլ կամ խորհրդանիշ՝ փորձել է այդ անդրադարձումով ներկայացնել հերոսի ինքնահայեցումը, ազատության ձգտման տենչն ու փափագը, ժամանակի ծնունդ առած «նորաձև» սկզբունքը ՝ օտար հողի դառնությունը գերադասելի համարելով՝ փախչել սեփական երկրի դժվարություններից։

Ինչ խոսք, յուրաքանչյուր ստեղծագործություն՝ որպես մնայուն արժեք, արտացոլում ու դառնում է տվյալ ժամանակաշրջանի ծնունդը։ Այս առումով հայ ժողովրդի համար ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում պատմության, նաև՝ գրականության գրանյութ է դարձել (Մկրտիչ Նաղաշ, Ներսես Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, Նահապետ Քուչակ, Սիմեոն Երևանցի և այլոք) պանդխտության, տարագիր ու գաղթական հայի ապրած ծանրաքարշ օրերի, ապրված կարոտի, կրած զրկանքների, ազգային դիմագծի կորսված պատկերները։

Մանուկ Աբեղյանը գրել է․ «Պանդխտության մեծ վիշտն ու թշվառությունը․․․մեր սրտի տխուր լարերից մեկն է եղել ամենահին ժամանակներից սկսած՝ մինչև օրս»։

Տեսնես մեծ գիտնականն այս ձևակերպումն անելիս մտածե՞լ է, որ այն շարունակելու է մնալ գալիք դարի՝ գեղեցիկ կյանքի ձգտման, կեցության նորաձև ու ակտուալ բանաձևը։ Կամա, թե ակամա այն եղել և մնում է ազգային պատուհաս։ Նույնիսկ ժողովրդական բանահյուսության էջերին հանդիպում ենք չափածո այնպիսի տողերի, երբ օտարության ճամփան բռնած հային անգամ անեծք են հղել․

Եւ թէ մարդ մարդո անիծէ՝

Թող ասէ՝ ղարիպանաս,

Ի ղարիպութիւն երթաս՝

Ղարիպի հալն իմանաս։

                                                   «Ողբ ղարիպի ասացյալ»

Մեր օրերում նույնիսկ նժդեհ, տարագիր, պանդուխտ բառերն են իրենց նորաբան անվանումը  ձեռք բերել՝ էմիգրանտ, անձ, որը թողելով  իր քաղաքացիության կամ մշտական բնակության վայրը, բնակություն հաստատելու նպատակով մեկնում է այլ պետություն, իրեն դեռևս անհայտ ու օտարոտի մի երկիր։ Երկիր, որը լուսավոր  ապագայի ոչ մի խոստում ու ցանկություն նախապես չի մակագրում։

«Հայելապատում»-ում հեղինակը հոգեբանական երբեմն զգույշ, երբեմն՝ սուր ու ազդու դիտարկումներով, որոշ դրվագներում հուզախառն դրսևորումներով, բայց և՝ մշտապես սթափ գրողական վարպետությամբ ու եզրահանգումներով պատկերել է հայ և օտարազգի էմիգրանտների օտար ափերում ապրած կյանքի դժվարություններն ու չարչարանքները, որոնք սկզբում հաճելի ու գերող գինարբուքներից, սեթևեթող ու անդիմադրելի հրապույրներից հետո տարագրին քարշ են տալիս՝ գերելով ու հասցնելով անգամ Հադեսի մեռյալ ստվերների գիրկը։

Ամենը գլխավոր հերոսի՝ Միքայելի համար դառնում է սթափության, աշխարհն ու շրջապատն իրապաշտորեն, սին ու խաբկանքներից զերծ տեսնելու զգաստացման կոչնազանգ՝ ետևում թողնելով թանկ ու հարազատ կորուստների ցավն ու ափսոսանքը։

Կիսում եմ այն տեսակետը, որ վիպակն իր փոքր ու սեղմ ծավալի մեջ ժանրային առումով արմատներ է ձգում՝ հասնելով վեպի խորությանը։

Հետաքրքիր նորություն էր նաև (համենայն դեպս ինձ համար) առաջին իսկ էջերին չգտնել խմբագրական նախաբանը։ Ընթերցողը, հասնելով վիպակի ավարտին, իր ստացած մտորումները եզրափակում է՝ այն  հարստացնելով խմբագրի (Նշան Աբասյան) սեղմ ու տարողունակ ամփոփ վերլուծությամբ։

Ընթերցողական հետաքրքրություն էր առաջացնում նաև յուրաքանչյուր գլխի համար նախամուտք հանդիսացող հայ և համաշխարհային գրականությունից բերված խորիմաստ մեջբերումները՝ միաժամանակ հեղինակն իր գրիչն էլ ծառայեցնելով նշանակալից իմաստ արտահայտող ասույթների կերտմամբ («Բառերի կեղծ ապրումակցմամբ զգացմունքները մեռնում են»։ «Քաղաքում հանգիստ ապրելու համար պետք է անպայման լեռներ ունենալ»։ «Որքան ուզում ես սիրիր, վստահիր դիմացինիդ, միևնույն է, լռելը փրկարար է»։ «Կեղծ ժպիտների տակ թաքնված իրականությունն ու ճշմարտությունը մի օր հենց քեզ են սպանելու»․․․), որոնք ընթերցողի համար կարող են դառնալ կյանքի բավիղներում ճիշտ կողմնորոշվելու պարզ ու վճիտ արտացոլանք։

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031