ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, 2020թ․-ի պատերազմի ընթացքում «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» ՀՀ ՊՆ ներկայացուցիչ հանդիսացած Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես հայտնել էինք, պատերազմի վերաբերյալ հաղորդումների շարք է նախաձեռնել․ առաջին հաղորդման ժամանակ հնչած պնդումների վերաբերյալ «Առավոտ»-ին թղթակցող Նաիրա Բաղդասարյանն ուշագրավ հարցադրումներ եւ եզրահանգումներ էր ներկայացրել, որոնց վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանի հետ ենք զրուցել։
-Պարոն Հովհաննիսյան, տիկին Բաղդասարյանը նկատել է, որ դուք որոշել եք հանդես գալ նման նախագծով, որովհետեւ, ձեր բնորոշմամբ, պատերազմից հետո ձեր եւ ձեր ընտանիքի նկատմամբ սկսվել է մեդիատեռոր, սակայն, ըստ նրա, դա հնարավոր չէ «մեդիաահաբեկչություն» որակել։ Որպես օրինակ մեջբերել է հայտնի ահաբեկչական խմբավորումներից «Իսլամական պետությանը» եւ մատնանշել, որ մեդիաահաբեկչություն տերմինը մասնագիտական գրականության հասկացություն է, որը ենթադրում է մշակված և նպատակաուղղված տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն՝ իր բոլոր նեգատիվ դրսևորումներով, ինչի արդյունքում լսարանը պետք է հանգի խուճապային տրամադրությունների: Ի՞նչ դիրքորոշում ունեք պնդման առիթով։
-Նախ, դա իր գնահատականն է։ «Մեդիաահաբեկչություն» տերմինի ակադեմիական բացատրությունը որտե՞ղ է։ Ո՞ր բառարանում կարելի է այն գտնել։ Իհարկե, դիտարկում ենք նաեւ փոխաբերական իմաստով։ «Մեդիաահաբեկչություն» տերմինն օգտագործել եմ բառի բուն իմաստով, որովհետեւ ահաբեկման տարրեր են եղել իմ ու ընտանիքիս հանդեպ։ Չեմ ուզում բոլորը բարձրաձայնել, բայց սկսած անձնական նամակներով ահաբեկելուց եւ վախեցնելուց, վիրավորելուց, վերջացրած՝ երեխաներիս հանդեպ անգամ դասապրոցեսի ընթացում կողմնակալ վերաբերմունքով։ Ամեն ինչ չեմ ասի, մանավանդ, որ շնորհակալ եմ հայ ժողովրդից, որովհետեւ նման վերաբերմունքի ուղիղ հակառակն էլ կա եւ այն շատ ավելի մեծ է՝ աջակցությունը, նամակները, աջակցողները, որոնց չեմ էլ ճանաչել, բայց որոնք արտասահմանում բուժման ընթացքում եկել են եւ աջակցել։ Ես չեմ կարող դժգոհել ժողովրդի վերաբերմունքից, ուղղակի ծայրահեղ ահաբեկման տարրեր են եղել, որոնք իմ բացատրությունում միանշանակ տեղավորվել են։
-Մյուս հարցապնդումը Գանձակի օդանավակայանի առնչությամբ է։ «Եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք ցանկանում էինք հակառակորդի լսարանին մատնել խուճապի՝ տարածելով, թե «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց»: Շատ լավ: Բայց, կարծում եմ, այդ օպերացիան մշակողները մի պահ մտքաթող են արել, որ Ադրբեջանն էլ է 21-րդ դարում ապրում, որ այդ երկրում էլ կան ինտերնետ, արբանյակներ և վերջապես լրագրողներ, որոնք նկարում և տարածում էին բոլորովին անվնաս Գանձակի օդանավակայանը»,-նշել է հոդվածագիրը։ Թեեւ դուք չէիք այդ տեղեկատվության աղբյուրը, բայց, այնուամենայնիվ, վերոնշյա՞լն էր նպատակը։
Կարդացեք նաև
-Տիկին Բաղդասարյանն այլ բան է հասկացել։ Նա ի սկզբանե սխալ է հասկացել։ Իրեն թվացել է, թե դա ասվել է, որպեսզի բաքվեցին կամ գանձակեցին տեսներ, որ օդանավակայանն ավերված է ու հավատար դրան․․․ ոչ։ Բոլորովին դրա մասին չէ խոսքը։ Տիկին Բաղդասարյանի ընկալումը Գանձակի օդանավակայանի մասին բացատրությանը լավագույնս ապացուցում է այն, որ ռազմական լրագրությունը մասնագիտություն է։ Հարգարժան լրագրողը հեռու է դրանից եւ սեփական հետեւություններն է անում եւ դրանք փորձում մատուցել որպես իրականություն։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։ Էլի եմ ասում՝ չեմ կարող բացել Գանձակում կատարվածի փակագծերը, որովհետեւ այն ունի ռազմական գաղտնիք, այն պարունակում է շատ խորը եւ երկարաժամկետ գաղտնիք։
Շատ տարիներ հետո գուցե դրա մասին խոսենք։ Մի ակնարկ կարող եմ միայն անել, որը գուցե օգնի հոդվածագրին։ Խոսքն ինֆորմացիոն քողարկման մասին է։ Պատերազմի ժամանակ տեղի են ունենում գործողություններ՝ իրական գործողություններ, որոնց մասին որեւէ կերպ խոսել չես կարող, բայց քանի որ այդ գործողություններն ունենալու են որոշակի հասարակական ռեզոնանս, ապա պիտի գործողության փոխարեն ուրիշ մի բան մեդիայում մատուցես։ Դա կոչվում է ինֆորմացիոն քողարկում։ Նաիրա Բաղդասարյանը չգիտեմ, թե որքանով է տեղյակ մեդիաքողարկում հասկացությունից, բայց կատարվել է մի բան, որը պետք է ներկայացվեր որպես լրիվ այլ բան։ Երբ հանրությանն ասում եմ, որ դա արվել է այնպես, որ այդ մասին բարձրաձայնեն Արցախի քաղաքական իշխանությունները, ուրեմն այստեղ կա նաեւ իրավաչափության եւ իրավունքի այնպիսի խորքային խնդիր, որ ՀՀ-ից որեւէ մեկը դրա հետ չպետք է առնչություն ունենա։ Որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, ավելին պետք է ասեմ, որը, ցավոք, չեմ կարող»։
-Ինչպես հայտնի է, որ հոկտեմբերի 19-ին Սյունիքի համայնքապետերն ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կոչ արեցին, ինչը միանշանակ չընկալվեց։ Ժամեր անց դուք ասացիք, որ ամեն ինչ կարգին է եւ որ համայնքապետերի կոչերը միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Ինչո՞ւ։
-Ամեն ինչ պետք է ասվեր կարգին։ Նահանջն ու պարտություններն անգամ եթե չեն արվում ղեկավարվող գործընթացներով, այլ դառնում են քաոս, տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են հասցնում։ Հոդվածագիրը, ինչպես եւ հանրության շատ հատվածներ, պարտությունից հետո որեւէ այլ՝ ավելի վատ բան չեն պատկերացնում, բայց, հավատացեք, որ կարող էր տասնապատիկ անգամ ավելի վատ բան տեղի ունենալ։ Մի քանի առիթով ասել եմ։ Մարդկանց թվում է, թե ինձ արդարացնելու համար եմ դա ասում, բայց ոչ։ Բարեբախտաբար, տասնյակ տարիներ հետո գալու է սերունդ, որը հասկանալու է, ուսումնասիրելու է եւ հասկանալու, թե ես ինչ նկատի ունեմ։
Դիտարկելու է այլ պատերազմներ եւ մեր պատերազմը, պատմությունից օրինակներ է բերելու առ այն, որ եթե հանկարծ կանոնավոր զորքը փախներ ու չհավատար, քաոս ու խուճապ ստեղծվեր, դուք թուրքին Երեւանում էլ չէիք կանգնեցնելու, եւ ոչ մեկ չէր կանգնեցնելու։ Մենք մոռացել ենք 92թ․ հյուսիսային Արցախի կորուստն ու քաոսը, մոռացել ենք, թե դա ինչի կարող էր վերածվել։ Մենք չգիտենք, թե ինչ է 41թ․-ի խորհրդային միության անկանոն փախուստը, թե ինչու էր Ստալինը հրաման արձակել ցանկացած նահանջողի ու խուճապ տարածողի գնդակահարելու, բայց, հավատացեք, ճշմարտությունը հասկանում են չափերի եւ համեմատության մեջ։ Էմոցիաներով գնահատելը շատ սխալ մոտեցում է։
-Ի դեպ, այս համատեքստում մեղադրանքներ են հնչում, որ քաղաքացիների՝ մոբիլիզացվելուն մասնակցելուց հրաժարվելը, ճակատ մեկնելուց խուսափելը պայմանավորված էր հենց պաշտոնական լրահոսով, որը «արխային լինելու» թմբիրի եւ էյֆորիայի մեջ էր պահել մարդկանց։
-Ոչ, հակառակը։ Նման մեկնաբանությունը բխում է ռազմական գործին չտիրապետելուց, չպատկերացնելուց, որովհետեւ աշխարհում դեռ չի եղել դեպք, որ պատերազմի քաոսի, կորուստների եւ նահանջի մասին լուրերն առաջացնեն համապետական պոռթկում ու հայրենասիրություն։ Դե, բերեք այդ օրինակը։ 1941թ․-ին Գերմանիան մտել էր Ֆրանսիա ու շատ արագ գնում էր դեպի Փարիզ։ Ֆրանսիական բանակը քսան տարի լսել էր մեկ բան, որ իրենք գերմանացիներին առաջին համաշխարհային պատերազմում հաղթել են։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ Ֆրանսիայում, հերոսականության պոռթկո՞ւմ։ Բոլորը վազում էին դեպի ճակա՞տ․․․թե հակառակը եղավ։ 1941թ․-ին Կիեւի անկումից հետո ԽՍՀՄ-ում մարդիկ թեկուզ ասեկոսեներով, բայց գիտեին, որ գերմանացիներն օրական հիսուն կմ արագությամբ մխրճվում էին ԽՍՀՄ տարածք։ ԽՍՀՄ-ում այդ ժամանակ բոլորը վազում էին ճակա՞տ։
Թե՞ Մոսկվայի տակ 300 հազարից ավելի փախնողի ու նահանջողի հանդեպ քրեական գործ էր հարուցվում։ Պատմություն չգիտեք, ռազմական գործը չեք պատկերացնում, հարգելի Նաիրա, դրանից է․․․ Պատերազմը չիմացող մարդու հասարակական ընկալումն այն է, որ մեր մոտ հայրենասիրական ցուցանիշի այդպիսի գիտակցում կար։ Իմ խոսքերն ապացուցվում են այն մեղադրանքներով, որոնք այսօր հնչեցվում են իշխանության, ինչ-որ առումով նաեւ ժողովրդի հասցեին։ Երեւանցուն ինչո՞ւմ եք մեղադրում, որ Գորիսը վտանգի տակ է, իսկ երեւանցու հեչ պետքը չի, չէ՞․․․այդ ինչպե՞ս է ստացվում, որ Գորիսը վտանգված է, իսկ Երեւանցու պետքը չի, բայց որ հանկարծ Արծրունն ասեր՝ «Մատաղիսը վտանգված է», բոլորը հելնելու էին վազեին ճակա՞տ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Տեսնո՞ւմ եք, որ սխալվում եք, որովհետեւ այս գործի մասնագետը չեք։ Դուք նայում եք հասարակական տրամաբանությամբ։
Հոդվածագրին վիրավորելու միտում չունեմ, մանավանդ, որ այս նյութը իմ վերաբերյալ առկա մեղադրանքների առնչությամբ ամենագրագետ նյութն է։ Այսինքն, չափերի մեջ է եւ փաստացի, թեեւ այդ փաստերն իր ընկալմամբ են ներկայացված։ Մանիպուլյացիոն տարրեր էլ կան, բայց չկան անձնական վիրավորանքներ։ Ամեն դեպքում, պրոֆեսիոնալ չի։ Մենք հենց ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով ենք այս օրին հասել։ Մեդիաքաղաքականությունն այդպիսին է։ Հեղինակը նաև չի նկատել իմ տողատակերի կամ խոսքերի արանքում ասած զգուշացումները, որ վիճակը փայլուն չէ, որ ծանր մարտեր են և այլն։
-Պարոն Հովհաննիսյան, բանը հասել էր նրան, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրում, հորդորում էին գնալ հայրենիքը պաշտպանելու, ասում, որ թշնամին Շուշիի մատույցներում է արդեն։ Ո՞րն է, ձեր վերլուծությամբ, խնդրի հիմքը, քաղաքացու կողմից պատրաստակամություն չցուցաբերելու, անտարբերության հիմքն ու պատճառը։
-Նախեւառաջ, պատերազմի յուրաքանչյուր փուլի իրականությանը որեւէ մեկը դեռեւս առանձին գնահատական չի տվել, առավել եւս՝ մասնագիտական։ Արդեն երրորդ անգամ եմ սա ասում, եւ որեւէ մեկը այն չի հերքել ու չի կարող հերքել, որովհետեւ բացարձակ ճշմարտության մասին է խոսքը։ Պատերազմի առաջին 1,5, մաքսիմում՝ 2 շաբաթը, մոտ տասը օր, բոլորի մոտ բացարձակ էյֆորիա է եղել, որովհետեւ զորքերը հերոսաբար դիմադրում էին, եւ հակառակորդի մոտ ճեղքում չէր ստացվում։ Հետեւաբար, այդ տասը օրվա քարոզչությունն իր բնույթով պետք է տարբերվեր հաջորդիվ եղած գործընթացներից։ Անգամ անթույլատրելի տեսանյութերը, որոնք հայտնվում էին համացանցում, խոսում էին միայն էյֆորիայի մասին։
Այսինքն, ոչ մեկ չի կարող ապացուցել, որ առաջին տասը օրերին իմ կողմից հերոսական ոգու փոխանցումը սխալ էր։ Մենք հերոսական դիմադրություն ունեինք եւ հավատ, որ զորքն այդպես շարունակելու է դիմադրել։ Ավելին, բոլորս հավատում էինք, որ աշխարհը կարողանալու է պատերազմը կանգնեցնել։ Մինչդեռ այն երկարում էր։ Այստեղ ինձ մեղադրանք ներկայացնելը մերկապարանոց է։ Ոչ քարոզչության, ոչ իրականության ընկալման տեսանկյունից հնարավոր չէ, որովհետեւ խոցելի բան չկա։ Հաջորդ փուլը միջանկյալ հատվածն է, երբ իրավիճակն աստիճանաբար վատանում էր, իսկ քարոզչությունը, ի դեմս, ինձ․․․ընդ որում, ես քարոզչության պատասխանատուն չեմ եղել, այլ արտահայտողը։
Քարոզչության պատասխանատուն պետությունն է, գլխավոր շտաբը, կառավարությունը։ Որոշ հարցեր հաճախ չգիտակցված կերպով ամբողջությամբ ինձ են հասցեագրվում։ Հարց են տալիս, թե ինչու այն քարտեզը, որը ցուցադրվեց ՊՆ-ի կողմից, դրանում մինչեւ վերջ Հադրութը շարունակում էր մնալ մեր վերահսկողության ներքո։ Նախ, ՊՆ-ն ամեն օր հրապարակում էր բնակավայրերի անուններ, թվեր, նշանակալի իրադարձություններ։ Դրանք բոլորը փաստական նյութեր են, որոնք ես ստանում էի ԳՇ-ի օպերատիվ վարչությունից։ Գրեթե չի եղել մի բան, որը ես սխալ ասած լինեմ, եւ իրենք ասեն՝ ուղղի։ Եթե որեւէ բնակավայր մերը չէր լինում այլեւս, այն, բնականաբար, հայտնվում էր քարտեզում։ Եթե ինձ ասում էին, որ բնակավայրի հատվածում շարունակվում են մարտերը, ցույց էին տրվում կետագծեր՝ հրացանների պատկերներով։ Պարզ է չէ՞, թե ինչու։ Ես այդպիսին եմ ստացել տեղեկատվությունը։ Որքան պատերազմը մոտենում էր վերջին, հակառակորդն ավելի առաջ էր գալիս, եւ քարոզչության տոնը փոխվում էր։ Եթե հիշատակում եք, որ երկրի ղեկավարներն էին ասում, որ հակառակորդը հասել է Շուշիի մատույցներին, պետք է շեշտել, որ մինչեւ մատույցներին հասնելը քանիցս ինքս եմ ասել, որ, օրինակ, Սանասար ավանը կընկնի։ Այս փաստը չեն ուզում նկատել։ Ճեպազրույցների ժամանակ հարյուր անգամ ասել եմ, որ ութ անգամ մեծ հակառակորդի հետ գործ ունենք, սա եւս չեն ուզում նկատել։ Օրինակ, երբ ասում եմ, որ մի քանի տեղամասերում ծանր մարտեր են ընթանում, որոշ տեղամասերում հաջողվել է հետ մղել հակառակորդին, դուք դրանից ի՞նչ եք հասկանում։
-Որ որոշ տեղերում գուցե չհաջողվի հետ մղել։
-Այո․․․ոչ մեկ չէր ուզո՞ւմ դա նկատել։ Բայց նկատողներ եղել են, շատերն են եղել եւ ոչ զինվորական։ Իմ ուսանողները, որոնք քիչ թե շատ տարրական գիտելիքներ ունեն ռազմական քարոզչության մասին, ինձ գրում էին՝ «որքան էլ դուք կանոններին համաձայն քողարկում եք, մենք հասկանում ենք, որ վիճակը լավ չի, որ հակառակորդը թեկուզ ճեղքում չի անում, բայց դանդաղ առաջ է գալիս»․․․ անընդհատ կրկնել եմ, որ զորքը հերոսաբար դիմադրում է։ Հարց չի առաջանո՞ւմ, թե ինչին։ Այո, ուրեմն վիճակն այնքան լավ չի, որ դիմադրում է։ Ես չեմ ասել, թե մեր զորքերը փառահեղ արագությամբ հարձակվում են դեպի Քուռ ու Արաքս։ Ասել եմ, որ հերոսաբար դիմադրում են, իսկ հասկացողը լավ էլ հասկացել է։
-Ի դեպ, Հադրութի առնչությամբ հարցադրումներ են հնչում, թե մի քանի որ այն արդեն թշնամու ձեռքում էր, մինչդեռ հանրությունը գիտեր, թե մեր հսկողության ներքո է։ Մեղադրում են, որ մարդկանց խաբելու համար էր WarGonzo-ն Հադրութ գնացել ու կատարել հայտնի տեսագրությունը։
-Ծիծաղելի մեղադրանք է։ Ես հստակ ամսաթիվ չունեմ։ Մի բան կարող եմ ասել, որ հոկտեմբերի կեսին, վերադառնալով Հադրութից, ինձ ասացին, որ «թութակներով» չգնամ, այլ գնամ Ֆիզուլիով։ Այդտեղից պարզ էր, որ վտանգը մեծ է։ Հադրութի համար արդեն մեկ մարտ մղվել էր։ WarGonzo-ի հետ գնալիս Հադրութի մեջ արդեն մարտ էր եղել։ Եթե նկատել եք WarGonzo-ի նյութից, նա խոսում է դեմքը փակ մեկ պահեստազորային դիպուկահարի հետ։ Նա ծառայել էր Հադրութում, զորացրվել, հետո կամավոր եկել Հադրութի համար կռվելու։ Նա պատմում էր, որ գիշերը թուրքերը եղել են քաղաքում, բայց իրենք հետ են մղել։ Դրանում ոչ մի կեղծիք ու սուտ չկա, բացարձակ իրականություն է։ Մոտ հարյուր հոգանոց խումբը մտել էր Հադրութ, իսկ մեր ինքնապաշտպանական ուժերը չեզոքացրել էին հակառակորդի գրոհը։ Այդ մասին հաղորդումը եղավ, որից երկու օր հետո առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի համար պետք էր մեքենա ուղարկել։ Այստեղից մեքենա ենք գնել ընկերներով, ուղարկել այնտեղ՝ եղբորս հետ։ Նրան էլ են ասել, որ Ֆիզուլիով առաջանա։
Սուտն այստեղ ո՞րն է։ Երբ Հադրութը քարտեզի վրա վերջնականորեն չէր ներկվում նվաճված գույնով, բայց Հադրութից անմիջապես վերեւ գտնվող գյուղերը ներկայացվում էին որպես մարտական գործողությունների թատերաբեմ, դա ի՞նչ է նշանակում․ որ կամ մարտեր են դեռ ընթանում, կամ մտնում են, կամ արդեն մտել են Հադրութ։ Այստեղ կեղծիքը ո՞րն է։ Մարդիկ ուզում էին, որ ես կանգնեի ու բացահայտ ասեի, որ մենք պարտվել ենք, որպեսզի այսօր ասեին՝ «դու բերեցիր նրան, որ ժողովուրդը պարտվեց»։ Մարդիկ ուզում էին, որ ես քարոզչական էլեմենտով կոտրեի մարդկանց ոգին, ասեի, որ հաղթելու շանս չկա, որ այսօր ինձ ասեին՝ «այդպես չի կարելի քարոզել, դու այս ի՜նչ սխալ արեցիր, դու պետք է ոգի տայիր մեզ, բայց կոտրեցիր»։
-«Մարդիկ» ասելով կոնկրետ անձա՞նց նկատի ունեք, թե հանրության որոշակի հատվածների։
-Հանրության բացարձակ մեծամասնությանը պետք չի ներքաշել այս ամենի մեջ։ Մեկ ու կես ամիս առաջ կյանքն ապացուցեց, որ կա մեդիաիրականություն եւ այլ՝ հայաստանյան իրականություն։ Ընտրություններն ի՞նչ ապացուցեցին։ Ֆեյսբուքյան իրականությունն այլ բան էր, մեր քաղաքացիական իրականությունը՝ բոլորովին այլ։ Երբ ասում են, որ հանրությունն ինձ մեղադրում է, հարցնում եմ՝ ո՞ր հանրությունը, ֆեյսբուքում նստած 10 տոկո՞սը։ Այ հենց սրանում է խնդիրը։ Որքան էլ սուտ էին խոսում, թե ես ԱՄՆ եմ փախել, ես ապրում եմ այս երկրում, ամեն օր դուրս եմ գալիս տանից, քայլում փողոցով, գնում հիվանդանոցներ ու համալսարաններ, մարդկանց հանդիպում։ Երեկ Երասխում էի։ Ավտոճանապարհի վրա մարդիկ կանգնեցնում էին ու ձմերուկ հյուրասիրում, ասում՝ «մենք քեզ շատ ենք սիրում»․․․ուստի այդ ո՞ր իրականության եւ ո՞ր մարդկանց մասին ենք խոսում։
-Շուշիի առնչությամբ․ ձեր կարծիքով, ո՞րն էր խորքային պատճառն այն փաստի, որ երբ Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց քաղաքն արդեն երկու օր հայկական վերահսկողությունից դուրս լինելու մասին, մարդիկ չհավատացին, պնդեցին, թե նրա էջը կոտրել են, գրառումը ցիտող ԶԼՄ-ներին էլ դավաճան սարքեցին։
-Շուշին էլ, Հադրութն էլ․․․ այնպես չի, որ հակառակորդը եկել ու մտել է քաղաք, իսկ մենք նահանջել ենք, ինքն էլ մնացել է քաղաքում, որն էլ մնացել է իր հսկողության տակ։ Այդպես չի։ Հակառակորդին չի հաջողվել ոչ Հադրութը, ոչ էլ առավել եւս Շուշին միանգամից վերցնել։ Մի մատույցում եղել է հակառակորդը, մյուսում՝ մենք։ Օրեր շարունակ փոփոխական հաջողություններով մարտեր են ընթացել, հարակից գյուղերում եւս։ Եղել են փոքրաթիվ եւ հերոսական դիմադրություն ցուցաբերող ուժեր՝ Հադրութում էլ, Թաղավարդում էլ, Շուշիում էլ։ Մինչեւ այսօր ես հստակ ամսաթիվ ու ժամանակացույց չունեմ, թե որն է Հադրութի անկման օրն ու ժամը։ Իմ տեղեկություններով՝ ամսի 7-ի առավոտ կամ ցերեկը մենք կորցրել ենք Շուշին, իսկ ամսի ութին գրեթե լիովին վերադարձրել։ Ամսի 8-ից 9-ի գիշերը կամ 9-ի առավոտ նորից մասնակի կորցրել ենք Շուշին։
Հիմա էլ պարզվում է, որ մասնակի։ Իմ տեղեկություններով՝ Շուշիում մինչեւ հայտարարության ստորագրման պահն ինչ-որ ուժ եղել է։ Բայց մեր այդ ուժը որոշիչ, թելադրող չի եղել։ Գուցե ինքնապաշտպանվում էր, գուցե ուզում էր դուրս գալ եւ ելքեր չէր գտնում, գուցե դիմադրում էր, չգիտեմ։ Ամիսներ են անցել, ու դեռ լիարժեք տեղեկատվության չենք տիրապետում։ Պատկերացրեք՝ բա պատերազմի՞ պայմաններում։
-Մեր գործընկերը հիշեցրել է, որ «մինչև հոկտեմբեր 20-ը հայկական լսարանը տեղյակ չէր, որ ադրբեջանցիները գոնե մեկ կիլոմետր առաջ են շարժվել, իսկ հայկական զորքը նահանջել է՝ այն պարագայում, երբ արդեն մի քանի շրջան գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդպես էլ չէր տեղեկացվի, եթե չլիներ CivilNet լրատվական գործակալության լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեսբուքյան գրառումը, որը ստիպեց ՀՀ ՊՆ-ին երկու օր անց հրապարակել քարտեզ, որտեղ ոչ ամբողջությամբ, սակայն պատկերված էր գրավված տարածքների մասին տեղեկատվություն»: Ինչո՞ւ այն ամբողջական չէր։
-Թաթուլ Հակոբյանի գրառումը չեմ տեսել։ Գուցե իմ ղեկավարներն ի վերջո համաձայնել էին իմ իսկ առաջարկին։ Պատերազմի առաջին օրից եմ խնդրել, որ քարտեզ հրապարակեն։ Ինչ-ինչ պատճառներով չէին համաձայնվում։ Գուցե իրենք են տեսել Թաթուլ Հակոբյանի գրառումը եւ դրանից ազդված՝ համաձայնել իմ առաջարկին, որ ի վերջո քարտեզ ցուցադրենք։ Չեմ չեմ տեսել գրառումը, բայց չեմ կարծում, որ Թաթուլ Հակոբյանի գրառումն ինչ-որ բան էր փոխելու այդ իրավիճակում, չնայած հանուն արդարության ասեմ՝ այսօր միակողմանի մեղադրական դիրքորոշումներ են հնչում ինչ-ինչ հարցերում, բայց քննադատության առողջ հատիկ էլ կա եւ Թաթուլ Հակոբյանի մոտ, եւ Էդիկ Բաղդասարյանի մոտ։ Էդիկ Բաղդասարյանն Արցախի մամուլի կենտրոնում ինձ ծայրահեղ մեղադրանքներ էր ներկայացնում, բայց ինքն էլ էր հասկանում, որ ես ի՞նչ կարող էի անել։
Պատերազմի առաջին իսկ օրից մի քանի բան եմ պնդել, ինչը հնարավոր չէ հերքել։ Ինձ հետ աշխատած մարդիկ կան, կարող եք իրենց հարցնել։ Դա քարտեզի ներկայացումն էր եւ օպերատիվ իրավիճակի ներկայացումն անմիջապես Արցախից։ Պնդել եմ, որ Արցախից պետք է ներկայացվի, այլ ոչ թե ՀՀ-ից։ Առաջարկեցի, որ գնամ Արցախից աշխատելու, բայց կապի հետ կապված տեխնիկական խնդիրներ ի հայտ եկան։ Հետո փորձեցին եւ ՀՀ-ից ճեպազրույց կազմակերպել, եւ Արցախից, բայց դա էլ չեղարկվեց, որովհետեւ հրամանատարի տեղակալը զոհվեց։ Այս ամենի բուժման եւ կանոնակարգման լավագույն լուծումը կա եւ մնում է մեկ բան՝ բանակում տեղեկատվական հրամանատարության ձեւավորումը, որի մասին բարձրաձայնել եմ դեռ 2016թ․-ից։
Դա կնպաստեր, որպեսզի խզվածքներ չառաջանային օպերատիվ տեղեկագրերի, հայտարարությունների, ՏԻՄ-ների եւ մյուսների գործառույթներում։ Դա պետք է արվեր մեկ միասնական կենտրոնից՝ բուն մարտական գործողությունների ընթացքին զուգահեռ։ Չարվեց, եւ, դժբախտաբար, այսօր էլ ստեղծված չի։ Իմ կոչն է բանակի նոր ղեկավարությանը, որ հնարավորինս շուտ ստեղծեն տեղեկատվական հրամանատարություն։ Ժամանակակից պատերազմի կանոնները դա են պահանջում։ Վստահ եմ, որ Նաիրա Բաղդասարյանը դրա մեջ չի խորացել եւ դրա մասնագետը չէ, բայց անգամ դետալային ու ճշմարիտ մեղադրանքները, պահանջները, որոնք նա առաջադրել է, դրանց լուծումն էլ է իմ ասածի մեջ գտնվում։ Տեղեկատվական հրամանատարության միասնական կենտրոնը կկրճատեր իրականության եւ իրականության ներկայացման միջեւ ժամանակահատվածի խզվածքը, ժամանակին կհրապարակեր ճշգրիտ քարտեզներ։ Բնականաբար, առցանց ռեժիմով պատերազմի հեռարձակում չէր անի, դա արգելված երեւույթ է պատերազմի դեպքում, բայց խզվածքը կբացառվեր։ Կբացառվեր նաեւ Ադրբեջանից ավելի շուտ ինչ-որ տեղեկատվության ստացումը։
Բացի այդ, որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ մեր մոտ պատերազմի ողջ ընթացքում տեսանյութերի սով եղավ։ Որեւէ մեկը չասաց, որ հեռուստանյութերի սով ունենք եւ չառաջարկվեց, թե ինչպես լրացնենք պակասը։ Դա հրամանատարության կողմից լուծման ենթակա հարց էր։
-Պնդում է արվում, որ քարտեզի հրապարակումից հետո էլ պաշտոնական քարոզչությունը շարունակվում էր նույն ոգով հավատացնել հանրությանը, որ մտահոգվելու ոչ մի լուրջ պատճառ չկա: Դուք Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էիք․ «Քանի որ լայնամասշտաբ պատերազմ է և մարտական գործողությունների ընթացքում լինում են տարբեր զորաշարժեր․․․այդ իսկ պատճառով մենք չենք կարող ամեն ինչը բացել ու դնել բոլորի աչքի առաջ»: Հաղորդավարի կոնկրետ հարցադրմանը, թե ճակատում բնագծի փոփոխություն եղե՞լ է, ճեղքում կ՞ա հակառակորդի կողմից, թե ոչ, դուք պատասխանել եք․ «Հավային ուղղությամբ առաջ են եկել, բայց դա ֆիքսված չէ, գիծը ճկվում է, գիծը փոխվում է․․․»։
-Պետրոս Ղազարյանից հարցադրում է մեջբերվում կոնտեքստից կտրված վիճակում։ Այդպես ստացվում է, թե ես հանգստացնում եմ ու ասում, որ առաջ են եկել, բայց պետք չի անհանգստանալ։ Այո, այդ խոսքերն ասվել են։ Բայց այդ նույն հարցազրույցի ժամանակ, եւ ոչ միայն, ասել եմ, որ իրավիճակը բարդ է, որ հակառակորդը գերազանցում է, բա այդ մտքերն ինչո՞ւ չեն մեջբերվում։ Ասել եմ՝ այնպիսի համառ մարտեր են ընթանում, որոնք միայն ֆիլմերում եք տեսել։ Դրանց իրականությունը ներկայացնելն անգամ բարդ է։ Բա դա ինչո՞ւ չի մեջբերվում, ինչո՞ւ չի մեջբերվում, որ ութ անգամ մեծ հակառակորդի, Թուրքիայի, Ադրբեջանի, ահաբեկիչների դեմ ենք կռվել։ Նորից եմ ասում՝ անդադար կրկնում էի, որ որոշ տեղերում հաջողվել է դիմակայել հակառակորդին։ Իրավիճակի բարդությունը ներկայացրել եմ անուղղակի․ տողատակում հասկացվում է, որ վիճակը լավ չի։
-Հիշատակվում է, որ նոյեմբերի 8-ի հարցազրույցում դուք ասել եք՝ «մարդկային այդպիսի կորուստներ մենք չենք կրում, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ: Բարեբախտաբար, պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել», եւ հարցադրումը՝ մի՞թե նոյեմբերի 8-ին պատերազմական վիճակին առաջնագծից տեղյակ Հովհաննիսյանը չգիտեր զոհերի ահռելի քանակի մասին:
-Դա ամենամեծ մանիպուլյացիան է, որն արել է հոդվածագիրը։ Նա այնպիսի դաշտ է տարել հարցադրումը, որ եթե հիմա փորձեմ ակադեմիական թվաբանությամբ դրան պատասխանել, ինձ միանգամից կհոշոտեն, կասեն՝ «բա 3000 զոհն ահռելի չի՞»․․․հարցին հարցով պատասխանեմ․ ավելի քան 100 000-ոց թվակազմ է ունեցել մեր բանակը նոյեմբերի իննի դրությամբ։ 30 000-ոց վրացական բանակը 2008թ․-ին կորցրեց մոտ հազար զինվոր։ 110 000 եւ 3000 կորուստ, եւ 30 000 ու 1000 կորուստ։ Համեմատեք։ Թակարդը պարզ է, որովհետեւ իմ համար էլ, ցանկացած հայորդու համար էլ անգամ մեկ մահն է ողբերգություն։ ՊՆ ում տարիներ շարունակ զորավարժությունների ժամանակ, երբ բանակի ներսում փակ ամփոփում էր, եւ երբ ռազմական գիտության տեսանկյունից զոհերի թիվը տարանք, ինչպես հոդվածագիրն է տարել, զգացմունքային տիրույթ, մեր զինվորականները վերլուծեցին ապագա պատերազմի բնույթի սպասելիքները։ Զոհերը, կորուստները հաշվարկվում են խաղաղ ժամանակ համապատասխան գործակիցներով։ Այսինքն, հաշվի են առնում, թե զորքն ինչ դիրքում է կանգնած, թե թշնամին որքան հրետանի կօգտագործի։
Դրանք գնահատվող թվեր են, մաթեմատիկա է։ Եթե X թվով հրանոթներ կրակեն y թվով արկերով, կունենանք Z թվով զոհ։ Երբ մեր զինվորականները, սովետական ուսումնական համակարգին համաձայն, հաշվարկեցին, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա մենք կունենանք X թվով զոհ, մարդիկ, տեղում քարանում էին զարմանքից։ Սարսափելի թվերի մասին էր խոսքը։ Շատերը մտածում էին, թե ինչպես նվազեցնել այդ թվերը։ Պատերազմը, դժբախտաբար, մաթեմատիկա է։ Ես մարդկայնորեն հասկանում եմ Նաիրա Բաղդասարյանին։ 1973թ․ պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը կռվում էր արաբական աշխարհի հետ, մոտ 2600 զոհ տվեց 17 օրում։ Թվում է, թե մաթեմատիկայի տեսանկյունից նորմալ է, որ մոտ 300 000-ոց բանակը մոտ 3000 զոհ տա։ Բայց քանի որ Իսրայելի հանրությունը մեր պես զգացմունքային է, քանի որ մարդու գինը թանկ է եւ մեզանում, եւ իրենցում, Իսրայելը մինչեւ օրս ծանր է տանում ու անթույլատրելի համարում այդ թվով զոհերի փաստը։ Մեր հանրությունն էլ, այո, անդադար այդպես է վերաբերվելու։ Նաիրա Բաղդասարյանին շատ լավ հասկանում եմ, ինքը պարտավոր է ինձ մեղադրել, որ մեր զոհերն ահռելի են, բայց, դժբախտաբար, գոյություն ունի սովետական ռազմական գիտություն, ըստ որի մենք կռվում էինք։
-«Վհատեցնող ճշմարտության ու ոգևորիչ չճշմարտության հավասարակշռումը չի կոտրի լսարանի ոգին, բայց և զգոն կպահի պատերազմող հանրությանը»։ Որքանո՞վ եք համաձայն այս պնդման հետ։
-Չկա նման բան պրակտիկայում։ Աշխարհում չի եղել երեւույթ, որ ռազմական գործողություններում պարտություն կրող բանակի ժողովրդին հավասարակշռված քարոզչությամբ ոգի տաս ու տանես հաղթանակի։ Թող մի հատ օրինակ բերի էլի, ասի, որի այսինչ պատերազմում եղավ անընդհատ նահանջ, հետո ժողովուրդը ոտքի ելավ ու հաղթեց։ Եթե ԽՍՀՄ-ը պարտվեր, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էին գրելու, ասենք, Լեւիտանի մասին։ Նա չէր որոշում քաղաքականությունը, նա արտահայտում էր այն։ Կրկնեմ ապացույցս․ հոդվածագրի թեզի սխալ լինելն արտահայտվում է հենց այսօր։ Վարդենիսում, Վերին Շորժայում, Սեւ լճի տարածքում իրավիճակը սրվում է, եւ մենք հանրությանը մեղադրում ենք, որ անհաղորդ են, կաֆեներում են, քեֆ են անում։
Այս հասարակությո՞ւնը պետք է վեր կենար ու գնար Մատաղիսը փրկելու։ Ոչ, Նաիրա ջան, սխալվում ես։ Եթե ազնիվ լինես ու դրա մասնագետը․․․կամ գուցե ազնիվ ես, բայց դրա մասնագետ չես (չգիտեմ, չեմ ուզում անազնվության մեջ մեղադրել)․ դու պետք է մի երկար հոդված գրես, թե ինչպես են ժողովրդի միջից արժեհամակարգը ջարդել, թե ինչպես են հնդկական սերիալներով, աղավաղված ճշմարտություններով եւ աղավաղված ազգային արժեքներով ոչնչացրել ժողովրդի՝ Արցախի համար կռվելու ցանկությունը։ Նաիրա ջան, այն ժամանակ, երբ, օրինակ, քարոզչության ամենամեծ հիթ-շքերթն ապահովող հեռուստաընկերություններից մեկն ազգային արժեքները ոտնահարում եւ զրոյացնում էր այն աստիճանի, որ, օրինակ, նման հումոր ես լսում՝ «այ ուռուգլուխ, փոքր բեղերովը տատդ ա, մեծ բեղերովը՝ պապդ, չես տարբերո՞ւմ», նման արժեհամակարգից հետո ազգը զանգվածաբար չի դառնա սամուրայ։
-Մյուս եզրահանգումից հատված․ «հայկական մամուլը, ցավոք, պատերազմի օրերին ամենավերջին պլանում էր՝ տեղեկատվական քաղաքականության մեջ մասնակցության առումով»։ Սրա պատճառը միայն ձեր նշած հարթությա՞ն վրա է, այսինքն՝ բանակի ղեկավարության։
-Հրամանատարության խնդիրն էր։ Դժբախտաբար, սովետական ռազմագիտության դպրոցի կրող մեր բարձրագույն զինվորականությունը մինչեւ այսօր էլ չունի այդ գիտակցությունը, որ տեղեկատվական գործառույթը մարտական գործողությունների թատերաբեմ է, եւ լրատվական աշխատանքն այդտեղ ավելի հստակ պետք է կազմակերպել։ Այստեղ Արցախի՝ որպես առանձին պետություն գործելու փաստի հետ եղած հակասությունները եւս բերեցին խնդիրների, եւ ոչ միայն այդ ոլորտում։
-Մեր գործընկերը նաեւ նման եզրահանգում է անում․ «Չպետք է կոծկել իրական տեղեկատվությունը մինչև վերջ, քանզի այդ պահը գալու է և, եթե Աստված մի արասցե, դու պարտվես, ապա իրականության պարզումը լսարանին դեպրեսիվ շոկի է բերելու, ինչը փշուր-փշուր է անելու պաշտոնական լրատվության հանդեպ վստահության պաշարը: Իսկ այդ վստահությունը վերականգնելը դժվար և երկարատև գործընթաց է»։
-Լավ խորհուրդ է, բայց ռազմական գործողությունների պատմության մեջ երբեք չկատարված խորհուրդ է։ Ո՞րն է լուծումը, Նաիրա ջան, օրինակ կա՞։
-Իսկ ո՞րն է լուծումը, որպեսզի պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանրության կորսված վստահությունը վերականգնվի։
-Ունենք պարտված պետություն, եւ վստահության կորուստը նորմալ է։ Հաղթողին բոլորն են սիրում, իսկ պարտվողին՝ ոչ մեկ։ Հորինելու բան չկա։ Դա բնորոշ է մարդու բնույթին, բայց հակառակն ասեմ՝ ուժ ու վստահություն ունեցեք մեր բանակի հանդեպ, որովհետեւ այն պետք է մեջքը շտկի ու վաղը նորից կռվի։ Այդ բանակում մեր երեխաներն են։ Բանակը թերացել է, թե ինչ է արել, դա կքննարկենք, բայց բանակը մեր աջակցության կարիքն ունի։ Օգնել է պետք, որ մեջքն ուղղի։ Պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է շարունակվել։ Մենք, մեր ազգը խաղաղասեր է, բայց մենք շրջապատված ենք թուրքերով։ Սա է իրականությունը։ Բանակի կողքին կանգնեք։ Չե՞ք վստահում, ձեր իսկ երեխաներին չե՞ք վստահում․․․ հետո՞։
Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Իմ հարցերն էլ տվեք Արծրունին.
1: Ինչի պատերազմի ողջ ընթացքում մեր բանակը լուրջ հարձակողական օպերացիա չի իրականացրել. Օրինակ Քելբաջարից ու Վարդենիսից հարձակում դեպի Խանլար, Դաշքեսան, սպառնալիք ստեղծելով Գանձակի համար. Ակնհայտա, որ Ադրբեջանը իր բանակի ներուժի հսկայական մասը կենտրոնացրել էր հարավում ու հյուսիսում մեր հարձակումը կարար բեկումնային լիներ.
2: Ինչի տոտալ մոբիլիզացիա չի իրականցվել.
3: Ինչիա պատերազմը վարվել միայն Արցախում. Եթե Հայաստանի սահմանից հարձակում սկսեինք, նաև Հայաստանը ռմբակոծվեր, մարդիկ շատ ավելի լուրջ կվերաբերվեին արդեն. Իսկ սենց մարդիկ Երևանում հանգիստ իրենց առօրյա կյանքով ապրում էին.
Մեկ էլ Արծրունը ասումա իբր թուրքերը 8անգամ մեզանից ավել էին, եթե մենք մոտավոր 50-60հազար զորք ունեինք, թուրքերը ուրեմն ստացվումա 400-500հազար զորք են զորք են ունեցել. Ակնհայտա որ էտ հերթական սուտնա.
Իսկ որոշ շրջանակներ որ Արծրունին քննադատում են.
Հիշենք, որ Արծրունը պատերազմի թեժ պահին սկսեց նիկոլական մանիպուլյացիաները պատմել, իբր 2018-2020-ին անհամեմատ շատ զենք ձեռք բերվել. Կամ ինչ որ ժողով էր կազմակերպել, որտեղ իրանք իրանցով, նիկոլամետներով հավաքվել ու ապացուցում էին, թե պատեզմամն անխուսափելի էր. Եթե դու ակնհայտ նիկոլամետ դիրք ես բռնում, պիտի պատրաստ լինես պատասխանի.
Իսկ որ մանիպուլյացիներ են էտելա ակնհայտա. Ասում էր, մի քանի անգամ շատ, նոր ավտոմեքենաներ ենք/Ուրալ/ ձեռք բերել, Ռադիոակայաններ. Նույն հաջողությամբ կարար ասեր Ուրալի նոր անվադողեր ենք ձեռք բերել.