Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ ավելի բարձր կբղավի՝ «հողատու» կամ «թալանչի»

Օգոստոս 14,2021 10:00

Իսրայելցի հանրաճանաչ պատմաբան եւ քաղաքագետ Յուվալ Հարարիին իր դասախոսություններից մեկի ժամանակ դահլիճից հարցնում են՝ «ի՞նչ կարծիք ունեք «հետճշմարտություն» (post truth) դարաշրջանի մասին»: Հարարին պատասխանում է մոտավորավորապես այսպես. «Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ մարդկությունը երբեւէ ապրել է ճշմարտության դարաշրջանում»:

Ըստ այդ հետազոտողի՝ մարդիկ, տասնյակ հազարավոր տարիներ առաջ առանձնանալով կենդանական աշխարհից, սկսել են իրար ինչ-որ պատմություններ պատմել՝ դրանք կարող են լինել կրոնական, գաղափարախոսական, դիցաբանական, ազգային եւ այլ բնույթի, եւ ամենեւին պարտադիր չէ, որ արտացոլեն իրականությունը: Այդ պատմությունները կարեւոր են մարդկանց համար, որովհետեւ միավորում են նրանց, դրդում միասնական գործողությունների: Օրինակ, հենց Հարարիի պետության ձեւավորման համար վճռական նշանակություն ունեցավ 19-րդ դարի Եվրոպայում տարածված ազգայնական «խոսույթը» (դիսկուրսը), որն իր ժողովրդի համար «տեղայնացրեց» Թեոդոր Հերցլը: (Ի դեպ, մեր Միքայել Նալբանդյանին ես նույնպես ազգայնական մտածող եմ համարում, բայց նրա գաղափարները մենք պաշտաճ կերպով չենք ուսումնասիրել):

«Հետճշմարտությունը», եթե կարճ ձեւակերպենք, այնպիսի մի իրավիճակ է, երբ այն, ինչ ասվում է իրականության մասին, ավելի կարեւոր է, քան բուն իրականությունը: Եվ այդ առումով կարելի է համաձայնել Հարարիի հետ՝ միշտ էլ այսպես էր: «Խոսույթները», պատմությունները չեն կարող լինել «ճիշտ» կամ «սխալ»՝ դրանք կարող են լիներ մանր եւ մեծ, մակերեսային եւ խորքային, օգտսկար եւ վնասակար: Այսօրվա Հայաստանում դրանք մանր են, մակերեսային եւ վնասակար:

Այժմ մեր երկրում առավել լայն տարածում են գտել երկու տիպի պատմություններ, որոնք իրենց արտացոլումն են գտել ներկայիս Ազգային ժողովի կազմում: Առաջինը ձեւավորվել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ (եւ, բնականաբար, նախապատրաստվել է դրանից առաջ) եւ կոչվում է «դուք թալանչի եք»: Դա «նիկոլական» խոսույթն է, որի հետեւից գնում է ավելի քան 600 հազար քաղաքացի:

Երկրորդ պատմությունը ձեւավորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ կոչվում է՝ «դու հողատու ես». դա «սերժառոբական» օրակարգն է, որով ապրում է մոտ 250 հազար քաղաքացի: Ազգային ժողովում պատգամավորները պայքարում են նրա համար, որ առավել բարձր հնչեցնեն իրենց այդ խոսույթները. մեծամասնությունն ուզում է ամրապնդել իր հաղթանակը՝ վստահ լինելով, որ ոչ միայն ընտրողների, այլեւ հայ ժողովրդի մեծամասնությունն է ուզում լսել ի՛ր խոսույթը: Փոքրամասնությունն էլ հնչեցնում է ի՛ր թեզը՝ ենթադրելով, որ դրա շուրջ կարելի է հավաքագրել ավելի շատ, քան 250 հազար մարդ, եւ/կամ՝ որ 600 հազարից ոմանք կփոշմանեն եւ կանցնեն իրենց կողմը:

Այս խոսույթները մանր են, որովհետեւ արտացոլում են այդ երկու խմբերի նեղ շահերը եւ չեն համեմատվի Թեոդոր Հերցլի կամ Միքայել Նալբանդյանի գաղափարների հետ: Դրանք մակերեսային են, քանի որ արտահայտում են իրականության մի մասը միայն եւ փորձ չեն անում մեր երկրի պատմությանը ու նաեւ վերջին իրադարձություններին նայել մի փոքր հեռավորությունից: Վերջապես, դրանք վնասակար են, որովհետեւ ակնհայտորեն միտված են մեր հասարակության պառակտմանը:

Ցավոք, այդ հակադրությունից դուրս ձայներն առայժմ չեն լսվում: Պատճառները կարող են երկուսը լինել. կա՛մ այլընտրանքային գաղափարներն առայժմ չեն ձեւավորվել, կա՛մ մեր քաղաքացիների մնացած 1,5 միլիոնը (նրանք, ովքեր չեն մոտեցել քվեատուփերին եւ նրանք, ովքեր ձայն չեն տվել այդ երեք քաղաքական ուժերին) նույնպես գտնվում են «թալանչի-հողատու» պարադիգմի մեջ: Երկրորդը շատ տխուր կլիներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ներկայացուած երեք խումբերին մէջ՝ երրորդն է, այդ «մնացած 1,5 միլիոնը», ամենայանցաւորը. ամենաանտանելին.
     
    տեղի ունեցած անասելի Աղէտէն ետք, կարելի չէր ձեռնպահ մնալ.  ոչ ալ՝ քուէ մսխել, ամենայն գիտակցութեամբ՝ պարապ տեղը, ոչինչի համար քուէարկել. այո, գործնականօրէն՝ ոչինչի՛ համար. իսկ այս ընտրութիւնը տեսական, փիլիսոփայական, օդերուն մէջ վերացական «դիրքորոշումների» պահը չէր, ապահովաբար. իսկական, գործնական, արդիւնաւէտ կողմնորոշումի, օրհասական պահն էր.
     
    Հայոց Աշխարհի մէջ – քանզի խնդիրը, միայն Հայաստանի մէջ չէ -, վիճակը համազօր է՝ քաղաքացիական պատերազմի. պակաս են միայն ներքին կրակոցները. բայց ոչ, բռնութիւնը.

    երեւի ոմանք «կարիքը ունին» դեռ յաւելեալ կորուստների, որպէսզի լրիւ հասկնան.

    ի դէպ, ահա «դժբախտ, տժգոյն» Շուշին…
    2014 թուականին (տեսանիւթ) ՝
    https://www.facebook.com/AramManoukianJampar/posts/4341116395935107

  2. Ասֆալտին պառկեցված says:

    “Կարգին հաղորդման” դրվագներից մեկի ոճով ասած, երկու կողմն էլ ճիշտ են – մի կողմը իսկապես թալանչի է, մյուս կողմն էլ հողատու։ Իսկ այլընտրանքն այն է, որ նախ, երկու կողմին էլ պետք է կարմիր քարտ ցույց տալ, իսկ հետո լսել այն ուժերին, որոնք այս ծանր իրավիճակից դուրս գալու ռեալ ելքեր կառաջարկեն (ոչ թե, ամպագոռգոռ և անիրատեսական):
    Ներկաներն ու նախկինները ժողովրդին ինչքան շատ զզվեցնեն, այնքան շուտ ժողովուրդը այլընտրանք կգտնի։

    • Հ.Շ. says:

      «Նախկին»ները, փաստօրէն ծայրագոյն, առաւելագոյն չափով զզուեցրել էին: Այնչափ, որ՝ Արցախի կորուստը, հազարաւոր կեանքերու կորուստը եւ թրքական զօրքերու ներխուժումը Հայաստան, նժարին վրայ բաւարար չեղան, ու նախընտրելի համարուեցաւ իշխնութիւնը դարձեալ վստահիլ այն անձերին, որոնց իշխանութեան ու պատասխանատւութեան ներքոյ ունեցաւ այդ ամէնը:

      Այդ ուղղութեամբ՝ զզուանքը, այդ աստիճան զզուանքը, քսան տարիների ժրաջան աշխատանքի, տեւական ջանքերի արդիւնքն է: Թալանը, քսան տարի տեւեց: Հողատւութիւնը, մէկ ու կէս ամիս:

      Հիմա ուրեմն, քսան տարի ալ սպասենք, որ «ժողովուրդը» նոյն չափով զզուանք ունենայ «ներկաների» նկատմամբ, հողատուները դառնանլ այնքան հոծատու, որքան թալանճիները էին թալանճի, քսան տարի մըն ալ այսպէս, եւ հոփ, պրծ, խնդիրը կը լուծուի:

      Ի՞նչ է եղել, ուրեմն… եթէ հաշուենք որ հոծատւութիւնը սկսած էր երեք տարի առաջ, ուրեմն, մնաց ոչ իսկ քսան տարի… այլ միայն, տասնըեօթը տարիներ…

      Ու անկէ ետք ալ դեռ, կը սկսինք «լսել այն ուժերին», որոնք բոլորը մոգական լուծումներ ունեն, ամէն բանի համար… այդ ալ կ’առնէ որոշ ժամանակ մը, չէ՞… վերջապէս, միայն մէկ այդպիսի ուժ չէ, որ բոլոր եւ լաւագոյն լուծումները ունի… վերջին անգամ որ հաշուեցինք, քսան հատ էին արդէն… մի քանի տարի ալ կը սպասենք ուրեմն, որ անոնք բոլորը իրարու հետ վիճաբանին, մենք ալ զիրենք աջալուրջ կերպով լսենք, որպէսզի գիտնանք թէ իրենցմէ ո՞րմէկն է լաւագոյնից լաւագոյնը, ամենահոյակապը, ամէնահանճարեղը…

      Շատ լաւ… անծայրածիր ռազմաճակատի վրայ – եւ ներսը – տեղաւորուած թուրքերին ասենք, fair-playի ոգիով, մի քսան-հինգ տարի թող բարեհաճին կանգ առնել, սպասել, մինչեւ որ Հայաստանը իր բացառիկ իշխանութիւնը գտնէ… յետոյ կը շարունակեն նրա անէացման ծրագրի գործադրումը…

      այո… իրօք, իրատեսական մօտեցում է

  3. Լավատես says:

    Պարզապես բարձրաձայն մտորումներ:
    Տրանսնացիոնալ մասնավոր տնտեսական կազմակերպությունները իրենց կապիտալով հաճախ գերազանցում են շատ պետությունների բյուջեն, ասենք, նմանապես, տրանսնացիոնալ մասնավոր ռազմական կազմակերպությունները իրենց ռազմական պոտենցիալով գերազանցում են շատ պետությունների բանակը եւ վերջապես պատկերացնենք, որ այս տրանսնացիոնալ կազմակերպություններին կոորդինացնող ադմինիստրատոր է պետք, այսինքն՝ տրանսնացիոնալ մասնավոր քաղաքական կազմակերպություն՝ անունը դնենք համաշխարհային կառավարություն, որն իր խելքով ու հնարավորություններով գերազանցելու է շատ պետությունների պարլամենտներն իրենց կառավարությունների հետ միասին: Սրանք իրականում ոչ միայն տրանս, այլեւ հականացիոնալ, հակապետական, հակազգային, հակամարդկային մասնավոր կազմակերպություններ են, որոնց դեմ պետք է դուրս գա համապատասխան կատեգորիայի տրանսնացիոնալ ոչմասնավոր վերպետական կառույցները՝ ազգային պետություններից ձեւավորված տրանսնացիոնալ կայսրությունը կամ արքայությունը:
    Պետությունները զարգանում են եւ հզորանում, երբ նրանք իրենց ժողովրդից դաստիարակում ու կրթում են մասնավոր գործարար եւ մասնավոր զինվոր եւ մասնավոր ադմինիստրատոր, պետությունը ինքը հենց այդ ադմինիստրատորն է, միայն բարձրագույն մակարդակի, մասնավոր գործարարին պետությունն է պատրաստում եւ քննություն հանձնելուց հետո մասնավոր գործունեություն վարելու լիցենզիա տալիս, իսկ տեղը գալուց հետ վերցնում այդ լիցենզիան, ինչպես կենտրոնական բանկերն են մասնավոր բանկերից հետ վերցնում իրենց տված լիցենզիան, պետք է ընդգրկել պետական տնտեսական ռազմավարական եւ մարտավարական ծրագրերի մեջ՝ բանակի նյութատնտեսական պահանջները ապահովելու համար, նմանապես, մասնավոր զինվորին շատ ավելի հեշտ է ընդգրկել պետական բանակի մեջ, քան անփորձ նորակոչիկին: Դպրոցում այս երեք մասնագիտությունները պետք է պարտադիր լինեն՝ տնտեսական, ռազմական եւ քաղաքական կառավարման՝ քաղաքական գենշտաբի մասնագիտությունները, այսինքն՝ գործարարը, զինվորն ու ադմինիստրատորը յուրաքանչյուր դպրոցականի մեջ: Ազգը պետք է բաղկացած լինի միայն մասնավոր ծառայողից ու պետական ծառայողից, ոչ մի վարձու աշխատող, խաղաղ ժամանակներում՝ մասնավոր ծառայություն, պատերազմի ժամանակ նույն մասնավորը ընգրկվում է պետական ծառայության մեջ, նմանապես մասնավոր ռազմիկն ընդգրկվում է բանակի մեջ:
    Այսօրվա վարձու աշխատողն ու այսօրվա մասնավոր գործարարն ու մասնավոր ռազմիկը, որոնք պետության կողմից չեն կրթվել անվճար եւ քննություն չեն հանձնել լիցենզիա ստանալու համար, սրանք են ամենամեծ խոչընդոտը կայացած կապիտալիստական երկրների համար զարգացման հաջորդ փուլ մտնելու համար, դրա համար էլ վայրենի ձեւով մարդկանց բիզնեսին ու առողջությանն են խփում ու պատերազմներ հրահրում: Մեզ՝ սովետից դուրս եկածներս շատ ավելի հեշտ կանցնենք հաջորդ փուլ, եթե ինչպես սովետի սկզբի տարիներին՝ պետական մակարդակով ժողովրդի համատարած լիկբեզ անցկացվի՝ համատարած մարդկանցից գործարար, զինվոր ու հրամանատար կրթեն ու դաստիարակեն: Դրան գումարած ներքին շրջանառության փող, որը դրսի փողերի հետ ոչ մի կապ չունի եւ դուրս արտահանած ապրանքի դիմաց ստացած դրսի փողին համապատասխան մեր ազգային փողը, որը ներքին փողի հետ կապ չունի, այն տալիս ենք մեր գործարարին, որ դրսից ապրանք գնի: Դուրսն էլ նա է, որը դեռ մեր արքայության մեջ չէ:

  4. garo says:

    խոսենք փաստերով: Նիկոլը Արցախյան առաջին պատերազմին բանակից խուսափելու, երկրորդում կապիտուլյացիա ստորագրել: Նիկոլի թիմակցիները Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը արցախյաին առաջին պատերազմում զբաված էին փող աշխատելով այսինքն թալանով: Նիկոլի թիմակից Գագիկ Ջհանգիրյանը նույնպես զբաղված էր թալանով Մոնումենտում դղյակ էր կառուցում: Նիկոլի թիմակից Գագիկ Մելքոնայնը երկար տարիներ եղելա բանակի թիկունքի պետ:

    Եզրակացություն Նիկոլ են երկուսը մեկում են հողատու և թալանչի:

    • Հ.Շ. says:

      չէ, բա… ինչ ես ասում… մեզմէ աւելի խելացի, իմաստուն, մեծապատիւ «չէզոք»ներից ոմանք, շատ հեշտօրէն քեզ կ’ապացուցեն, կը փաստեն, թէ նախկիններն ալ՝ թէ՛ հողատու էին եւ թէ՛ թալանչի. առաւօտուն, թալանում էին, իսկ գիշերը, գաղտնագողի հանրային անշարժ գոյքի վաճառք էին անում թուրքերի հետ, սկսեալ Արցախի տարածքներից… պարզապէս, գաղտնի էին պահուած այդ հողատւութիւնը… բացի անշուշտ որոշ բացայայտ առիթներու… օրինակի համար, «ապրիլեան պատերազմը», որ շինծու, նախապէս համաձայնուած բան էր, որպէսզի հարիւրաւոր հեկտարներ փոխանցուին Ալիեւին, ի դիմաց՝ Բաղրամյան հասնող, փողերու հաստ տրցակներով յորդող, խոշոր ճամպրուկների.

    • Հ.Շ. says:

      ի դէպ, «ապրիլեան պատերազմի» հողային վաճառքը շա՜տ աւելի լայն էր, ըստ գաղտնի համաձայնութեան… սակայն հայկական բանակը, ծրագիրը խանգարեց… սա յատկապէս հետաքրքրական տեսութիւն մըն է, քանի որ նոյն բանակը փաստօրէն չկարողացաւ խանգարել այժմու հողատուների ծրագիրները… քանի որ անշուշտ, այս անգամ, բանակի բարձրաստիճան սպաներն ալ բաժին ունէին, փայատէր էին, վաճառքին մէջ. Տիկին Աննան հենց դրա համար էր մտել՝ այդ պո՛ւնքըրը, որպէսզի այդտեղ փողերը բաշխէ… ապա, ուրախ-զուարթ շամփանյա խմեն, մինչ ռաշմադաշտում, երեխաները… եւայլն. եւայլ.

      Յակոբ Պարոնեան մը կ’ուզես, որ լրիւ գիրք մը գրէ այս կերպով, այս նիւթերի մասին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031