Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ուզում է տնտեսապես թափանցել Սյունիք, 5-10 տարում հասնել Արցախի հայաթափմանը»․ քաղաքագետ

Օգոստոս 13,2021 21:15

«Միանշանակ է, որ Ադրբեջանը հիմա խոշոր ռազմական նվաճում իրականացնելու կարիք չունի։ Նա նախ պետք է փորձի մարսել իր գրաված տարածքները»

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

-Պարոն Պողոսյան, վերջին շրջանում թշնամու կողմից Երասխի հատվածում, եւ ոչ միայն, ռազմական ոտնձգությունները պարբերաբար կրկնվել են։ Ձեր գնահատմամբ` այսպիսի գործելաոճով ինչպիսի՞ ռազմաքաղաքական նպատակներ է հետապնդում նա։

-Կարելի է ասել՝ սահմանի ողջ երկայնքով մշտապես լարվածություն կա, եւ Ադրբեջանն անընդհատ քայլեր է ձեռնարկում՝ գրեթե ամենօրյա հրաձգությունների միջոցով լարվածությունը բարձր պահելու համար։ Երկու նպատակ կա։ Առաջինի պարագայում Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ին հարկադրել, որպեսզի Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության ուղիները, որոնք պետք է տրամադրվեն ըստ նոյեմբերի տասի հայտարարության, անցնեն Սյունիքի մարզի տարածքով։ Այս հարցում Ադրբեջանը կարծես թե հաջողություններ ունի, որովհետեւ երեկ նորանշանակ ՏԿԵ նախարարը հայտարարեց, որ եթե երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվի, ապա երկաթուղին անցնելու է Ադրբեջան-Մեղրի-Նախիջեւան ճանապարհով։ Փաստորեն, ՀՀ-ն համաձայն է Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհները տրամադրել Սյունիքի մարզով։ Երկրորդ նպատակն է՝ ՀՀ-ին ստիպել համաձայնել հետեւյալին՝ այն, ինչ եղել է խորհրդային Ադրբեջան, հիմա Ադրբեջանի հանրապետություն է։ Նպատակն է, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում, ինչը ոչ միայն ենթադրում է Արցախի եւ Արցախից մնացած մասի ճանաչում որպես Ադրբեջանի տարածքի մաս, այլեւ անկլավների ճանաչում՝ որպես Ադրբեջանի մաս։ Սրանք երկու կարճաժամկետ նպատակներ են, որոնց Ադրբեջանը փորձում է հասնել անընդհատ սահմանային լարվածություն ստեղծելով։

-Որքանո՞վ կարող ենք փաստել, որ հայկական կողմի տեղի է տալիս վերոնշյալ ճնշումներին։

-Համենայն դեպս վերջին երկու օրվա հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի երեկվա հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները եռակողմ ձեւաչափով՝ հաղորդակցության ուղիների բացման նպատակով, այդ մասին են խոսում։ Ինչպես հայտնի է, մայիսից, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, փոխվարչապետերի մակարդակով եռակողմ  ձեւաչափի հանդիպումները դադարեցվեցին։ Նախկինում ՀՀ դիրքորոշումը կարծես այն էր, որ քանի դեռ ադրբեջանական ուժերը չեն հեռացել ՀՀ տարածքից, այդ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Բայց երեկ վարչապետի խոսքում այդ նախապայմանն այլեւս չհնչեց։ Դառնալով նախարարի խոսքին․ նա ասաց, որ միայն չենք կորցնելու, այլեւ շահելու ենք։ Ակնարկեց, թե ինչու ենք խոսում միայն Տիգրանաշենի ու Տավուշի անկլավների մասին, փոխարենը չենք խոսում Արծվաշենի մասին։ Կարծես ակնարկ կա, որ մենք պատրաստ ենք հետ վերադարձնել անկլավները, փոխարենը ստանալ Արծվաշենը, բայց ակնհայտ է, որ դրանք համարժեք չեն, որովհետեւ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները գտնվում են ՀՀ-ն Իրանին եւ Վրաստանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների վրա, այսինքն՝ դրանց հանձնումն Ադրբեջանին ուղղակի հարված ու սպառնալիք է ՀՀ կենսական շահերին։ Իսկ տեսականորեն Արծվաշենի վերադարձն Ադրբեջանի համար որեւէ սպառնալիք չի ներկայացնում։ Հետեւաբար, այս երկուսը նույն հարթության մեջ եւ համարժեք ներկայացնելը նշանակում է՝ լրիվ կտրված լինել իրականությունից։

-Ի դեպ, մեր պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, օգտագործում են ՀՀ-ում կան «ադրբեջանական հողեր» արտահայտությունը․ ձեր կարծիքով ինչո՞ւ անգամ տարրական մակարդակի ուսումնասիրության հիման վրա չի փաստվում, որ դրանց բռնակցումն Ադրբեջանին սկսվել է 20-30-ականներին։

-Խնդիրը միայն այն չէ, թե երբ են դրանք հայտնվել խորհրդային Ադրբեջանի կազմում։ Պատմության ոչ շատ խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1920-ականների վերջին եւ 1930-ականների սկզբին, երբ դեռ անդրֆեդերացիա կար, խորհրդային Հայաստանի սահմանները մի փոքր այլ էին եւ ավելի մեծ էին, քան խորհրդային Հայաստանի սահմաններն, ասենք, 1987թ․-ին։ Սակայն չմոռանանք, որ Ադրբեջանն իրեն չի հայտարարել որպես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918-20-ականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Հիմա, երբ մեր իշխանություններն ասում են, որ այստեղ կան ադրբեջանական տարածքներ, որոնք ժամանակին ոչ այնքան հստակ գործընթացների արդյունքում հայտնվել են խորհրդային Ադրբեջանի վարչական սահմաններում, ինձ համար դժվար է ռացիոնալ բացատրություն գտնելը, որովհետեւ դա ոչ միայն հակասում է մեր պետական շահերին, այլեւ հակասում է ճշմարտությանը։

-Դառնալով վարչապետի ասածին։ Նա նշել է՝ «հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածարջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը»։  Ձեր վերլուծությամբ`ապաշրջափակման վերաբերյալ այս պատրաստակամությունը որքանո՞վ է ներառում անվտանգային բաղադրիչը։

—Դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն է, որպեսզի Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհներն անցնեն Սյունիքի մարզի տարածքով, իսկ դա Ադրբեջանի համար ամենակարեւորն է։ Միակ խնդիրն այն էր, թե արդյոք ՀՀ-ն կհամաձայնի՞ Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, թե կառաջարկի այլընտրանքային ճանապարհներ, որոնք, ընդ որում, կան։ Սակայն վարչապետի հայտարարությունը, թե շատ արագ պետք է վերսկսել գործընթացը եւ նրա արտահայտած հույսը, որ արագ կարելի է հաջողություններ արձանագրել, ինձ մոտ հիմք են ստեղծում, որ Հայաստանը, եթե անգամ դեռ չի համաձայնել, ապա շատ մոտ է համաձայնելու, որ Ադրբեջանը Նախիջեւանին եւ դրա միջոցով Թուրքիային կապող ճանապարհները պետք է անցնեն Սյունիքի մարզի տարածքով։ Ընդ որում, երեւի խոսքը ոչ միայն երկաթուղու մասին է, այլեւ չի բացառվում, որ կլինի ավտոմոբիլային ճանապարհ՝ Բերձոր-Գորիս-Սիսիան-Նախիջեւան։ Սա լուրջ անվտանգային եւ անկանխատեսելի ռիսկեր է առաջացնում Սյունիքի մարզի համար, որովհետեւ դա նշանակում է Ադրբեջանի եւ Թուրքիայի էական տնտեսական ակտիվացում Սյունիքի մարզում տարիների ընթացքում։ Միանշանակ է, որ Ադրբեջանը հիմա խոշոր ռազմական նվաճում իրականացնելու կարիք չունի։ Նա նախ պետք է փորձի մարսել իր գրաված տարածքները։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի այդ ամենը ոչ թե միանգամից մարսել, այլ մի քանի թիրախային կետեր կընտրի՝ դրանք դարձնելով «զարգացած օազիսներ»։ Խոսքն առաջին հերթին Շուշիի մասին է, որտեղ արդեն ինտենսիվ աշխատանքներ են կատարվում։ Ադրբեջանն այս ընթացքում՝ 5-10 տարի, պարզապես հանգիստ կսպասի, որ հայերն Արցախից հեռանան։ Իսկ եթե իրավիճակը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին հիմա է, հասկանալի է, որ հայությունն Արցախից շարունակելու է հեռանալ։ Իհարկե, Ադրբեջանը սկզբում կփորձի տնտեսապես ներթափանցել Սյունիք, իսկ այնուհետեւ՝ նաեւ ժողովրդագրական ճանապարհով։ Այնպես որ, Ադրբեջանի տեսակետից հիմա առհասարակ չկա ռազմական գործողությունների անհրաժեշտություն։ Եթե ՀՀ-ին շարունակի քայլեր չձեռնարկել իրավիճակի փոփոխության ուղղությամբ, ապա Ադրբեջանին մնում է հանգիստ սպասել։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր՝ «թշնամության հաղթահարումը կարող է եւ պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկը»։ Էրդողանն ու Ալիեւն այս ընթացքում նմանօրինակ մոտեցումներով հանդես չեն եկել, այլ հակառակը։ Ձեր վերլուծությամբ՝ նման պատրաստակամությունը որքանո՞վ է համարժեք եւ իրատեսական հակառակորդների հռետորաբանությանն ու գործողություններին։

-Տպավորություն է, որ մեր երկրի ղեկավարներն ապրում են զուգահեռ ինչ-որ իրականությունում։ Այն իրականությունում, որում նրանք են ապրում, այո, հնարավոր է տարածաշրջանում խաղաղություն հաստատել, եւ դրա անվան տակ կարելի է թույլ տալ Սյունիքի մարզ Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական թափանցում, անկլավների անվան տակ ՀՀ տարածքների վերադարձ Ադրբեջանին։ Իրականությունն այլ է։ Իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան շահագրգռված են հնարավորինս արագ հայաթափել Արցախը։ Արագ ասելով՝ նկատի չունեմ ամիսներ։ Խոսքը տարիների մասին է։ Կամ էլ շահագրգռված են Արցախի բնակչությունը հասցնել առնվազն 20-25 հազարի, ինչի մասին, ի դեպ, Ալիեւը հայտարարել է։ Ադրբեջանի նպատակն է՝ առաջիկա 5-7 տարում հասնել այդ նպատակին, որպեսզի 2026-27թթ․ Արցախում իրապես լինի 20-25 000 հայ։ Երկրորդ նպատակն է ունենալ հնարավորինս թույլ Հայաստան։ Հիմա Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ-ն դառնա էականորեն Թուրքիայից կախված եւ Թուրքիայի «հաճախորդ» պետություն։ Եւ երբ խոսում ենք խաղաղության մասին, պետք է հասկանալ, որ նկատի ենք ունենում Արցախի շարունակական հայաթափում եւ Հայաստանի վերածում Թուրքիայի «հաճախորդ» պետության։ Կամ էլ պետք է ընդունենք, որ մեր ղեկավարությունը այլ՝ զուգահեռ իրականության մեջ է։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031