Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է փորձում ապացուցել Ադրբեջանը ավարներին ու Դաղստանին». Թիմուր Այթբերով

Օգոստոս 13,2021 19:33

Դաղստանը բնակչության թվով խոշորագույն սուբյեկտ է Հյուսիսային կովկասում, եւ աշխարհագրորեն Հայաստանի ամենամոտ հարեւանը: Նոյեմբերյանից ուղիղ գծով դեպի Վրաստանի սահման՝ Դաղստանով, մոտ 100 կմ է: Դաղստանը յուրատեսակ terra incognita, անհայտ երկիր է միջին վիճակագրական հայաստանցու համար, մինչդեռ միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է այնտեղ ապրող, միմյանցից խիստ տարբեր էթնիկ խմբերի համակեցության բացառիկ փորձով եւ հայերի ու Հայաստանի հետ դեռեւս վաղ միջնադարից ունեցած բազմադարյան կապերով; Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, ցավոք, հաճախ աչքաթող է արվում Դաղստանի Հանրապետության նման կարեւոր սուբյեկտի հետ հարաբերությունների ու փոխադարձ ընկալումների առանձնահատկությունը:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է բավականին հետաքրքիր մի մարդու հետ, որի՝ Կովկասի պատմության մասին դասախոսությունները կես տարվա ընթացքում ունեցել են ավելի քան 400000 դիտում, նաեւ հազարավոր վիրավորանքների արժանացել պանթյուրքիստների կողմից: Խոսքը Հյուսիս-Արեւելյան Կովկասի՝ ամենամեջբերվող, ՌԴ ինդեքսով ամենաբարձր հղումներ ունեցող պատմաբան, ավար մտավորականության վառ ներկայացուցիչ, հասարակական գործիչ, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, պրոֆեսոր Թիմուր Այթբերովի մասին է:

Մեր հարցազրույցի առաջին մասում պարոն Այթբերովի հետ խոսել ենք Դաղստանի ժողովուրդների, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասում բնակվող նրանց համայնքների մասին, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչ թուրքական ժողովուրդների հանդեպ իրականացնում է մշակութային խտրականության քաղաքականություն՝ նրանց թուրքացնելու միտումով, ինչը ծայրահեղ բացասական է ընկալվում Դաղստանում: Հարցազրույցում նաեւ անդրադարձ է կատարվում Դաղստանի պատմության «ադրբեջանացման» տարբեր շրջաններին, որոնք կարող են իբրեւ «տարածքային» պահանջների հիմնավորման հաջորդ քայլ հանդիսանալ:

– Պարոն Այթբերով, մինչեւ մեր բուն զրույցին անցնելը, ուզում եմ շնորհավորել ձեզ Տոկիոյի օլիմպիադայում ավար մարզիկների փայլուն հաղթանակի առիթով, որոնք վաստակել են մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ՝ Ռուսաստանի հավաքականի կազմում:

– Անչափ շնորհակալ եմ: Իսկապես մեր մարզիկները, 1,3 միլիոն բնակչությամբ ավարների ներկայացուցիչները՝ Հյուսիսային եւ հարավային Կովկասում ապրող, փայլուն հանդես եկան օլիմպիադայում եւ ոգեւորեցին մեր քաղաքացիներին իրենց հաջողություններով:

– Խնդրում եմ հայկական լսարանին ներկայացնել, թե Հարավային Կովկասի որ հատվածներն են համարվում բնիկ դաղստանցիների բնակության վայրեր, ինչ ազգությունների ու կրոնի ներկայացուցիչներ են նրանք:

– Հարավային Կովկասում էթնիկ դաղստանցիներին ներկայացնում են ա) լեզգիները, որոնք ունեն իրենց հսկայական գյուղերը սարերում եւ Գաբալինյան շրջանի մերձլեռնային հատվածներում, ինչը համընկնում է Կովկասյան Ալբանիայի տարածքի հետ, նաեւ ապրում են արեւմտյան Մերձկասպիական մասում (Ադրբեջանի Հանրապետության Կուսարյան, Խաչմազյան շրջաններում, որոշ չափով էլ Կուբինյան շրջանում),ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Մոսկվա մայրուղու հատվածում,որտեղ նույնպես լեզգիական գյուղեր կան:

բ) ավարներ, որոնք 3000-50000 բնակչությամբ խոշոր բնակավայրեր ունեն Ադրբեջանի Հանրապետության Բելոկանյան եւ Զակատալյան շրջաններում, գ) վրացական ավարներ, որոնք միջին մեծության բնակավայրերում ապրում են Վրաստանի Կվարելյան հատվածում, դ) էթնոսներ, որոնք մոտ են լեզգիներին եւ ապրում են Շախդագում (Ադրբեջանի Կուբինյան շրջան), ինչպես նաեւ Կախեթական եւ Զակատալյան շրջաններում: Համարյա բոլոր էթնիկ դաղստանցիները շաֆիական սուննիներ են, ինչպես քրդերի մեծամասնությունը: Շաֆիականությունը տարածված է Ինդոնեզիայում, հարավային Եմենում, Իրանի թալիշների շրջանում; Դաղստանի սահմանին գտնվող Լեզգիական Խազրա (լեզգիերեն՝ Յարգուն) գյուղում բազմաթիվ լեզգիախոս շիաներ կան: Իսկ ուդիները, ինչպես հայտնի է բոլորին, քրիստոնյաներ են:

– Իսկ իրենից ի՞նչ է ներկայացնում Դաղստանի ադրբեջանական բնակչությունը:

– Դա ա) Դերբենդի քաղաքային բնակչությունն է, որոնք «մագալյան» Սեֆեվիդյան Իրանից ներգաղթյալների ժառանգներն են, մի մասն էլ թյուրքացած քրդեր են՝ Նադիր շահի ժամանակվանից բռնագաղթածներ, այդ քրդերը սուննիներ են, դերբենդցիների շրջանում կան նաեւ Դաղստանի լեռներից տեղափոխվածների թյուրքացած սերունդներ, որոնց մոտ վերջին շրջանում ազգային ինքնագիտակցության արթնացում է նկատվում:

բ) Մախաչկալայի եւ Խասավյուրտի բնակչությունը, որոնք նույնպես իրենց կազմում քրդական էլեմենտ ունեն եւ 20-րդ դարի սկզբներին Իրանից տեղափոխվածների սերունդները: Նրանց մեծ մասը 20-րդ դարի 30-ականներին գրանցվել է իբրեւ կումիկներ եւ «կումիկյան քվոտայով» բարձր պաշտոններ է զբաղեցնում, սակայն մարդաբանական տեսանկյունից նրանք տարբերվում են կումիկներից, որովհետեւ իրականում իրանցիներ են: Դաղստանի կառավարության ղեկավարներից երկուսը եղել են այդ էթնիկական միջավայրի ներկայացուցիչ եւ լավ հուշեր են թողել որպես արժանապատիվ մարդիկ ու լավ ղեկավարներ:

գ) լեռնային ադրբեջանցիներ, որոնք շաֆիական սուննիներ են, բնակվում են Դերբենդի շրջանի նախալեռնային ու լեռնային հատվածում, Տաբասարանյան շրջանի մի մասում ու Ռուտուլ գյուղում: Նրանց մեջ առկա է թաթ-իրանյան եւ դաղստանյան էթնիկ էլեմենտ, հիմնականում տաբասարանյան, բայց կան նաեւ ասիմիլիացված ավարներ: Նրանք իրենց համարում եմ թուրքեր, սելջուկ զավթողների սերունդներ: Ամենաքիչը ադրբեջանական երկու գյուղերում՝ Վերին Ջալգան եւ Ներքին Միտագի, թաթերի լեզուն հրաշալի պահպանվել է, թեեւ կրթությունն ու հասարակական գործունեությունը իրականացվում է ադրբեջաներենով:

դ) թերեքեմյաններ, որոնք 17-րդ դարում վերաբնակեցվել են ներկայիս Ադրբեջանի տարածքում ու սուննիներ են: Ադրբեջանական համայնք կա նաեւ Կզլյարյան շրջանում, այսինքն՝ Թերեքից այն կողմ, եւ նրանք շիաներ են:

– Արդյոք դա մեկ ա՞զգ է, որին միավորում է ընդհանուր պատմությունը, որքա՞ն է նրանց թիվը՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետությունում էթնիկ դաղստանցիների թիվը:

– Առաջիկա մարդահամարի ժամանակ, երբ ամբողջ Դաղստանը գիտի, որ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները ճնշում են ավարներին եւ լեզգիներին, Դաղստանի Հանրապետության ավարները հավանաբար կբաժանվեն, եթե իհարկե Բաքվի իշխանությունները չդիմեն Մախաչկալային՝ բարձր մակարդակի համառ խնդրանքով՝ պահպանելու միասնությունը. թուրքերի (Դերբենդի եւ Ռուտուլի սուննիներ), Դերբենտի շիաական ադրբեջանցիների եւ իրանցիների, թեեւ նրանք անգամ արտաքնապես բավականին տարբերվում են միմյանցից: Մարդիկ, որոնք հիշում են իրենց լեռնային ու թաթական արմատները, առաջին հերթին տաբասարանցիները, դժվար թե ցանկանան գրանցվել որպես ադրբեջանցի…

Այժմ թվաքանակի մասին: Ադրբեջանում էթնիկ դաղստանցիների թիվը որոշելու համար նախ եւ առաջ պետք է համատեղ գործեն ԿՎՀ-ն ու MI-6-ը: Սարսափելի, միեւնույն ժամանակ հիմար մեքենայություններ են այնտեղ իրականացնում: Լեզգիների թվի մասին ես չէ, որ պիտի խոսեմ, ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից նրանց թիվը երկու անգամ փոքր է ներկայացված թղթի վրա: Իսկ ավարների մասին հետեւյալը կասեմ. բանն այն է, որ ռուսական Դաղստանի սահմաններում վերջին հարյուր տարում ավարների թիվն աճել է հինգ անգամ, ինչպես հյուսիսային Կովկասի մյուս ժողովուրդներինը, այդպես էլ Դաղստանի ադրբեջանցիներինը:

«Եղբայրական» Ադրբեջանում անընդհատ ընդլայնվող մոնոէթնիկ գյուղերում, ըստ Բաքվի «մաթեմատիկոսների» նրանց թիվը 2 %-ից էլ պակաս է, եւ սա այն դեպքում, երբ այդպիսին էր թիվը դեռեւս 1912 թ.: Գաղտնիքն այն է,որ հատկապես պետական կառույցներից մարդահամարի վարչությունում հատկապես թուրքական ֆաշիզմն ուժեղ եւ ընդգծված է:

– Վերջերս համացանցի ադրբեջանական տիրույթի տարբեր «ճյուղերում» քննարկվում էին Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումները՝ թյուրքիզմի առումով շահեկանության տեսանկյունից: Ադրբեջանցի բլոգերները, որոնք ինչպես հայտնի է, աշխատում են «վերադասների» թույլտվության եւ «տանիքի» տակ, միաձայն «հարձակվել» էին ազգությամբ լեզգի վերլուծաբան Ռուսլան Կուրբանովի վրա՝ նրան անվանելով՝ ГРУ-իշնիկ, СВР-ի սան եւ այլն: Ինչ է իրենից ներկայացնում Դաղստանում մեծացած այդ վերլուծաբանը, որը քանիցս բացահայտ հանդես է եկել պռոալիեւյան դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

– Ես Կուրբանովին անձամբ չեմ ճանաչում, չեմ էլ տեսել: Բայց լսել եմ, որ Ղարաբաղյան պատերազմի օրերին իրավիճակի վերաբերյալ հնչեցրած նրա գնահատականներն ու ելույթները հայկական միջավայրում տարակուսանք ու վրդովմունք են առաջացրել; Ինձ եւս զանգել է երեւանաբնակ գիտական մի հեղինակություն ու խիստ քննադատել Կուրբանովին: Կարող եմ ասել, որ նա լեզգի հասարակության կողմից եւս հանրային կոշտ քննադատության է արժանացել: Այնուհետեւ ՖԲ-ում հրապարակում հայտնվեց ազգությամբ լեզգի ադրբեջանական գործակալների ցուցակի մասին, որը ստորագրված էր լեզգի հասարակական գործչի կողմից: Այնտեղ կար մի իգական սեռի ադրբեջանական գործակալի անուն, կար նաեւ Կուրբանովի անունը: Այլ տեղեկություններ չունեմ:

– Վերջին շրջանում իբր պետական ազդեցությունից ազատ ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվացրել են կորցրած տարածքների հարցը, այնտեղ դժգոհություններ կան՝ Հայաստանին, Իրանին, Վրաստանին եւ ՌԴ-ին ուղղված, շեշտադրված է հատկապես Դերբենդյան խանության հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դերբենդի շրջանը դուրս է իմ գիտական հետաքրքրությունների շրջանակից, միեւնույն ժամանակ հպարտությամբ կարող եմ նշել, որ արաբական աղբյուրներում հայտնաբերել եմ փաստեր՝ Իմամկուլի-բեկի կյանքից, որը Դերբենդը հանձնել է Պետրոս Առաջինին, Դերբենդ-Կուբինյան խան Ֆաթաալիին եւ կովկասցիներին հայտնի նրա որդուն՝ Շիխալի խանին, որը ռուսական կայսրության անհաշտ թշնամին էր: Սրանք փաստեր են, որոնց մասին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան տեղյակ չէ: Այսպիսով` նյութերը մշակելիս ես տեղեկացա Դերբենդյան խանության մասին, եւ այս հանգամանքն ինձ ստիպում է զարմանալ, թե ինչպես է գովազդվում «ադրբեջանական խանությունը»:

Խանական շրջանում Դերբենդ քաղաքում ապրել են ղզլբաշ ռազմիկների ժառանգները՝ մուկրի քրդերը, իսկ տասնութերորդ դարի վերջում քաղաքի ներսում հանդիպում ենք նաեւ հայերի եւ իրանախոս հրեաների: Դերբենդում պետական գրագրությունն իրականացվում էր պարսկերեն եւ արաբերեն լեզուներով, զինվորական դասն էլ բաղկացած էր ադրբեջանախոս ղզլբաշներից ու լեզգիներից: Գյուղացիները քիչ էին, նրանք խոսում էին ադրբեջաներեն եւ թաթերեն: Խաները, հողատարածքների սեփականատերերը դարգիններն էին: Նրանք եկել էին Դաղստանի Հանրապետության ներկայիս Դախադաևսկի շրջանից, Ուրցմուցի ամրոցից, որը հայտնի է որպես Կալաքորեյշ: Ադրբեջանում ապրում է ոմն Ասաֆ խան, որն իրեն ներկայացնում է որպես Շիխալի խանի հետնորդ: Այդ, այսպես կոչված «արքայազնը» ղեկավարում է Ֆաթալի խանի Կուբին-դերբենդյան հիմնադրամը: Համարձակվում եմ մտածել, որ նա ծրագրեր ունի կապված խանական հողերի հետ, չէ որ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: Մինչդեռ, նա նույնիսկ չգիտեր, թե որտեղ է թաղված Ռուսաստանի դեմ կռված այդ խանը, մինչեւ ես չասացի, նույնիսկ նրա ազգությունը չգիտեր:

Ի դեպ, արտաքուստ էլ այդ Ասաֆ խանը ոչ թե դարգինի է նման, այլ Իրանի ադրբեջանցու: Շիխալի խանի իրական ժառանգներն ապրում են Դաղստանում եւ իրենց համարում են դարգինյան ավարներ, այսինքն՝ լեռնային ծագում ունեցողներ:Այնպես որ իրավացի էր ազգությամբ դարգին Ռասուլ Մագոմեդովը՝ Դաղստանի պատմագրության հայրը, երբ Դերբենդյան խանությունը բնորոշում էր որպես Դաղստանի հասարակական-քաղաքական միավոր:

– Իսկ Անդրկովկասյան ավարների բնակության տարածքը Ադրբեջանի ո՞ր խանության կազմում էր եւ ինչպիսի՞ն էր այնտեղ ավարների սոցիալական կարգավիճակը:

– Բաքվի որոշ ազդեցիկ գիտնականներտպագիր հրատարակությունների միջոցով տարածում են Շեքիի խանության կազմում Անդրկովկասյան Ավարստանի մուտք գործելու վարկածը՝ օգտվելով ռուսական որոշ խմբերի ծախվածությունից: Բայց անդրկովկասյան ավարները 18-րդ դարում, այնուհետեւ 19-րդ դարի սկզբին ստեղծել էին միանգամայն անկախ անդրկովսասյան պետություն, որի օրենքները՝ գրված 1752 թ արաբերենով, ինչպես նաեւ պետական արխիվի զգալի մասը, պահպանվել են: Վերջին Սեֆավիդների օրոք ավարների տարածքները մտել են իրանական Կախեթիի կազմի մեջ: 18-րդ դարի սկզբին ավարական զորքերը պարտության մատնեցին վրաց իշխանական զորքերին, այնուհետեւ ջախջախեցին Կախեթիի թագավորի բանակը, որից հետո վերջինս պարտավորություն ստանձնեց Հարավային Կովկասի ավարներին տարեկան տուրք վճարել:

1728 թվականին, երբ օսմանյան բանակը մտավ Անդրկովկաս, Ստամբուլում բարձրացվեց Անդրկովկասյան Ավարստանի կարգավիճակի հարցը, և այնտեղ, սուլթանական դիվանի հանդիպման ժամանակ, ավարյան հողերը ճանաչվեցին որպես թրքական կամ քրդական խանությունից, ինչպես նաեւ Թիֆլիսից լիովին անկախ: Հաստատվեցին Հարավային Կովկասի Ավարական պետության սահմանները (մոտավորապես 5 հազար կմ): Մինչև Ռուսաստանի հաստատումը, ավելի ճիշտ ՝ մինչև 2-րդ ռուս-պարսկական պատերազմի ավարտը, ավարները հազարավոր հեկտար հարթավայրային հողերի սեփականատերերն էին, որտեղ աշխատում էին մահմեդական վրացիներն ու թյուրք-մուգալները:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031