Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն գրող չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի դիմագիծը փոխանցել. Արմեն Շեկոյանի պոեզիան հետո ավելի են սիրելու. «Ազգ»

Օգոստոս 13,2021 10:53

Ես համոզված եմ, որ գրողի առաքելությունն իր ժամանակը փրկելն ու իրենից հետո եկողներին փոխանցելն է: Ի՞նչ գիտենք մեր անցյալի, նույնիսկ դարավոր անցյալի մասին, միայն այն, ինչ նկարագրվել է գրավոր եւ մշակութային ստեղծագործությունների միջոցով: Այս առումով ամեն գրող եւ բանաստեղծ չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի ուրվագիծը, դիմագիծը, խորքային եւ մյուս ժամանակներից տարբերվող նկարագիրը փոխանցել: Դա արել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը, որ հուլիսի վերջին ցավալիորեն կնքեց իր մահկանացունՙ ընդամենը 68 տարեկանում:

Չնայած նրա ստեղծագործության հանդեպ բանավեճերին՝ նա երկար չի մոռացվի եւ միգուցե տարիների հետ նրա ստեղծած գրականության ողջ նշանակալիությունն ավելի գնահատվի, քանի որ նրա «Երեւան հյուրանոցն» ու «Հայկական ժամանակը», նրա ողջ պոեզիան մեր ողջ կյանքի միկրոաշխարհներ են՝ այնտեղ արձանագրված իրական, փաստական կերպարների նշանակալիության, կերպարների մեծաթվության առումով, անընդգրկելի ծավալից սկսած՝ մինչեւ զուտ շեկոյանական պատկերավորություն ու շեկոյանական ինքնատիպություն: Նրա արձակը դեռեւս սպասում է իր գնահատականին, բայց պոեզիան ճանաչելի ու սիրելի է այն աստիճան, որ բերանացի մեջբերումների քանակի առումով կխամրեցներ ժամանակակից տիտղոսավոր բանաստեղծներից շատերին: Նրա պոեզիան սոսկ բանաստեղծական արվեստի նմուշների ամբողջություն չէ, այլ նրա բնածին հումորի, նրա ներքին անկախությանՙ ոչ մի խմբի չպատկանելիության, լայնությամբ ու խորությամբ ժամանակն ու նրա մարդկանց տեսնող նրա հայացքի պոետիկ փոխարկում, դեպքերի եւ իրադարձությունների ժամանակագրություն: Կան շատ ժամանակակից բանաստեղծներ, միգուցե, ինչպես ասում են՝ իրենց բարձր գրականության ներկայացուցիչ դասողներ, բազմաթիվ մրցանակներ արդարացի ու անարդար վերցնողներ, սակայն նրանք բոլորն էլ կարող են նախանձել Արմենին, քամի որ նրանց գործերը բերանացի չեն հիշում, իսկ Արմենինը հիշում են եւ սիրում: Օրինակՙ նրա պոեզիայի նկատմամբ իմ սերը ես փոխանցել եմ նաեւ զավակներիս, գիտեմ, որ մեր ընդհանուր ընկերներից շատերն են այդպես վարվել:

Իսկ վերջին տարիներին նրա գրած արձակ ստեղծագործության՝ «Հայկական ժամանակի» ողջ նշանակությունը (որպես ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն, այլեւ որպես ժամանակի վավերագիր, որպես իր սերնդի շատ անունների, շատ դեմքերի մասին տեղեկությունների եւ կենսակերպի փոխանցիչ) փորձել է բացել հենց ինքը, Շեկոյանը, այսպիսի սրտառուչ բացատրությամբ.

– Երբ վերջերս սկսեցի վրա-վրա պատմվածքներ տպագրել մեր, էսպես կոչված, նոր ժամանակների մասին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իմ էդ պատմվածքները շատ դաժան են, եւ որՙ ես, փաստորեն, մեր էս նոր կյանքից վերցնում եմ բացառապես բացասական ու վատ բաները եւ, ուրեմն, լավատեսական ոչ մի լիցք չեմ հաղորդում իմ ընթերցողներին: Ես, իհարկե, չեմ պատրաստվում կիսել էդ կարծիքը, որովհետեւ իմ էդ պատմվածքներում, ճիշտ է, պատկերել եմ նաեւ խեղճուկրակ մարդկանց, որոնք, պատրաստ չլինելով նոր ժամանակներին, փաստորեն կանգնեցին փաստի առաջ, բայց, այդուհանդերձ, ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենք՝ այսինքն պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան:

Անկեղծ ու ազնիվ, իր՝ Արմեն Շեկոյանի պես:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031