Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանական խայթոցներին զուգահեռ

Օգոստոս 13,2021 10:00

Թե ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, դրան ինչ պատասխանեց Ալեն Սիմոնյանը, դա ինչ արձագանք գտավ Աննա Մկրտչյանի մոտ եւ դրան ինչ «հուժկու հակահարված» տվեց Ռուբեն Ռուբինյանը՝ դա հետաքրքիր է այսօր: Երեք օրից նման միջադեպերի մասին մոռանալու են, իսկ երեք տարուց, հնարավոր է՝ նաեւ պատգամավորներին չհիշեն: Հայաստանում կան նույնիսկ ԱԺ նախկին նախագահներ, որոնց մասին շատերն արդեն մոռացել են:

1990-95 թվականների Գերագույն խորհուրդն, օրինակ, ինձ համար հիշարժան է. Հակասություններն այն ժամանակ ավելի խորն էին, բայց դրանք կրում էին քաղաքական, գաղափարական բնույթ՝ ես չեմ հիշում, որ պատգամավորներն իջնեին անձնական կոմպրոմատների մակարդակին, խոսեին միմյանց մասնավոր կյանքի եւ ընտանիքների մասին:

Այսօրվա պատգամավորների զգալի մասը ելույթ է ունենում «դեղին մամուլի» ոճով՝ ով ում մասին կկարողանա ավելի վարկաբեկիչ փաստ հրապարակել: Այս սերնդի օրենսդիրները ֆեյսբուքյան դարաշրջանի զավակներ են՝ ստատուս-մեկնաբանություն-հակամեկնաբանություն-սրտիկներ-լայքեր-ջղային սմայլիկներ:

Այդ ամենն ինքնին մեծ խնդիր չի՝ այսօր կան, վաղը չկան: Վաղը գուցե գան ոչ այդքան մակերեսային մտածողություն ունեցող քաղաքական գործիչներ: Ես այլ տեղ եմ խնդիր տեսնում՝ այդ անիմաստ աղմուկի ընթացքում կարող են տեղի ունենալ մեր պետության համար անշրջելի գործընթացներ, որոնց հետեւանքները, եթե անգամ երբեւէ վերացվեն, ապա դրա համար պետք կլինեն մի քանի սերնդի համառ ջանքեր, զրկանքներ, գուցե նաեւ կյանքեր: Ինչ նկատի ունեմ. 1/ «սահմանազատման» եւ «սահմանագծման» անվան տակ Հայաստանի սահմանների փաստացի վերաձեւումը եւ 2/«բարեփոխումների» անվան տակ հայկական բանակի էական կրճատումը: Եթե դա տեղի ունենա, ապա չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ պիտի արվի՝ «անիվը հետ պտտեցնելու համար»:

Հնարավոր բացասական զարգացումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ ներկա իշխանությունը այդպես էլ չի հասկացել, թե որոնք ենք Ռուսաստանի իրական շահերն ու ձգտումները տարածաշրջանում եւ ինչպիսին է Կրեմլի գործելաոճը: Խորհրդարանական ընդդիմությունն էլ, հավանաբար, վախենալով ռուսների հետ հարաբերություններ փչացնել, չի փորձում բարձրաձայնել խնդիրները: Չեմ կարծում, թե որեւէ մեկի համար գաղտնիք է, թե ինչ են անում ՌԴ զինվորականներն հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ նրանք այժմ գտնվում են: Վստահ եմ, որ բավականին լայն շրջանակներին հայտնի է, թե ինչի է դրդում Կրեմլը մեր ղեկավարությանը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Պարզ է, որ այդ երկրի հետ պետք է զարգացնել համագործակցությունը, բայց ոչ այնպես, ինչպես որ դա հիմա է արվում՝ ամեն ինչին ասել «այո», իսկ հետո փորձել խաղեր տալ: Այդ գավառական «շուստրիությունը» միջազգային հարաբերություններում չի անցնում:

…Ցավոք սրտի, վարչապետն առաջվա պես ողջ խորությամբ չի գիտակցում, թե ինչեր է խոսում: Փաստորեն ասում է՝ որ չի ստացվում ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայել Հայաստանի սահմանի երկայնքով, թող, ուրեմն, ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները գան: Ավելի լավ է՝ թող այդ թեմաները շրջանցի եւ կենտրոնանա ներքին «դուրսպրծուկների» վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թուրքիոյ միջոցաւ, ՆԱՏՕն մտաւ Անդրկովկաս: Եւ յաղթեց:

    Խօսքը այլեւս վերացական «աշխարհա-քաղաքականութեան» մասին չէ: Այլ ուղղակի՝ ռազմական առաջխաղացքի: Մինչեւ Ռուսաստանի դրան առջեւը:

    Պատերազմական բախում տեղի ունեցաւ, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: ՆԱՏՕի գործօն անդամը ջախջախեց Ռուսաստանի proxy-ն: Հարաւային Կովկասի մէջ:

    Որեւէ վարկած կամ տեսութիւն, տրամաբանութեան ամէնտաէական մակարդակի վրայ, չի կրնար հիմնուիլ այն ենթադրութեան վրայ որ՝ տեղի ունեցածը, Ռուսաստանի կամքով է:

    2018-ի հետեւանքն է տեղի ունեցած Հայոց Աղէտը, այո: Բայց ոչ թէ Վրաստանի եւ Ուկրաինայի նախադէպերի նման: Ռուսաստանի պատիժը չէ, որ ստացանք: Դա խորապէս անտրամաբանական է:

    Վրաստանի եւ Ուկրաինայի մէջ, Ռուսաստանը, պատերազմական գետնի վրայ, բախումի մէջ է Արեւմուտքի ռազմական proxyներուն դէմ:

    Հայաստանի պարագային, ՆԱՏՕն, պատերազմական գետնի վրայ, բախումի մէջ է Ռւսաստանի ռազմական proxyին դէմ:

    Մեզ պատժելու համար, Ռուսատանի պիտի ուզէր որ ՆԱՏՕն մտնէ Հարաւային Կովկաս, եւ այդտեղ խորտակէ իր նախապաշտպանական վերջին պոստը ?!

    Այժմ ուրեմն, Հայաստանի վարչակարգի «յայտագիրը» պարզ է:

    Քանի որ խնդիրը այլեւս կը վերաբերի, ուղղակի՝ Ռուսաստանին, թող նա կատարէ, ինչ որ պէտք է: Իսկ իրենք, կը զբաղուին երկրի ներքին վիճակով, հարցերով:

    «Պետական» այս մօտեցումին հետեւանքն է, օրինակի համար՝ հայկական բանակը երկրորդական համարելը:

    (Արցախը նաեւ Ռուսաստանի խնդիրը լինելու նիւթով, 2013ին, Զորի Բալայանը իր պատմական բաց նամակով, ամէն բան բացատրած եւ նախատեսած էր: )

  2. Հայ մարդ says:

    Այն միտքը, որ՝ եթե «սահմանազատման» եւ «սահմանագծման» անվան տակ Հայաստանի սահմանների փաստացի վերաձեւումը եւ «բարեփոխումների» անվան տակ հայկական բանակի էական կրճատումը տեղի ունենա, ապա հետագայում չափազանց դժվար կլինի «անիվը հետ պտտեցնել», շատ արդիական, մտահոգիչ և հրատապ թեմա է: Անհրաժեշտ է, որպեսզի դրա դեմ պայքարը ստանձնեն առողջ միտք ունեցող և հայենիքի համար մտահոգվող ուժերը, այլ ոչ թե այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն արդեն ցույց տվեց իշխանության դեմ պայքարի իր անընդունակությունը և բավարարվեց միայն ԱԺ-ում մի քանի մանդատներ ունենալով և այսօր էլ զբաղված է ՔՊ-ի պատգամավորների հետ աղմկոտ վեճերի կլոունադայով, ինչպես նաև Աժ փոխխոսնակի և մշտական գործող հանձնաժողովներից երեքի նախագահների աթոռները վերցնելու հարցերով: Արդեն տեսանելի է, որ խորհրդարանական բոլոր երեք ուժերն էլ կատարելու են Կրեմլի ցուցումները և գոլորշի բաց թողնելու տեխնոլոգիայով փորձելու են մաշեցնել ժողովրդի ընդվզումը երկրի սահմանների վերաձևման, միջանցքների տրամադրման, բանակի կրճատման և այլ ազգադավ քայլերի դեմ պայքարում (ժողովրդին խաբելու ձևը գտել են՝ ինչպես միշտ, ԱԺ-ում մեղքն իրար վրա գցելու տեսարաններ կցուցադրեն):
    Անհրաժեշտ է, որ ազգային բոլոր առողջ ուժերն արթնանան, ակտիվանան և պատրաստ լինեն պայքարելու մեր պետական շահերի ցանկացած ոտնահարման դեմ: Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները (բացառությամբ՝ իշխանության հետ համագործակցողների), ազգային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև այն անհատներն ու վերլուծաբանները, որոնք հեղինակություն ունեն մամուլում և տարբեր կայքերում, պարտավոր են լինել ժողովրդի կողքին, այսօրվանից մտածեն վերը նշված հարցերում միմյանց հետ համախմբվելու, ինչպես նաև ժողովրդին համախմբելու ձևը գտնելու ուղղությամբ, որպեսզի կասեցնեն այն բոլոր զիջումները, որոնց այսօր գեղեցիկ անվանում են տալիս՝ իբր, տարածաշրջանի խախաղությունն ամրապնդող քայլեր:

    • Հ.Շ. says:

      Այո, այդ միտքը ի զօրու է, իրաւացի եւ հիմնաւորուած է:

      Սակայն վերլուծումը պէտք է մինչեւ ծայր տանիլ: Աւելի ամբողջական, պարզ ու յստակ խօսիլ:

      Այդ գործընթացը մերժել, նշանակում է՝ վերսկսիլ պատերազմը: Մինչ մենք պարտուած ենք, ջախջախիչ կերպով զգետնուած ենք, եւ ռազմական բաւարար ուժ չունինք – ոչ իսկ ընդհանրապէս մարտական որեւէ տրամադրութիւն -, ոչ իսկ փաստօրէն պահպանելու համար Հայաստանի տարածքը:

      Իսկ ամէն դէպքում, վարչակարգը խօսում է միայն հաշտութեան մասին, Թուրքիոյ եւ Ադրբեջանի հետ նորմալ յարաբերութիւններ հաստատելու մասին: Այդ է, կառավարական հաստատ, ոչ գաղտնի յայտագիրը: Ինչպէ՞ս կարելի է դա կիրառել, առանց «սահմանազատման» եւ «սահմանագծման»…

      Այս ամէնը լրիւ գիտնալով, հայաստանցիները այս վարչակարգը վերահաստատեցին: Նրա միմիակ այլընտրանքը, ամէն մարդ շատ լաւ գիտէր. սակայն այդ ուղղութեամբ ալ, անհրաժեշտ էր որ ամէն մարդ – սկսեալ այս թերթի յարգելի Խմբագրապետից -, կողմնորոշուէր. թէկուզ՝ «երկու չարեաց փոքրագոյնը» տրամաբանութեամբ:

      Եւ ոչ թէ, նոյնիսկ այս վարչակարգի վերարտադրումը չցանկացողը՝ զործնականօրէն նպաստէր այս վարչակարգի վերարտադրման, սատարելով այլ խմբակներ որոնք ակնյայտօրէն նուազագոյն շանսը իսկ չունէին խորհրդարան իսկ մուտք գործելու: Ու հիմա էլ գալ ու խօսիլ « սահմանազատման» եւ «սահմանագծման» գոյութենական վտանգների մասին: Մինչդեռ, ի միջի այլոց, հենց այդ մասնայատուկ գործընթացը, արդէն… սկսած էր այս վարչակարգը, ընտրութիւններէն առաջ ! Ուղղակի այդ նիւթով, աշխատանքային փաստաթուղթը իսկ, մէջտեղ ելած էր: Եւ այդ բացայայտումէն ետք, Փաշինյանը յստակօրէն յայտնած էր որ այո, այդ է՝ յաջորդ քայլը:

      Զինք ընտրողն ալ, իր քուէն՝ մէկ ու կէս տոկոսանոց խմբակներու վրայ պարապի տանողն ալ, ձեռնպահ մնացողն ալ, պարզապէս իրաւասու չեն այսօր քննադատելու այս վարչակարգը: Որ այս անգամ եւս, ճիշդ ինչպէս որ 2018-ին, ոեւէ մէկին իսկապէս չէր խաբած, բացէ ի բաց՝ յայտնած էր ամէն բան:

      Այսինքն, իրենք զիրենք 2018-ին «խաբուած» համարողները իսկ, այժմու կացութեան մէջ իսկ, նորէն սխալ դիրք բռնեցին: Կամ աւելի վատ՝ որեւէ դիրք չբռնեցին:

      Դեռ վրան ալ, այպանում եմ որ խորհրդարանային Ընդդիմութիւնը լաւ բաներ չի անում: Լաւ… Թող հրամմեն ուրեմն, արտախորհրդարանական այդ տասնեակներով իբրեւ թէ այս վարչակարգին դէմ եղողները: Պաշտօնական Ընդդիմութիւնը ինչ որ կարողացաւ անել փողոցում, ընտրութեան մասնակցելէ առաջ, դրա՝ տա՛սը տոկոսը թող ընեն «ոչ մէկը, ոչ միւսը» հանկերգը երգողները, բոլորը միասնաոար, յետոյ թող ասեն որ խորհրդարանում ընդդիմութիւնը բան չի անում:

  3. Լավատես says:

    Որպեսզի հասկանանք մեր անելիքները, պետք է պատկերացնենք ապագայում համաշխարհային ի՞նչ գործընթացներ են սպասվում, որոնք մեծ բացասական ազդեցություն կարող են ունենալ բոլոր ազգերի ու ժողովուրդների վրա’ մենք արդեն մեր կաշվի վրա դա զգում ենք: Իմ պատկերացմամբ, ընթանում են երկու հակադիր գլոբալ վերպետական պրոցեսներ, մի պրոցեսը’ անբարոյական, մարդատյաց, ապազգային, հակապետական, ընտանիքին դեմ եւ նման բաներ եւ մյուս գլոբալ պրոցեսը’ դա մարդկանց, ընտանիքների, ազգային պետությունների համախմբումն է գլոբալ վերպետական կառույցներում, որպեսզի արդյունավետ հակահարված ու նախահարված հասցնել թշնամի վերպետական գլոբալ ուժին: Այսօր պետք է բոլորս ընտրություն կատարենք, թե որ գլոբալ ուժին ենք պատկանում’ չեզոքություն չի լինի պահպանել: Իմ թեզը’ միայն ուժեղ թշնամին կարող է ուժեղ դաշնակից դառնալ նշանակում է, դաշնակից ընտրելուց առաջ պատերազմ հայտարարիր քո պոտենցիալ դաշնակցին, սա շատ լավ համատեղ զորավարժանք անցկացնելու հնարավորություն է: Պետությունները պետք է կատեգորիաների բաժանել, չի կարելի ունենալ թշնամի կամ դաշնակից գերհզոր պետություններից, երբ դու գերհզոր պետությունների կատեգորիային չես պատկանում: Այս վերջին պատերազմում մենք մեր հնարավորությունների տասը տոկոսն էլ չկիրառեցինք, այսինքն’ հայրենական պատերազմ չհայտարարվեց, իսկ թշնամի կողմը իր կատեգորիայով մեզ համապատասխանում էր, բայց սրանց էլ օգնեցին ավելի բարձր կատեգորիայի ուժեր, որոնք էլ հնարավորություն չտվեցին մեր կատեգորիայի թշնամուն որպես ազգ պետություն ձեւավորվեր’ անկախ պատերազմի արդյունքից: Ժամանակակից պատերազմները անօդաչու ինքնաթիռներով են տարվում, անտանկիստ տանկերով, արհեստական բանականությունից օգտվող բնական բանականությամբ գենշտաբով: Առաջարկս’ հայ սփյուռքի ցանցային պետության բանակը հարձակվում է հայ ոչցանցային պետության վրա անօդաչու եւ արհեստական բանականության զենքերով ու գենշտաբով եւ դաշնակից դառնում իրար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031