Տարբեր երկրներից Ռուսաստանի ԱԳՆ-ում հավատարմագրված արտասահմանցի լրագրողներին, որոնց թվում էի նաև ես, Ղրիմ էր հրավիրել «Արտեկ» միջազգային մանկական ճամբարը՝ «Такой разный язык дружбы» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է միջազգային հարթակներում երկխոսության եզրեր գտնել նաև պատանեկան դիվանագիտության լեզվով:
Ղրիմ այցելող լրագրողների խմբում, թերևս, լսարանի համար ամենահետաքրքիր և հարուստ նյութը հնարավորություն ունի հավաքելու հայ լրագրողը, քանի որ հայերը Ղրիմում հաստատված ազգերից ամենահինն և քանակությամբ մեծաթիվն են:
Հայկական հետքը Ղրիմում սկսվում է հենց այն պահին, երբ ինքնաթիռը վայրեջք է կատարում Սիմֆերոպոլի Հովհաննես Այվազովսկու անվան օդանավակայանում: Օդանավակայանի նոր և տպավորիչ մասնաշենքը կառուցվել է Ղրիմի ՌԴ կազմ ընդգրկվելուց հետո և, կոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով 2018 թվականին «Ռուսաստանի մեծ անունները» մրցույթի արդյունքում՝ ՌԴ նախագահի հատուկ հրամանով: Հատկանշական է, որ Ուկրաինայի խորհրդարանը իր հերթին 2015 թվականին ընդունել է որոշում, ըստ որի` օդանավակայանը Ուկրաինայում կրում է Սովետական Միության հերոս, ռազմական օդաչու Սուլթան Ամետ-Խանի անունը:
Ղրիմում հայերը սկսել են հաստատվել դեռևս 12-րդ դարից սկսած և, կարճ ժամանակ անց հայկական համայնքը այնքան է ստվարացել, որ եվրոպական պատմական տեղեկագրերում թերակղզին սկսել են հիշատակել, որպես Ծովային Հայաստան կամ Մեծ Հայաստան: Կայսրուհի Եկատերինա Մեծի օրոք՝ Ղրիմի Ռուսական Կայսրության տիրապետության տակ անցնելուց հետո, թերակղզում հայ ազգաբնակչությունը կրկնապատկվում է:
Կարդացեք նաև
Դարեր ի վեր, և նաև այսօր հայերը մեծ ազդեցություն և նշանակալից դերակատարություն են ունեցել ոչ միայն Ղրիմի տնտեսական և վարչակառավարական կյանքում, այլ նաև թողել են հարուստ պատմամշակութային ժառանգություն: Այսօր Ղրիմի ողջ տարածքում ՝ հատկապես հայաշատ Թեոդոսիա, Սուդակ և Հին Ղրիմ տեղանքում կարելի է գտնել տասնյակից ավել հայկական եկեղեցիներ, որոնց մի մասը, ցավոք, կիսավեր այլևս:
Եռօրյա այցի շրջանակներում, մենք հասցրեցինք այցելել միայն Յալթայի Սուրբ Հռիփսիմե: Ի տարբերություն մնացած հայկական տաճարների, որոնք մի քանի դարյա պատմություն ունեն, Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է 1905-1917 թվականներին: Այն կառուցել է Բաքվի մեծահարուստ, ծնունդով շուշեցի Պողոս Տեր-Ղուկասյանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմեի: Նախաgծել է այդ հոյակերտ տաճարը Գաբրիել Տեր-Միկելյանը, իսկ ներքին հարդարման աշխատանքները իրականացրել է Վարդգես Սուրենյանցը, որմ անձամբ է նկարազարդել եկեղեցու գմբեթը: Սուրենյանցի շիրմաքարը հենց եկեղեցու բակում է:
Յալթայի կենտրոնական՝ Եկատերինինսկի փողոցի վրա է գտնվում մեծանուն հայազգի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանը: Հոյակերտ այդ առանձնատունը 1899 թվին գնում է վաճառական Աֆանասի Սպենդիարովը՝ կոմպոզիտորի հայրը՝ վճարելով 57000 ռուբլի: Տունը հայր Սպենդիարյանի հարսանեկան նվերն էր որդուն: Սպենդիարյանը այդ տանը ապրում է մինչ իր Երևան տեղափոխվելը: Սպենդիարյանի տունը Յալթայի երաժշտական մշակույթի կենտրոնն էր և հանդիսանում էր ժամանակի մեծանուն կոմպոզիտորների հավաքատեղի:
«Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը գտնվում է Յալթայից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Սև ծովի չքնաղ ու գեղատեսիլ ափին: Ճամբարը հիմնադրվել է 1925 թվականին: Կենտրոնը զբաղեցնում է 218 հեկտար տարածք, որի մեջ ներառված են թվով ինը ճամբարային մասնաշենքերը՝ իրենց ճաշասրահներով, բուժկետով, դպրոցով, սպորտային հանգույցներով, գրադարանով (որի ֆոնդում առկա է 40 հազար կտոր գրականություն տարբեր լեզուներով) և աննկարագրելի հարուստ բուսականությամբ այգով:
Ճամբարն աշխատում է շուրջսեզոնային ռեժիմով և ընդունում է երեխաների 87 երկրներից, այդ թվում Հայաստանից: Ճիշտ է, Կովիդի համաճարակի պատճառով այս պահին դեռ նման հնարավորություն չկա, սակայն, ճամբարի ղեկավարությունը հույս հայտնեց, որ աշխատանքները այդ ուղղությամբ ընթացքի մեջ են: Ըստ կենտրոնի վիճակագրության, 2014-2019 ընկած ժամանակահատվածում Հայաստանից ճամբարում հանգստացել են թվով 174 պատանի, իսկ ընդհանուր թվով 201 343 երեխա 8-17 տարիքային ցենզում:
Ճամբարի ուղեգրերի միայն 5%-ն է հանդիսանում կոմերցիոն բնույթի, այսինքն՝ վճարովի: Մնացյալին կարող են արժանանալ այն պատանիները, ովքեր ունեն ինչ-ինչ ձեռքբերումներ կրթական ու սպորտի ոլորտներում և, ինչպես մեզ հետ զրույցում ընդգծեց ճամբարի հերթափոխի ղեկավար Տատյանա Մակարովան, երեխաները պետք է ընկալեն, որ ուղեգիրը դեպի «Արտեկ» պարգևատրում է լավ առաջադիմության համար:
Ճամբարում համարյա մեկ ամբողջ օր անցկացնելուց և տարբեր տարիքի երեխաների հետ շփվելուց հետո համոզվում ենք, որ «Արտեկը» իրավամբ առաջատարն է նմանօրինակ կենտրոնների շարքում, թե կրթադաստիարակչական ծրագրերի հագեցվածությամբ, թե աշխատակազմի պատրաստվածությամբ և, թե ինֆաստրուկտուրայի կատարելությամբ:
Ի դեպ, արտեկցիները գործուն մասնակցություն են ունեցել Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ին գերմանական ավիացիայի կողմից խոցված և Սև ծովում խորտակված լեգենդար «Армения» շոգենավի որոնողական աշխատանքներում: Երկարամյա որոնողական աշխատանքներից հետո միայն 2020 թվականին գիտնականների ծովային արշավախումբը կարողացավ գտնել այն:
Շոգենավի խորտակման պատմությունը ամենադրամատիկն է համարվում համաշխարհային պատմության էջերում, քանզի նավի վրա գտնվել են ոչ միայն 10 հազարից ավելի ուղևորներ (զինվորներ, բուժհոսպիտալներ, Արտեկի սաները և Սևաստոպոլից տարհանվածները), այլ նաև թանգարանային հազվագյուտ նմուշներ: Նավաբեկությունից փրկվել կարողացել են միայն վեց մարդ: Շոգենավը ջրի տակ է անցել ընդամենը չորս րոպեի ընթացքում:
Ինչ խոսք, Ղրիմի ամենաուշագրավ և վառ հայկական հետքը Թեոդոսիայում է՝ մեծանուն Հովհաննես և Գաբրիել Այվազովսկիների ծննդավայրում: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք այցելել Թեոդոսիա, սակայն, ամեն ինչ դեռ առջևում է:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ղրիմ