Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք է աշխույժ, գերաշխույժ պահել դեպի Ստեփանակերտ տանող, դեպի Ասկերան, դեպի Դադիվանք տանող ճանապարհները. «Ազգ»

Օգոստոս 13,2021 09:30

Օրերս տեղի ունեցավ, ինչպես ասում են՝ սիրված երգիչ Անդրեի ստեփանակերտյան համերգի շուրջ պայթած հերթական ֆեյսբուքամարտը: Ով կամ ովքեր էին հրահրողները՝ կարեւոր չէ: Որդեկորույս ծնողքի ընդվզումը՝ հասկանալի: Կարեւորը սակայն արցախյան ծագումով երգչի ցանկությունն էր իր հայրենակիցների հետ լինելու, երգի միջոցով Ստեփանակերտի Ազատության հրապարակում նրանց հետ ու նրանց համար սփոփանքի, հույսի ու հավատքի խոսք հնչեցնելու նրա փափագը: Վստահ եմ՝ երգիչը վարձատրված զգաց իրեն, երբ ծրագրված համերգի փոխարեն, Ղարաբաղա հորովելից հետո, միասնաբար Հայր մեր երգեց ներկա բազմության հետ ու տեսավ, ինչպես մենք, երիտասարդ աղջիկների արցունքակալած աչքերը…

Ճիշտ ժամանակն է, որ աշխարհահռչակ արվեստագետներ, հայ թե օտար, մեր կամերային ու սիմֆոնիկ նվագախմբերը իրենց լրիվ կազմով, նույն հրապարակի վրա հնչեցնեն հայ եւ համաշխարհային երաժշտության լավագույն գործերը: Հիշո՞ւմ եք 2008 թ.ի վրաց-օսեթական պատերազմից անմիջապես հետո հանճարեղ Գերգիեւի տված համերգը Ցխենվալի կառավարական ռմբակոծված տան դիմաց, Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ: Ոչ մի բան այդքան համոզիչ չէր կարող լինել համաշխարհային հանրային կարծիքի համար, որքան այդ միջոցառումը:

Բա կարելի՞ է ներկա պայմաններում Ստեփանակերտ գնալ, բա ազերինե՞րը, բա ռուս խաղաղապահնե՞րը, մտածում են շատերը: Ավելի՛ լավ՝ եթե խոչընդոտներ լինեն: Միջազգային հանրային կարծիքի վրա ավելի հայանպաստ ակցիա հնարավոր չէ երեւակայել, քան, ասենք, մի խումբ ջութակահարների ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակելը: Եվ ոչ միայն նրանց ճանապարհը: Մեզ պետք է աշխույժ, գերաշխույժ պահել դեպի Ստեփանակերտ տանող, դեպի Ասկերան, դեպի Դադիվանք տանող ճանապարհները, ի հակադրություն Շուշիում Ալիեւ-Էրդողան լորձունքախառն պաչ-պռոշտիների…

Երկրորդ բանը, որի կարիքն ունեն Ստեփանակերտն ու մեր ձեռքում եղած մյուս բնակավայրերը, աշխատատեղ ստեղծելն է: Միայն դրանով է կարելի առաջքն առնել տարերային արտագաղթի, եւ ոչ թե խորհրդարանային ճառերով ու գզվռտոցով:

Հայտնի է, որ վերջին պատերազմից առաջ Արցախում գլխավոր գործատուն Պաշտպանության բանակն էր,- ահա եւս ճակատագրական մի սխալ, թերացում, հանցավոր բացթողում: Մարդը ամեն բանից առաջ հացի պետք ունի: Իսկ հաց տվողը աշխատանքն է, աշխատատեղ ստեղծելը: Երեկվա, այսօրվա ու վաղվա հրամայական պահանջը Արցախում միջին տարողության մի քանի ձեռնարկություն ստեղծելն է, նախընտրաբարՙ քիչ հումքատար, քիչ էներգատար եւ շատ աշխատատար ձեռնարկություններ, որոնք զլացվել էին մեզ սովետական ամբողջ 70 տարիների ընթացքում, երբ ամենահարազատ մետաքսագործությունն անգամ խափանվել էր Բաքվի կողմիցՙ Ստեփանակերտի նշանավոր մետաքսի գործարանի ներկման արտադրամասը Գանձակ տեղափոխելով:

Արտադրություն, աշխատատեղ, կայուն եկամուտ. Արցախը ընդմիշտ պահելու միակ ճանապարհն է: Եվ այդ ճանապարհի առաջին կերտիչները պետք է լինեն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները հիմնականում ռուսաստանյան հզոր բանկերի միջոցով ու երաշխավորությամբ, այդպիսով ապահովագրված լինելով հետագա հնարավոր բարդություններից:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031