Երիտասարդական մայրաքաղաք Կապանում երիտասարդության տոնին նվիրված միջոցառումները սկսվեցին հեծանվավազքով։ «Տեն կացեք, կյամըմ» խորագրով ոչ մրցույթային հեծանվավազքին 30 ավելի աղջիկներ ու տղաներ մասնակցեցին։
Մտահղացումը՝ «Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությանն էր, որը Կապանում հիմք է դրել հեծանվասպորտի զարգացմանը։ «Ձեզ չէ, որ պիտի ասենք հեծանիվի կարեւորության մասին, նրա օգտակարություն մասին, հեծանիվ վարելով առողջ ենք լինում նաեւ հոգեպես։ Ինչպես ասում են Կապանում՝ հեծանիվ քշե՝ տրամդ պեցվե։ Տարածեք ձեր փորձը, որ հաջորդ անգամ ավելի շատ հեծանվորդներ տեսնենք այս արահետում»,–ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Կարդացեք նաև
Վերջում մասնակիցներից 6 հոգու պատահական ընտրությամբ տրվեցին խրախուսական նվերներ։
Կեսօրից հետո մարդաշատ էր Կապանի երկրագիտական թանգարանը։ Բաց դռների օր էր հայտարարվել, որից հետո «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ համատեղ թանգարանում անցկացվեց «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը, որից հետո կազմակերպվեց քննարկում։ Այստեղ էլ մրցույթ–քննարկմանը ակտիվ մասնակցածներին նվիրեցին գրքի օրինակներից։
Երեկոյան քաղաքում տեղադրված տաղավարներում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, օրը կեզրափակվի «Առիթմիա» բենդ եւ Միշոյի ելույթով, ինչպես նաեւ բացօթյա դիսկոտեկով։
Երիտասարդական փառատոնի կազմակերպմանը աջակցել էին` ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Կապանի համայնքապետարանը։
Հիշեցնենք, որ 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 12-ը հռչակեց որպես Երիտասարդության միջազգային օր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ