Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպանը՝ սկանդալի կիզակետում

Օգոստոս 12,2021 17:43

«Ազատություն». Լուսանկարը՝ ռուս-իրանական դիվանագիտական սկանդալի պատճառ․ այսպես կարելի է բնութագրել այն իրադարձությունները, որ ծավալվել են Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևան Ճաղարյանի շուրջ վերջին երկու օրերին։

Երեկ երեկոյան Իրանում Ռուսաստանի դեսպանության թվիթերյան օգտահաշվում մի կարճ հաղորդագրություն զետեղվեց, որով ռուսաստանցի դիվանագետները տեղեկացնում էին, որ դեսպան Ճաղարյանը հանդիպել է իր նորանշանակ բրիտանացի պաշտոնակցի՝ Սայմոն Շերկլիֆի հետ։ Այս հաղորդագրությունը թերևս աննկատ մնար, եթե Ռուսաստանի դեսպանատունը չորոշեր այն ուղեկցել մի լուսանկարով, որը ժամանակակից լեզվով ավելի ճիշտ կլիներ պատմական իրադարձության վերականգնում կամ այսպես կոչված «ռեկոնստրուկցիա» անվանել։

Լևան Ճաղարյանն ու Սայմոն Շերկլիֆը լուսանկարվել էին Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա՝ այն նույն վայրում, որտեղ 78 տարի առաջ,1943 թվականի դեկտեմբերին, Թեհրանի կոնֆերանսի ընթացքում, նկարահանվել էին հակահիտլերյան կոալիցիայի երեք առաջնորդները՝ Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

Պատմական զուգահեռներն էլ ավելի ցայտուն դարձնելու համար Ռուսաստանի դեսպանության լրատվական բաժինը Ճաղարյանին և Շերկլիֆին որոշել էր լուսանկարել հնաոճ բազկաթոռներում նստած՝ նրանց միջև տեղադրելով նաև երրորդ, դատարկ, պայմանականորեն ասած, Ռուզվելտի բազկաթոռը։

Տրամաբանությունը հուշում է, որ այդ մի բազկաթոռում էլ պետք է նստած լիներ Իրանում ԱՄՆ դեսպանը, ինչը, սակայն, հնարավոր չէր շատ պարզ մի պատճառով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը դիվանագիտական հարաբերությունները խզել են դեռ 40 տարի առաջ։

Դժվար է ասել, արդյոք փորձառու դիվանագետներն այս ֆոտոսեսիայի ընթացքում պատկերացնում էին, թե ինչ արձագանքի այն կարժանանա իրանական իշխանությունների կողմից, սակայն սկանդալը ծագեց գրեթե ակնթարթորեն․ լուսանկարի հրապարակումից բառացիորեն մի քանի ժամ անց, երբ Թեհրանում արդեն ուշ գիշեր էր, Թվիթերում գրառում կատարեց արտգործնախարարի պաշտոնում վերջին օրերն աշխատող Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Այսօր ես մի ծայրահեղ անպատեհ լուսանկար տեսա։ Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի օգոստոսը ոչ 1941 թվականի օգոստոսն է, ոչ էլ 1943-ի դեկտեմբերը», – գրել է Զարիֆը՝ հավելելով․ – «Իրանի ժողովուրդը ի ցույց է դրել այն իրողությունը, որ իր ճակատագիրն այլևս երբեք չի կարող որոշվել օտարերկրյա տերությունների կամ դեսպանությունների կողմից»։

Իրանական կողմի նման արձագանքը պատահական չէ։ Բանն այն է, որ եթե արևմտյան կամ խորհրդային պատմագրության մեջ Թեհրանի կոնֆերանսը միանշանական դրական լույսի ներքո է ներկայացվում, ապա իրանցիների տեսանկյունից այն մեծ տերությունների կողմից իրենց երկրի նվաստացումների խորհրդանիշերից մեկն է։ 1941 թվականի օգոստոսից Իրանի տարածքը գտնվում էր Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության համատեղ օկուպացիայի ներքո։

Լուսանկարում՝ Լևան Ճաղարյանն ու Սայմոն Շերկլիֆը՝ Իրանում Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա, այն նույն վայրում, որտեղ 78 տարի առաջ Թեհրանի կոնֆերանսին նկարվել էին Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031