«Այո, ես կառավարության անդամ էի այդ ժամանակ։ Պարոն Ռուբինյան, հիշեցնեմ ձեզ, որ պաշտոնաթող նախագահներին բնակարանով ապահովման, եւ ոչ միայն բնակարանով, այլեւ սոցիալական պաշտպանությամբ ապահովելու մասին օրենքն ընդունվել է 1996թ․-ի փետրվարի 19-ին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք՝ Ռուբինյանը կարծիք էր հայտնել, թե նախկինում ՀՅԴ-ն եւ Մինասյանը դեմ չեն եղել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տուն տրամադրվի կառավարական ամառանոցից։
Մինասյանը նշեց․ «Այդ ժամանակ, երբ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ՀՅԴ-ի գործունեությունն ապօրինաբար կասեցված էր։ Եթե պահանջ ունեք ներկայացնելու, թե ինչու է այս օրենքն ընդունվել, արդեն պարզ է, թե ում պետք է այն ներկայացնեք։ Այս օրենքի կատարման ապահովման շրջանակում մինչեւ 2018թ․ մարտի 7-ը, երբ ձեր կողմից հնարավոր իշխանափոխության մասին խոսք չկար, այս օրենքում շատ փոփոխություններ են կատարվել։ 2018թ․-ին, երբ այդ առանձնատունը հատկացվում էր Սերժ Սարգսյանին, ապրիլի 19-ի կառավարության հենց առաջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր դրանից։ Դուք այդ ժամանակ չկայիք, իշխանափոխություն չկար։ Սա է ճշմարտությունը, ինչո՞ւ եք գլխով շարժում, ես փաստերով եմ խոսում։ Այո, գուցե հանրային տրամադրություններն ազդեցին, բայց սա է ճշմարտությունը։ Ի վերջո, պետության պարտավորությունն է պաշտոնաթող նախագահին տարածքով ապահովելը։ Սա բոլոր նախագահներին է վերաբերում։ Իսկ դուք նայեք, թե ձեր օրոք ինչ արտոնություններ եք սահմանել վարչապետի համար»։
Արծվիկ Մինասյանը նաեւ հավելեց․ «Ի դեպ, դուք եւ նրանք, ովքեր իրենց շահառու են համարում։ Մոռացաք այս ամբիոնից ասել, որ այսօր նաեւ Ջորջ Սորոսի ծննդյան օրն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ