Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Lufthansa» ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները, ընդգծվել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները։
Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրների միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։
«Lufthansa» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում «Lufthansa» ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից «Lufthansa» ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերությունների մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն