Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշվառվածներից 90390 մարդ աշխատանք փնտրող է, իսկ գործազուրկների թիվը 61356 է. Ժորա Սարգսյան

Օգոստոս 12,2021 15:40

Այսօր կառավարության նիստի ընթացքում ընդունվեց նոր որոշում, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից աջակցություն կստանան։

Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի  համար գործատուին տրամադրվում է ՝

1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված  եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով,

2) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Այս որոշման մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում մանրամասներ ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Հաջորդիվ նախատեսվում է նաեւ բյուջեի հաստատումը, որից հետո ծրագիրը կիրագործվի: Սա լինելու է ուղիղ աջակցություն գործատուին, որն ընդունել է աշխատանքի նման շահառուի: Աշխատաշուկայի ներկայիս իրավիճակի մասով կարող եմ ասել այն տվյալները, որոնք հաշվառված են մեզ մոտ, ըստ որի՝ հաշվառված են 90390 մարդ, որպես աշխատանք փնտրող, գործազուրկների թիվն էլ 61356: Տարբերությունը աշխատանք փնտրողի եւ գործազուրկի այն է, որ փնտրողները ներկա պահին ունեն աշխատանք, սակայն ցանկանում են փոխել կամ գործատուն պատրաստվում է աշխատանքից հեռացնել, որի համար նրանք մեր միջոցով փորձում են կրկին աշխատանք ձեռքբերել: Ցավոք նախորդ տարվա համեմատ՝ մի փոքր աճել են այս թվերը, մասնավորապես 3.1 տոկոսով կամ 2712 հոգով ավելացել է աշխատանք փնտրող անձանց թիվը եւ մոտավորապես 1.8 տոկոսով կամ 1133 հոգով ավելացել է գործազուրկների թիվը, որոնք հաշվառվել են մեզ մոտ:

Ուզում եմ նշել, որ մեզ մոտ իրականացվում են մի շարք զբաղվածության պետական ծրագրեր, որոնք ուղղված են հենց աշխատանքի տեղավորմանն աջակցելուն, ոչ միայն այս կերպ ենք փորձում աշխատանքի տեղավորել դիմած անձանց, այլեւ ուղեգրերի տեսքով կամ ստեղծելով ուղիղ հարթակ, որպեսզի գործատուներն ու գործատուները հանդիպեն իրար»,- ասում է Ժորա Սարգսյանը:

Այս առնչությամբ կան կոնկրետ ցուցանիշներ, որոնք վերջին 7 ամիսների տվյալներն են, նախատեսված 4027 ծրագրից, արդեն իսկ իրականցվել է 2243-ը, այստեղ կան ծրագրեր, որոնք միտված են կոնկրետ արցախահայության համար: Ընդհանուր առմամբ այս տարվա ծրագրերը, որոնք իրականացվում են՝ 9-նն են, որոնցից 2-ը արցախահայության համար է, իսկ մնացածը ՀՀ քաղաքացիների:

«Արցախահայության համար ծրագրերը մշակել ենք այս տարի, հաշվի առնելով պատերազմն ու դրա հետեւանքները, ասեմ, որ բավականին ակտիվ մեկնարկ ունեցանք եւ այս պահին էլ ծրագրերը շարունակում են իրականացնել: Շուրջ 290 հոգի արցախահայությունից պրակտիկայի միջոցով տեղավորվել է աշխատանքի: Նշենք, որ այս դեպքում գործատուի փոխարեն պետությունն է աշխատավարձ տալիս՝ 100 հազար ՀՀ դրամի սահմանում, բացի դա՝ այդպես վճարվում են հարկերը, որպեսզի գործատուն կարողանա ամբողջական 100 հազարը տրամադրել աշխատողին: Այս ընթացքում ուղեգրերի միջոցով եւս կարողացել ենք աշխատանքի տեղավորել, որոնց թիվը կազմել է 679: Եթե վերջին տվյալները դիտարկենք, ապա դինամիկան դրական է եւ վերջին բոլոր ամիսների ընթացքում նախորդ ամսվա համեմատ՝ գրանցել ենք աճ՝ համաձայն Պետեկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունների: Կարելի է ասել՝ այս պահին ունենք մեծ ցուցանիշ աշխատողների մասով»:

Կարելի է ասել՝ կեսից ավելին արվել է այս տարվա համար նախատեսվածից, մի մասը սեզոնային զբաղվածության ծրագրեր են, այսինքն՝ կարճաժամկետ, որոնք հիմնականում իրականցվում են մարզերում, այս մասով իրականացվել է 903 ծրագիր, անգամ ավելին, քան տարվա համար նախատեսված էր: «Արդյունավետության մասով, կարող եմ ասել, որ կան խնդիրներ՝ մի մասը դժգոհությունների տեսքով, որոնք հիմնականում այն մասով են, թե ինչու իրենց համար եւս չենք իրականացնում այս ծրագիրը, այսինքն՝ ծրագրից ցանկանում են օգտվել ավելի շատ մարդիկ, քան կարողանում ենք իրականացնել, մի պարզ պատճառով՝ ամեն տարի հաստատվում է կոնկրետ քանակ ու բյուջե, պահանջարկի դեպքում էլ կիրառում ենք առաջնահերթություններ, որոնց հիման վրա էլ իրականացնում ենք մնացածը: Իսկ դժգոհությունները փոշիացման մասով՝ որեւիցե գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ ինչպես նշեցի՝ նման բողոքների չէ, որ բախվում ենք, այլ նրան, որ որոշ մարդիկ դուրս են մնացել այս ծրագրից»:

Ըստ պարոն Սարգսյանի` ցանկացած ծրագիր, որն իրականացնում են՝ ունի բանաձեւ, ըստ որի՝ իրականացնում են հաշվարկները, այստեղ կան ցուցանիշներ, օրինակ՝ կայուն զբաղվածության, որը գրանցվում է այն դեպքում, երբ իրենց միջոցով աշխատանքի տեղավորված շահառուն՝ մեկ տարի է արդեն, ինչ աշխատում է եւ ունի կայուն աշխատանքային հարաբերություններ: Սեզոնային զբաղվածության ծրագրի համար էլ նախատեսված է 180 օր, այսինքն՝ 6 ամիս: «Ունենք պրակտիկայի ծրագիր, որը մինչեւ 3 ամիս է: Կան ծրագրեր, որոնք ուղիղ նպատակ չեն հետապնդում աշխատանքի տեղավորման, այլ միտված են որակավորման բարձրացման, հետագայում աշխատանքի տեղավորումը թողնելով շահառուի վրա, նման ծրագիր է նաեւ ուսուցման ծրագիրը, որի պարագայում իրենց վերապատրաստում ենք, վճարում ենք կրթաթոշակն ու վերապատրաստողի գումարը,: Այստեղից մենք կարող ենք օգնել շահառուին, բայց դրա համար պարտադիր ծրագիր չկա նախատեսված, սակայն մենք լինում ենք հետեւողական, թե ով տեղավորվեց աշխատանքի, ով ոչ: Չհաշված, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում՝ կա ստվերային զբաղվածություն, որոնք հիմնականում ստվերում են աշխատում եւ չգրանցված են, որոնց համար ծրագրեր եւս ունենք, օրինակ՝ հնարավորություն է տրվում մայրերին գործատուի մոտ պրակտիկա անցնել, հետագայում տեղավորվելով աշխատանքի: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ծրագիրը հաջողել է»,- ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031